Լրահոս
Օրվա լրահոսը

Արհամարհե՛ք կպչուն մտքերը

Մարտ 11,2010 00:00

Խորհուրդ է տալիս նյարդաբանը

\"\"

Գարունը, լինելով անցումային շրջան, առաջ է բերում սթրես, սրվում են հատկապես հոգեկան, սրտանոթային հիվանդությունները, քանի որ տարվա այս փուլը նաեւ սիրո շրջան է համարվում, ակտիվություն է դրսեւորվում նաեւ հորմոնալ, հուզական ոլորտում: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ, հոգեբան Սամվել Խուդոյանը առանձնացնելով սթրեսի առաջացման սեռային, տարիքային առանձնահատկությունները, նշեց, որ տղամարդկանց սթրեսները տարբերվում են կանանց մոտ առաջացած սթրեսներից. «Օրինակ՝ 23-24 տարեկանում զգայունությունը հիմնականում սեփական արտաքինի ու սիրո խնդիրների հետ է կապված, 37-40 տարեկան շրջանում մեծ քանակ են կազմում մարմնական հիվանդությունները, այս շրջանում որոշ ամուսնական զույգեր սկսում են բաժանվել, իսկ 55-56 տարեկանից սկսած՝ սթրեսները կապված են հիմնականում մահվան թեմաների հետ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մեղմ ձմեռը հիվանդությունների քչացման պատճառ դառնա, հոգեբանը պատասխանեց. «Ինչպիսի ձմեռ էլ լինի, այս շրջանում հիվանդությունները գրեթե նույն քանակով են լինում, կապ չունի, թե ինչպիսի ձմեռ է: Աշնանային կամ գարնանային անցումային փուլերում տեղի ունեցող «հեղափոխությունները» տեղով սթրեսի դրսեւորումներ են»:
Նյարդաբանական կլինիկայի եւ հանրապետական էպիլեպտոլոգիական կենտրոնի ղեկավար Գայանե Մելիքյանը հայտնեց, որ եղանակային անցումները ընդգծված տարբերություններ չեն բերում, եւ իր պրակտիկայում մարդիկ ոչ միայն անցումային փուլերում են դիմում մասնագետների միջամտությանը, ընդ որում՝ 10 այցելուից 7-ի մոտ լինում են պանիկայի, նեւրոտիկ երեւույթներ: Նյարդաբանը ամենատարածվածներից առանձնացրեց ընտանեկան, աշխատանքային սթրեսները, սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմաններից առաջացածը, մասնավորապես, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում: Այս դեպքում, ըստ նյարդաբանի՝ «Կանայք շատ դժվար են հանդուրժողականություն ձեռք բերում, եւ սթրեսների հիմնական պատճառը ընտանեկան խնդիրներն են»: Նյարդաբանը գտնում է նաեւ, որ սթրեսն ամենքին բնորոշ երեւույթ է, եւ եթե օրգանիզմը ինչ-որ ձեւով պատասխանում է դրան, նորմալ է, սակայն եթե նման երեւույթների հանդեպ օրգանիզմը կորցնում է ադապտացիոն հատկությունները, առաջանում են պաթոլոգիկ վիճակներ:
Հարց հնչեց՝ արդյո՞ք ճիշտ է տարածված կարծիքը, թե մարդիկ ցույցերին մասնակցում են, որպեսզի իրենց միջից հանեն սթրեսը: Ս. Խուդոյանն այս մասին ասաց. «Սրանում ճշմարտություն կա: Սովորաբար նման դեպքերում մարդիկ փորձում են լիցքաթափվել, իրենց համար ներդաշնակ բաներ լսել: Երբ մարդն իրենից դժգոհ է, կարող է դա վերագրել երկրին, եւ որտեղ հաստատվում է իր տեսակետը՝ մարդը ձգտում է այդ բալանսին»:
Իսկ հաջորդ հարցին՝ կարո՞ղ են նեւրոզներ լինել քաղաքական հողի վրա, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ նման դեպքերը մեզանում, բարեբախտաբար, մասսայական բնույթ չեն կրում, բայց, օրինակ, հոկտեմբերի 27-ի, քաղաքական բանտարկյալների դեպքերից հետո մեծ թվով մարդիկ սթրեսային ռեակցիաներով սկսել են դիմել բժիշկներին:
Գ. Մելիքյանի փոխանցմամբ, վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ սթրեսային հիվանդությունների հետեւանքով իրենց դիմելու մակարդակը ավելանալու միտում ունի: Ըստ մասնագետի՝ նյարդաբաններին դիմողների մեծ մասը կանայք են, բայց քիչ չեն նաեւ տղամարդիկ:
Մյուս հարցին էլ, թե տղամարդկանց կողմից նյարդաբանի դիմելու ցածր մակարդակը արդյո՞ք կապված է այն հանգամանքի հետ, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի բարդույթավորված են, Գ. Մելիքյանը հավաստիացրեց, որ հայերն արդեն ազատվել են նման բարդույթներից:
Հոգեբան Ս. Խուդոյանն էլ մարդկանց խորհուրդ տվեց սթրեսային վիճակներից խուսափելու համար ավելի շատ զբաղվել ոչ միայն առավոտյան մարմնամարզությամբ, այլեւ հոգու կոփմամբ: Ըստ հոգեբանի՝ շատ կարեւոր է նաեւ մարդկանց շփումը, շարժումը, քունը: Նյարդաբանն էլ հավելեց, որ դեմ է հոգեբանական վիճակները երկարաժամկետ դեղերով բուժելուն եւ մարդկանց խորհուրդ տվեց արհամարհել առաջ եկած կպչուն մտքերը եւ չխորանալ դրանց մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել