ՇՔԱՆՇԱՆՆԵՐ՝ ԵՐԵՎԵԼԻՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Պատվո շքանշանով է պարգեւատրվել նաեւ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան՝ հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
ԿՏՈՆՎԻ ՀԻՆԱՄԱՑՈՒՐԻՆ
Մարտի 14-ին առաջին անգամ Հայաստանում Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաները տոնելու են ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնը: Միջոցառումը, որ տեղի կունենա Կամերային թատրոնում, ճապոնական մշակույթի ներկայացման շարքից է, որին նախորդեցին օրիգամիի ցուցահանդեսը եւ ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունը: «Հինամացուրի» նշանակում է աղջիկների տոն: Այդ տոնը հայտնի է նաեւ որպես դեղձի ծաղկման տոն, որն ունի 300 տարվա պատմություն: Այդ օրը այն ընտանիքներում, որտեղ կան աղջիկներ, կազմակերպում են տիկնիկների ցուցահանդես: Հետագայում տիկնիկները փոխանցվում են ժառանգաբար: