Կիպրոսի նախկին նախագահ Տասսոս Պապադոպուլոսի դին առեւանգելու գործով երեք մարդ է կալանավորվել: BBC-ի մատուցմամբ, առեւանգմանն առնչություններ ունենալու համար կալանավորվածներից երկուսը կիպրացի հույներ են, մեկը՝ օտարերկրացի, որը, ըստ որոշ տեղեկությունների, Հնդկաստանի քաղաքացի է: Այդ գործով կալանավորված մի կիպրացի բանտարկության է դատապարտվել այլ հանցագործությունների համար:
Պապադոպուլոսի մարմինը գողացվել էր երեք ամիս առաջ: Այն գտնվել էր երկուշաբթի օրը Նիկոսիայի գերեզմանատներից մեկում, ինչի մասին նախկին նախագահի ընտանիքը տեղեկացել էր անանուն մի զանգի շնորհիվ: Նախկին նախագահի դին գտնվել է գերեզմանատանը՝ բարակ հողաշերտի տակ: Կիպրոսի արդարադատության նախարար Լուկաս Լուկան հայտարարել է, որ դին առեւանգողները փրկագին էին պահանջել նախկին նախագահի ընտանիքից, եւ որ պահանջված գումարը այդպես էլ չի վճարվել: Նրա ասելով, դին առեւանգելը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Մինչդեռ Պապադոպուլոսի հարազատները վստահեցրել են, թե որեւէ մեկը դին վերադարձնելու դիմաց իրենցից փրկագին չի պահանջել:
Հիշեցնենք, որ Պապադոպուլոսը նախագահել էր 2003-2008թթ.-երին, մահացել էր պաշտոնավարման ընթացքում՝ քաղցկեղից, 74 տարեկան հասակում: Երիտասարդ տարիներին նա մասնակցել էր Կիպրոսում բրիտանական իշխանության դեմ շարժմանը եւ իր քաղաքական գործունեության ընթացքում բազում թշնամիներ էր «վաստակել»: Նա հայտնի է առաջին հերթին նրանով, որ կիպրոսցի հույները նրա իշխանության օրոք տեղի ունեցած հանրաքվեի միջոցով մերժել էին ՄԱԿ-ի կողմից առաջարկված եւ կիպրոսցի թուրքերի կողմից հավանության արժանացած՝ երկրի թուրքական եւ հունական հատվածների վերամիավորման ծրագիրը: