Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Մարտ 11,2010 00:00

Տարվա այս ժամանակաշրջանում Հայաստանի ֆուտբոլային բոլոր թիմերը զբաղված են նոր մրցաշրջանին նախապատրաստվելով: Գաղտնիք չէ, որ մրցաշրջանի ընթացքում գրանցվելիք թե հաջողությունները, թե ձախողումները մեծապես կախված են հենց նախամրցաշրջանային պատրաստվածության որակից, արդյունավետությունից: Երկու շաբաթից մեկնարկում է մրցաշրջան-2010-ը եւ ժամանակն է ներկայացնել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարել ու կատարում հայկական ակումբները:
Բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսն» արդեն երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել Արարատի «Այգ» մարզաբազայում: Հիմա արդեն թիմն անցել է խաղերին անմիջականորեն պատրաստվելու փուլ եւ մարտի 6-ին մեկնել վերջին յոթնօրյա հավաքի՝ վրացական Ուռեկի: Այնտեղ «Իմպուլսը» երկու ստուգողական հանդիպում է անցկացնելու Վրաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից Սամտրեդիայի «Լոկոմոտիվի» ու առաջին խմբի «Կոլխեթի» (Փոթի) թիմերի հետ: Վերջինը պայքարում է բարձրագույն խումբ տեղափոխվելու համար:
Երեւանի «Կիլիկիան», ի տարբերություն «Իմպուլսի», ոչ միայն արտասահմանյան հավաքների չի մեկնել, այլեւ ողջ նախապատրաստական շրջանն անցկացրել է Երեւանում: Թիմը Աբրահամ Խաշմանյանի ու ֆիզպատրաստվածության գծով նրա օգնական Արմեն Տոնոյանի գլխավորությամբ մարզվել է Հրազդան մարզադաշտում եւ «Կիլիկիա» մարզադահլիճում: Ֆուտբոլիստները մարզվել են օրական մեկ-երկու անգամ, երկկողմանի ու ստուգողական հադիպումներ անցկացրել:
Գյումրիի «Շիրակը» նույնպես ողջ նախապատրաստական փուլն անցկացրել է Հայաստանում: Եղանակային բարենպաստ պայմանները «Շիրակին» թույլ տվեցին մարզվել ոչ միայն Գյումրիի ֆուտբոլի դպրոցի մարզադահլիճում, այլեւ՝ քաղաքային մարզադաշտում: Թիմը մի շարք ստուգողական հանդիպումներ է անցկացրել մյուս ակումբների հետ, որոնց ընթացքում մարզչական կազմը փորձարկել է ակումբի դուստր թիմի մի շարք խաղացողների:
Մարզային թիմերից մյուսը՝ «Գանձասարը», նախ 12-օրյա հավաք է անցկացրել Արարատի «Այգ» մարզաբազայում, ապա մեկնել Աշգաբադ՝ հանդես գալու Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությանը, որտեղ Կապանի թիմը երկու պարտություն է կրել ու մի խաղ ավարտել ոչ-ոքի՝ դուրս մնալով հետագա պայքարից: Փոխարենը՝ թիմը մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացրել: Այժմ կապանցիները վերջին հավաքն են անցկացնում մրցաշրջանի մեկնարկից առաջ ու կրկին՝ «Այգ» մարզաբազայում: Նախատեսվում է եւս 3 ստուգողական հանդիպում, սակայն մրցակիցների անունները դեռ հայտնի չեն։ Թիմն այժմ գլխավորում է Ալբերտ Սարգսյանը, քանի որ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը Դոնեցկում մասնակցում է մարզչական սեմինարի:
Երեւանի «Ուլիսը» մարտի 4-ին է վերադարձել Ուռեկիից, որտեղ փետրվարի 19-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրել է հինգ հանդիպում: Դրանցից երեքում Սեւադա Արզումանյանի սաները հաղթանակ են տոնել, իսկ երկուսն ավարտել ոչ-ոքի: Ընդ որում, վերջին ոչ-ոքին «Ուլիսը» գրանցել է Թբիլիսիի «Դինամոյի» հետ՝ 0:0:
Նախորդ առաջնության առաջատար քառյակի մյուս 3 թիմերը՝ «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան», ներկայումս արտասահմանում են: «Բանանցն» իր երկրորդ հավաքն է անցկացնում Անթալիայում: Ստեւիցա Կուզմանոսկու սաներն արդեն մի ստուգողական հանդիպում են անցկացրել, որում 0:3 հաշվով զիջել են դանիական «Օրսենսին»: Հաջորդ խաղը նախատեսված է մարտի 10-ին՝ Ղրղըզստանի «Դորդոյ Դինամոյի» հետ: «Բանանցը» Երեւան է վերադառնալու մարտի 14-ին:
«Միկան» Արմեն Ադամյանի ղեկավարությամբ այս օրերին գտնվում է Մալագայում: Դրան նախորդել են արտասահմանյան երկու հավաքներ՝ Անթալիայում եւ Կիպրոսում: Իսպանիայում թիմը, ուսումնամարզական պրոցեսին զուգահեռ, մրցում է մի շարք թիմերի հետ: «Միկան» Մալագայում արդեն երեք ընկերական խաղ է անցկացրել, որոնցից երկուսում հաղթել է: Արմեն Ադամյանի սաները միեւնույն՝ 1:0 նվազագույն հաշվով հաղթել են Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալխեսիրասին», իսկ երրորդում զիջել Ֆինլանդիայի «ՀԻԿ»-ին: Մարտի 14-ին նշանակված է «Միկայի» վերջին ստուգողական հանդիպումը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ:
Վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկն» էլ Սոչիի եւ Կիպրոսի հավաքներից հետո այս օրերին գտնվում է Իտալիայի Նորչիա փոքր քաղաքում (Հռոմից 150 կմ հեռավորության վրա): Վարդան Մինասյանի սաներն արդեն մարտի 8-ին ուսումնամարզական հավաքի շրջանակներում Իտալիայում մրցել են «D» սերիան ներկայացնող «Պոմեցիա» ակումբի հետ եւ 7։0 խոշոր հաշվով պարտության մատնել: Չեմպիոնը դրանից բացի նախատեսում է մինչեւ Երեւան վերադառնալը եւս երկու ընկերական խաղ կազմակերպել:
Այսքանը Հայաստանի բարձրագույն խմբի ութ ակումբների նախապատրաստական շրջանի մասին: Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են թիմերը կատարել իրենց կազմերում, ովքե՞ր են հեռացել ու ովքե՞ր համալրել այս կամ այն ակումբը, «Առավոտը» կտեղեկացնի առաջիկայում՝ մրցաշրջանն սկսվելուց առաջ: Հիշեցնենք միայն, որ արդեն մարտի 22-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել