Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐ «ԹՐԵՅՆԻՆԳՈ՞Վ» ՊԵՏՔ Է ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՓՈԽՎԵՆ

Մարտ 12,2010 00:00

\"\"Մոտավորապես այս էր Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում եղած առաջարկություններից մեկի առնչությամբ:

Մարտի 8-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել էր 2008թ. հետընտրական, այդ թվում՝ մարտիմեկյան, իրադարձություններից հետո՝ 2008-ի ապրիլից մինչեւ 2009-ի հուլիսը, տեղի ունեցած թվով 109 ամբաստանյալների գործով ընդհանուր առմամբ 93 դատավարությունների ընթացքի դիտարկումների արդյունքը հանդիսացող մեծածավալ զեկույց: Այստեղ այսպիսի արձանագրումներ կային. նախաքննության ընթացքում մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը՝ մարտյան իրադարձություններից հետո կալանավորում էին անխտիր բոլոր կասկածյալներին, խախտվել է անմեղության կանխավարկածը, որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը եւ դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, երբեմն դատավորներն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը, դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը, խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով:

Այս աղաղակող արձանագրումներին զուգահեռ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայաստանյան արդարադատության համակարգում առկա, մեղմ ասած՝ թերությունները վերացնելու ուղղությամբ ՀՀ իշխանություններին ուղղված խորհրդատվություն-առաջարկություններ էին արել: Օրինակ՝ դատական համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան բարեփոխելու համար վերանայել դատաիրավական ոլորտի օրենսդրությունը, այդ թվում նաեւ «Քրեական դատավարության օրենսգիրքը», կար նաեւ այսպիսի առաջարկ՝ «դատավորների համար օգտակար կլինեն անաչառ եւ մասնագիտական վարքագծի հմտությունների ամրապնդմանն ուղղված հետագա դասընթացները»:

Հատկապես այդ վերջինը չէր վրիպել «Հայաստանի քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեի» անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի ուշադրությունից. «Ես բավարարված չեմ այդ զեկույցից, որովհետեւ այնտեղ, սկզբնամասում՝ նախաբան-ամփոփման մեջ, ուղղակի ծիծաղելի ձեւակերպումներ կան: Զեկույցի հեղինակները, պարզվում է, գտնում են, որ եթե որոշ «թրեյնինգներ» անցկացվեն դատավորների հետ, ապա դատական համակարգում եղած թերությունները կարելի է վերացնել: Ես հասկանում եմ, որ իրենք (նկատի ունի դիտորդներին- Ն. Մ.) իրենց ոճի մեջ են, բայց կարելի էր, այնուամենայնիվ, այնպես գրել, որ մարդիկ էլ հասկանային՝ այդ «թերությունները» ոչ թե համակարգի, այլ երկրի պրոբլեմն է, այդ պրոբլեմը երկրում իշխանությունը բռնազավթած իշխանության մեջ է: Սրանք փորձում են ակադեմիական ոճով լուծումներ առաջարկել դատական համակարգը բարեփոխելու համար: Դատական համակարգը չէ, որ պետք է բարելավել, այլ երկիրը ազատել բռնապետությունից, իսկ մնացածն արդեն ստորադաս բաներ են»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցի առնչությամբ զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով եւս հիշյալ կոմիտեի հիմնադիր անդամներից մեկն է: Իրավապաշտպանի դիտարկմամբ, դիտորդներն արձանագրել են այն իրավիճակը, որն իրականում կա մեր դատարաններում. «Այլ բան նրանք չէին էլ կարող արձանագրել, որովհետեւ որեւէ օրինական բան մեր դատարաններում չի էլ կատարվում, որ հնարավոր լիներ արձանագրել: Բայց նույնիսկ նրանք ինչ-ինչ, ամենայն հավանականությամբ՝ քաղաքական, նկատառումներից ելնելով իրենց զեկույցը հրապարակեցին ոչ այն ժամանակ, երբ զեկույցը պատրաստ էր եւ պետք է հրապարակվեր: Դա պետք է արվեր դեռ անցած տարի, աշնանը, բայց զեկույցը հրապարակեցին հիմա, ինչը այդքան մեծ արձագանք չունի: Այն արդյունքը, որ պետք է տար այդ զեկույցը, այսօր, գոնե Հայաստանի ներսում, չի տալիս: Այլ խնդիր է, որ դրսում՝ միջազգային կազմակերպություններում, զեկույցն, իհարկե, կաշխատի, կօգտագործվի համապատասխան կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա ինչ-ինչ հարցերում նաեւ որպես ճնշման միջոց»:

Իսկ ի՞նչ կփոխվեր, եթե զեկույցը հրապարակված լիներ մեկ կամ կես տարի առաջ: Իրավապաշտպանի ասելով, ամեն ինչ պետք է արվի ճիշտ ժամանակին. «Հատկապես միջազգային կազմակերպությունների արձագանքի դեպքում ոչինչ չպետք է հետաձգվի՝ այն պարզ պատճառով, որ դրա բացակայության պայմաններում դատարանների ապօրինի վճիռներով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մարդկանց ճակատագրեր կանխորոշվեցին: Ամեն ինչ ժամանակին պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ կանխել այդ ապօրինի եւ քաղաքական դատավճիռները: Իսկ արդեն այսօր այդ անազնիվ եւ անարդար դատարաններին, ըստ էության, հնարավորություն է տրվել իրենց սեւ գործն ավարտին հասցնել: Չեմ կարծում, իհարկե, թե մեկ զեկույցով հնարավոր էր կանխել կամ առավել եւս արգելել դա, բայց գոնե նրանք իրենց լուման կունենային այդ կամայականությունները զսպելու գործում»:

Ինչ վերաբերում է դատավորների համար ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ զեկույցում նշված առաջարկին, ապա՝ Վ. Հարությունյանի դիտարկմամբ, դա դեղատոմս չէ: «Ես կարծում եմ, որ այդ հարցում թրեյնինգը չի փրկի, ավելի կարեւոր է դատավորների դաստիարակությունը, աշխարհընկալումը: Եթե դատավորը առավոտյան արթնանում է ու գիտի, որ պետք է կատարի որեւէ մեկի՝ քաղաքական գործչի, պաշտոնյայի, համակարգի հրահանգը, եթե դատավորը կարծում է, որ ինքը օրենքից դուրս պետք է ծառայի իշխանությանը՝ նրա համար ինչքան թրեյնինգ ուզում ես կազմակերպի»,- ասաց իրավապաշտպանը: Այդուհանդերձ, նա կարծիք հայտնեց, թե՝ զեկույցն իր ազդեցությունն ինչ-որ տեղ կունենա նաեւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: «Ես վստահ եմ, որ բոլոր քաղբանտարկյալներն են դրսում հայտնվելու ե՛ւ այդ զեկույցի, ե՛ւ «դրսի», ե՛ւ «ներսի» ճնշումների արդյունքում: Ավելին, վստահ եմ, որ բոլոր նրանցից, ովքեր ազատ են արձակվելու, այս իշխանությունները դեռ ներողություն են խնդրելու»,- հայտարարեց Վարդան Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել