Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունում Լիլիթ Գալոյանը տեղ է զբաղեցնում առաջատարների տասնյակում:
Կանանց մրցապայքարում հանդես եկող հայաստանցի շախմատիստուհին չորրորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Վալենտինա Գունինային՝ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ միանգամից 13 աստիճան եւ հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան):
Մեր հանրապետության մյուս շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
49. Էլինա Դանիելյան 2,5 միավոր
77. Նելլի Աղինյան 2,0
84. Լիլիթ Մկրտչյան 2,0
130. Անահիտ Խառատյան 1,0:
Տղամարդկանց առաջնությունում առայժմ ամենից հաջող հանդես է գալիս 3,0 միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա 27-րդն է: Սակայն նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցել են նաեւ Գաբրիել Սարգսյանը՝ 39-րդ տեղ, Հրանտ Մելքումյանը՝ 40-րդ, Տիգրան Պետրոսյանը՝ 51-րդ եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ 57-րդ: Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը եւ բազմափորձ Վլադիմիր Հակոբյանը առայժմ 2,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 84-րդ եւ 99-րդ հորիզոնականներում:
Երեկ Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի օրն էր: