Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ Է

Մարտ 11,2010 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ Աֆղանստանում էր՝ այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններ վարելու նպատակով: Ահմադինեջադի այցը, որը, ի դեպ, առաջինն էր իր եւ Քարզայի նախագահի պաշտոններում վերընտրվելուց հետո, մասնակիորեն համընկել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ Աֆղանստան կատարած այցին: Վերջինս պաշտոնական Թեհրանին մեղադրել է «երկակի խաղ» խաղալու մեջ՝ հավելելով նաեւ, թե Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Աֆղանստանը լավ հարաբերություններ ունենա իր հարեւան երկրների հետ:
Իրանի եւ Պակիստանի հետ պաշտոնական Քաբուլի համագործակցությունը կարեւորվում է Աֆղանստանում հակամարտությանը վերջ տալու համար՝ «Թալիբան» շարժման հետ քաղաքական լուծում գտնելու առումով: news.am-ի փոխանցմամբ, իր աֆղանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո տրված համատեղ ասուլիսում Իրանի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ն երկակի խաղ է խաղում Աֆղանստանում՝ «պայքարելով իր իսկ ստեղծած ահաբեկիչների դեմ»: Իրանի նախագահի խոսքով, ՆԱՏՕ-ն չի կարող խաղաղություն բերել Աֆղանստանին: Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ նրա համախոհների՝ Աֆղանստանի պատերազմում ծախսած միջոցները լավ կլիներ ուղղել այդ երկրի զարգացմանը նպաստող այլ նախագծերի: «Ձեր երկիրն աշխարհի մյուս ծայրին է, ուրեմն ի՞նչ եք անում դուք այստեղ»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել