Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մարտ 12,2010 00:00

\"\"Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ուշացած է համարում

Այսօր «Հելսինկյան ընկերակցություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակը, որի ղեկավարն իրավապաշտպան Միքայել Դանիելյանն է, հրապարակելու է 2009 թվականի իր տարեկան զեկույցը, որն առաջին անգամ ներկայացվելու է շնորհանդեսի միջոցով: Ինչպես Մ. Դանիելյանն ասաց, նաեւ առաջին անգամ է, որ իրենք որոշել են տարեկան զեկույցը հրապարակել ոչ միայն ընկերակցության կայքում, այլեւ տպագիր տարբերակով: 145 էջանոց զեկույցում մի առանձին գլուխ նվիրված է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին ու այդ գործերով տեղի ունեցած դատավարություններին, անդրադարձ կա նաեւ հայաստանյան դատական համակարգին, խոշտանգումներին, կրոնական փոքրամասնությունների խնդիրներին, թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններին, նաեւ հավաքների ազատության հիմնախնդրին ու իրավապաշտպանների, լրագրողների դեմ բռնություններին ու հետապնդումներին: Այն, որ այդ զեկույցը ՀՀ իշխանություններին, իրավապահ եւ դատական համակարգերին հաստատ դուր չի գալու, թերեւս, երաշխավորված է: «Հելսինկյան ընկերակցության» այս մի զեկույցը տպագրվելու է երկու լեզուներով՝ հայերեն եւ անգլերեն: Առաջին անգամ զեկույցի վրա աշխատել են Ընկերակցության երիտասարդ անդամները: «Այս անգամ որոշեցինք զեկույցը տպագիր տարբերակով հրապարակել եւ բաժանել ինչպես շնորհանդեսի մասնակիցներին, այնպես էլ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսին, պետության առաջին դեմքերը հանդիսացող պաշտոնյաներին, միջազգային բոլոր կազմակերպություններին, տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում գործող դեսպանություններին: Ի դեպ, նրանք բոլորը զեկույցի շնորհանդեսին հրավիրված են»,- ասաց Դանիելյանը: Իսկ մեր հարցին, թե՝ ինչո՞ւ է Ընկերակցությունն այս անգամ որոշել նման ներկայացուցչական տարբերակով զեկույց հրապարակել, իրավապաշտպանն այսպես պատճառաբանեց. «Երբ ծանոթանում ես մեր տեղական իրավապաշտպան այլ կազմակերպությունների կողմից տպագիր տարբերակով հրապարակված, իբր, զեկույցներին՝ զարմանում ես, թե որքան մակերեսային են դրանք: Այդ զեկույցներում, որոնք լավագույն դեպքում մի քանի տասնյակ էջ են պարունակում, ըստ էության, ոչինչ չկա աղաղակող իրավախախտումների մասին՝ այն դեպքում, երբ մեր երկրում մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները խիստ սահմանափակ են, որտեղ ժողովրդավարության մակարդակը շատ ցածր է: Մեր այս զեկույցի հրապարակմամբ մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում հիմնախնդիրները Հայաստանում շատ-շատ են ու մտահոգիչ են, եւ ամոթ է, երբ երկիրն իրավական առումով անմխիթար վիճակում է, իսկ մեր իրավապաշտպան կազմակերպությունները դրա մասին չեն գրում»:

Ի տարբերություն այս շաբաթ հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, Մ. Դանիելյանն ասաց, թե Ընկերակցությունն իր զեկույցում դեղատոմսեր չի առաջարկելու, իշխանություններին չի հորդորելու բարեփոխել այս կամ այն օրենքը կամ դատավորների համար «թրեյնինգներ» կազմակերպել, որովհետեւ մեր երկրի պարագայում դա անիմաստ է. միեւնույն է՝ օրենքները «բարեփոխում» են այն մարդիկ, ովքեր նաեւ այդ օրինախախտումների թիկունքում են կանգնած եւ օրենսդրությունը բարեփոխելու փոխարեն՝ դա էլ ավելի վատն են դարձնում: «Մենք միայն ներկայացնում ենք Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության առկա վիճակը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, ապա մենք, նաեւ «Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը» դեռ անցյալ տարի էինք ԵԱՀԿ-ին ուղղված մի հայտարարություն հրապարակել, որով կոչ էինք արել այդ կառույցին հրապարակել իր զեկույցը: Հիմա դա, իմ կարծիքով, ուշացած զեկույց է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, կարծում եմ, պարտավոր էր անցյալ տարի միջանկյալ զեկույց հրապարակել՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե քաղկալանավորների գործերով դատարաններում ինչ է կատարվում: Ստացվեց, որ զեկույցը հրապարակվեց ուղղակի զեկույց հրապարակելու համար: ԵԱՀԿ-ն հիմա գրում է, որ այդ դատավարությունները խախտումներով են ընթացել: Սպասում էին, որ խախտումները լինեն, խախտումով եւ մեծ մասամբ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտեն, որ հետո նո՞ր զեկույց հրապարակեն: Միջանկյալ զեկույց պետք է ավելի վաղ հրապարակվեր, որով, գոնե, փորձ կարվեր կանխել այդ ապօրինությունները»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել