Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

Մարտ 11,2010 00:00

Կամ ում է վստահված մեր ժառանգության պահպանությունը

Այս տարվա փետրվարի 25-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի թվում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացված մի որոշման նախագիծ՝ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ին ընդունված թիվ 1616-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Այդ որոշման նախագծին կցված է նաեւ նախարարի ստորագրությամբ հիմնավորումը (տես ՀՀ կառավարության վեբկայքը):
Խոսքը վերաբերում է մեր մայրաքաղաքի դիմագծից անբաժանելի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի (1966թ., ճարտ.՝ Ս. Կնտեղցյան, Թ. Գեւորգյան) քանդման վերաբերյալ նախարարի ներկայացրած հիմնավորմանը, որ գրված է խրթին նախադասություններով, տրամաբանորեն չկապակցվող 3 պարբերություններով եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքի, մեղմ ասած, բացարձակ ոտնահարմամբ: Այդ մակարդակով ներկայացված հիմնավորումը, բացի նրանից, որ կասկածի տակ է դնում այդ գերատեսչության պատկան ստորաբաժանումների մասնագիտական ունակությունները, ինքնին վարկաբեկում է մեր կառավարությանը՝ ով վերոնշյալ օրենքի ստեղծմամբ կարեւորել ու սահմանել է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում կառավարության եւ լիազորված մարմնի իրավասություններն ու պարտավորությունները: Մյուս կողմից էլ, այս «հիմնավորումը» հիմնավորում է միայն այն, որ Հայաստանի Հանրապետությունը գործնականում ոչ մի կապ չունի ժառանգության պահպանության նպատակով այսօր աշխարհում գործող բազմաթիվ միջազգային նորմերի հետ: Մինչդեռ բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից վավերացվել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան» (Գրենադա, 1985թ.), որին միանալու նպատակահարմարությունը, անշուշտ, հիմնավորված է մեր երկրի ճարտարապետական արժեքները (այդ թվում նաեւ 20-րդ դարում ստեղծվածը) պաշտպանելու ջերմեռանդությամբ: Ինչպես եւ ամեն մի քաղաքակիրթ երկիր, Հայաստանը ստեղծել է ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակ՝ վստահ, որ մեր երկրում մեր ժառանգությունը կլինի պաշտպանված:
Խնդրո առարկա «հիմնավորմամբ» ընդունված ՀՀ կառավարության որոշումը ստեղծում է վտանգավոր նախադեպ, որը կարող է աշխատել շղթայական ռեակցիաների օրենքով՝ ապահովելով ամենատարբեր ատյանների ու անձանց ցանկությունների եւ առաջարկների նմանատիպ հիմնավորումների անընդհատ կրկնություն: Բոլորն են ուզում, որ մեր ժառանգությունը լինի պաշտպանված: Իսկ դրա համար պետք են ոչ միայն պետական միջոցներ ու հասարակական գիտակցություն, այլ նաեւ լիդեր (Հասմիկ Պողոսյանի սիրելի արտահայտություններից է), որի ստորագրությամբ ներկայացված հիմնավորումները կխարսխվեն ՀՀ օրենքների վրա՝ գումարած մասնագիտական կրթությամբ պայմանավորված վարքագիծն ու քաղաքացիական դիրքորոշումը: Այլապես շատ շուտով կստացվի այնպես, որ ժառանգության պահպանությունը մեզանում սահմանադրական պարտավորությունից կվերածվի բնազդի, որը կդրսեւորվի միայն այն ժամանակ, երբ ժամանակ առ ժամանակ կվտանգվի արտերկրի մեր ժառանգությունը (օրինակ, երբ վրաց մասնագետներ կհայտնվեն Անիում, երբ կփլուզվի հերթական եկեղեցին Թբիլիսիում, երբ կրքեր կբորբոքվեն Աղթամարի Սբ. Խաչի վրա՝ խաչի չտեղադրման շուրջ եւ այլն):
Իսկ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքը, որ արդեն մոռացության է տրված նախարարի կողմից, կդառնա վերջինիս կողմից ազատ ընթերցանության համար հանձնարարվող գրականություն՝ նախարարության աշխատակազմի որոշում չկայացնողների համար՝ պատրաստ, անհրաժեշտության դեպքում, դառնալու հերթական քավության նոխազը:
Փաստենք, որ հուշարձանի պետական ցուցակից հանելը (ինչպես պարզեցինք՝ ծանոթանալով վերոնշյալ օրենքի 14-րդ հոդվածին) կատարվում է միայն փորձագիտական եզրակացության հիման վրա՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ այն, որ վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածը արգելում է հուշարձանի քանդելը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ կառավարության վեբկայքում զետեղված հիմնավորումը՝ ներկայացված Հասմիկ Պողոսյանի կողմից: Ու թող մեր մշակութային հանրությունն ինքը դատի, թե ում է վստահված մեր ժառանգության պահպանությունը: Իսկ մշակույթի նախարարն այսպես է հիմնավորել. «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ-ի տնօրինությունն առաջարկել է Երեւան քաղաքի Աբովյան 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանությունների կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար: Համաձայն «ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 178-րդ կետի 178.3.2-րդ ենթակետի՝ «Մոսկվա» ամառային կինոթատրոնի դահլիճի շենքն ունի Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կարգավիճակ։ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 178-րդ կետի 178.3.2-րդ ենթակետը, հետագայում սահմանված կարգով հողամասը Մայր աթոռին տրամադրելու խնդրի լուծման համար»:

Հ. Գ. Հիշեցնենք, որ «Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունը մարտի 9-ին նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին ու հորդորել ամառային դահլիճը չքանդել, այդ վայրում եկեղեցի չկառուցել՝ այդկերպ կրկնելով խորհրդային իշխանության սխալները, երբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց եւ փոխարենը «Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվեց: Նախաձեռնությանը ավելի քան 2000 մարդ է միացել: Նրանց թվում են անվանի մտավորականներ. գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, երաժշտագետ Արաքսի Սարյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը եւ ուրիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել