(Սկիզբը՝ նախորդ համարում)
Թումանյանի «Կռնատ աղջիկը» հեքիաթում ամուսնու քրոջը տնից դուրս հանելու համար հարսը մորթում է հարազատ երեխային եւ մեղքը բարդում տալի վրա: Տեգոր կանայք այսօր չեն ապրում մի հարկի տակ, ընդհանուր կենսատարածք չունեն, եւ այստեղ նրանց փոխհարաբերություններին անդրադառնալն իմաստ չունի: Ուշագրավ է երկու եւ ավելի քույրերի փոխհարաբերությունները. քույրերն իրենց ագրեսիվությունն ասեկոսեների ու վեճերի տեսքով պարպում են՝ եղբոր կնոջը վարկաբեկելով: Եթե չունեն եղբայր, բնականաբար, սկսում են ներքուստ մրցակցել իրենց քրոջ արտաքինի, սիրո, ամուսնու, ընտանիքի, ունեցվածքի չափանիշների շուրջ: Եթե քրոջ իրավիճակն ավելի բարվոք է, քան իրենցը, ապա սկսվում է անվերջանալի չարախոսություն ամուսնու, երեխաների ու բախտի նկատմամբ: Որոշ ազգականուհիներ կարող են առիթը բաց չթողնել խեթելու իրենց քրոջը՝ անհաջող ամուսնության համար, հիշեցնելով, որ նախկինում իրենք մարգարեացել էին անբավարար խելքի եւ փեսայի վատ հատկանիշների առնչությամբ: Փեսա-զոքանչ հարաբերություններում կնոջ մայրը, ձգտելով իր աղջկան ավելի ապահով ու պաշտպանված տեսնել, փորձում է մատրիկալ գերազանցության հասնել ոչ միայն փեսայի, այլեւ նրա ողջ ընտանիքի նկատմամբ: Դա խանգարում է փեսայի կողմից իրականացնելու իր լենսասոցիալական դերակատարումը, ինչը նրա մոտ առաջացնում է անբավարարվածություն եւ լարված հոգեվիճակ: Կին-ամուսին հարաբերությունում կանայք իրենց ամուսնուն անիծում են, «թաղում-հանում» են, «հողում են գլուխը» կամ էլ չարությունն ուղղորդում երեխաների դեմ: Հայտարարում, որ իր «լակոտը» «այլանդակ» հորն է քաշել, երազում են «թաղել արեւը», «պատանքը կարել», «քոքը կտրել» եւ այլն: Ձգտում են ուղարկել «գրողի ծոցը» (գրողը Տիր աստվածն է, որն իր մոտ գրանցում է մեռյալների աշխարհ գնացողներին): Կամ էլ հակառակորդին «զահրումար» են առաջարկում, այսինքն՝ օձի թույն: Ավելի խոսուն արտահայտություններ, որոնցում երազում են իրենց հակառակորդի մահն ապահովել, թերեւս, չեն գտնվի: 14 տարեկան մի աղջիկ պատմեց, որ երբ իրենից ջուր են խնդրում իրեն դուր չեկող մարդիկ, ինքը թաքուն թքում է բաժակի մեջ ու նոր մատուցում ջուրը: Թուքը բոլոր կենդանի օրգանիզմների համար էլ մարսողական համակարգի նախնական բաղկացուցիչն է: Նրա միջոցով սկսվում է հակառակորդի ոչնչացումն ու յուրացումը: Խոսքի մեջ կան նման արտահայտություններ՝ «թքեմ նամուսիդ», «թքեմ երեսիդ»: Ըստ էության, այս աղջիկը նման ձեւով ոչնչացնում է իրեն անդուր, իրեն աշխատեցնող մարդկանց: Նույն երեւույթն է դիտվում նաեւ հայհոյանքների հետ կապված. գիտակցական ու բարոյական վերահսկումը կորցրած մարդիկ ֆիզիոլոգիական ակտերի ու արտազատումների միջոցով փորձում են ոչնչացնել հակառակորդին կամ էլ նրա «ես»-ը: Կենցաղային որոշ կոնֆլիկտներ կարող են վերածվել ողբերգությունների եւ կարիք ունենալ իրավաքրեական միջամտության: Օրինակ, «Համլետում» Շեքսպիրը չի անդրադառնում սպանությունների քրեաիրավական բնութագրերին, նրա հերոսները հաղթում կամ պատժվում են այլաբանորեն: Նույնն ենք տեսնում նաեւ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելում. ո՛չ Նինվեի դատարանն է Շամիրամին պատասխանատվության կանչում ամուսնուն սպանելու համար, ո՛չ էլ միջազգային դատարանը՝ հարեւան պետության դեմ պատերազմ սանձազերծելու համար: Սակայն նա, այնուամենայնիվ, դուրս է մղվում մարդկային հասարակությունից ու տեղափոխվում մեկ այլ միջավայր: Շամիրամյան առասպելաշարում որդու հասունանալով՝ Շամիրամի մոտ թուլացել է մայրական բնազդը: Ամուսնու մեծանալը տվյալ կնոջ մոտ առաջացրել է անբավարարվածության զգացում, Շամիրամի համար ամուսնական կապը դադարել էր ցանկալի լինելուց եւ որպես փոխադարձ պարտականությունների համակարգ, վերածվել բռնության կապանքի:
Շարունակելի