Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարի վերջը» վերադառնում է

Մարտ 11,2010 00:00

Կամ Ազատ Մանուկյանի մանկական օպերան վերջապես իր բեմական մարմնավորումը կստանա

Պարզապես հայտնություն էր կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայի բեմադրության փորձը, որը Վեդու երաժշտական դպրոցում (տնօրեն՝ Մանե Գրիգորյան) նախաձեռնել է Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստ Սեդրակ Գրիգորյանը: Ցավոք, մանկական այս օպերան դեռեւս չի ունեցել բեմադրություն, 50-ականներին մեկ անգամ ձայնագրվել եւ պահպանվել է Հանրային ռադիոյի ֆոնդում:
Ունկնդրությանը հրավիրված էին օպերային թատրոնի գլխավոր խորմայստեր Կ. Սարգսյանը, կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Ինչպես «Առավոտին» փոխանցեց Կ. Սարգսյանը, մինչ փորձի ունկնդրումը կոմպոզիտոր Սադոյանը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունները, խոսել օպերայի եւ բալետի ժանրային առանձնահատկությունների մասին: Դպրոցի սաները զարմացրել են իրենց գիտելիքներով, նույնիսկ բանավեճ վարելու հմտությամբ: «Չարի վերջի» փորձ-ունկնդրությունն ուղղակի ապշեցնող էր: Հսկայական աշխատանք էր կատարվել: Ոգեւորությունս այնքան մեծ էր, որ ցանկություն հայտնեցի աշխատել երեխաների հետ, նպաստել այն բանին, որ առաջիկայում կունենանք մանկական օպերային լավ բեմադրություն, ինչի բոլոր նախադրյալները կան»,- հավաստիացրեց խորմայստերը: Թատերագետ Լ. Մութաֆյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ երեխաները շատ լավ են զգում կերպարները ու գտել են դրանց հարիր բնութագրական գույներ: Հայաստանի թատերական գործիչների միության անունից խոստացավ նաեւ աջակցել բեմադրությանը:
«Սեդրակ Գրիգորյանի աշխատանքն իսկապես դրվատելի է: Նա կարողացել է ճշգրտորեն օգտագործել երեխաների ձայնային տվյալները, շեշտելով կերպարային նրբագծերը: Տպավորված եմ նաեւ երգչախմբի կատարումներով, որը հաղթահարել է մի շարք բարդություններ, այդ թվում՝ վոկալի համադրումը շարժման հետ»,- նշեց Կ. Սարգսյանը:
Ս. Գրիգորյանն էլ ասաց, որ դպրոցի տնօրենը ծրագրեր ունի. ցանկանում է երաժշտական դպրոցը վերածել ինքնատիպ մանկական ֆիլհարմոնիայի, ինչի համար ունի Վեդու արվեստի դպրոցի տնօրինության աջակցությունը: Հավելեց նաեւ, որ արվեստի դպրոցի տնօրեն ընկեր Ծովիկը (այսպես են դիմում նրան) պատրաստակամ է խնամքով պահպանված իր դպրոցի դահլիճը տրամադրել թե օպերայի բեմադրությանը եւ թե երաժշտական դպրոցի ծրագրերի իրականացման համար:
Երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանն էլ մեզ հայտնեց հետեւյալը. «Վեդին հեռու չէ Երեւանից եւ եթե նույնիսկ հեռու էլ լիներ, ապա մարզաբնակ երեխան չպետք է կտրված լինի մշակութային կյանքից, իսկ դա նպաստում է մանուկների ինքնաբացահայտմանը: Մանկական օպերային այս բեմադրությունը ծրագրել ենք բեմադրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»:  Նաեւ հույս հայտնեց, որ բացառիկ ծրագրի իրականացմանը կգտնվեն աջակցողներ, այդ թվում՝ մարզպետարանն ու մշակույթի նախարարությունը. «Ինչո՞ւ չէ՝ նաեւ բոլոր այն գործարարները, ում համար թանկ ու հարազատ են մեր երեխաները: Կարծում ենք, որ մեր դպրոցի նախաձեռնությունը վարակիչ կլինի շատերի համար»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել