Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ դեմ, նույնն է թե՝ Արթուր Աբրահամի դեմ»

Մարտ 11,2010 00:00

ԳԱԱ «քաջերը» պատուհաս են գիտության համար

Երբ ասում եմ, թե մեր ՀՀ ԳԱԱ նախագահը գիտական առաջընթացի ոխերիմ թշնամի է, կարծում են, թե միայն նրա համար, որ «հետը չունեմ»: Իսկ ինչպես կարող ես հանդուրժել մեկին, երբ նրա փեշակը այնպիսի գյուտեր խոտանելն է, որոնք կարող են Հայաստանին միլիոնների օգուտներ բերել, բայց չեն բերում՝ հենց նրա մեղքով: Այդպիսի մի նորույթ է նաեւ Սամվել Գեւորգյանի այն գործը, որի մասին նա ընդամենը «մի թեթեւ է լսել»: Այսպես, նա առանց ամաչելու վկայում է, որ ինքը ոչ թե ՀՀ ԳԱԱ նախագահացու (գիտելիքի որսորդ) է, այլ՝ ձեռակերտ պատուհաս մեր երկրի գիտական համակարգի գլխին (https://www.lragir.am/ armsrc/society31936.html): Իսկ դա հավաստի ապացույց է նաեւ այն մասին, որ, բացի քիմիկոսներից, մասնագիտական անճարակներ են նաեւ նրա ոչ քիմիկոս «խորհրդատուները»: Այսինքն՝ ինչպես եւ ինքը՝ ՀՀ ԳԱԱ նախագահը, նրանք նույնպես գիտական ճշմարտությունը որոշում են փորձագետների կարծիքների «հանրաքվեով» (վկայություններով) եւ ոչ թե փորձով: Իսկ մի՞թե աչքակապություն չէ նրա «դեղատոմսը» լրագրողին («Առավոտ», 09.02.10), թե թող «դիմի կառավարություն եւ եթե այնտեղ էլ հաստատվի, կառավարությունը կֆինանսավորի»: Միամիտ մեկին էլ կարող է թվալ, թե «կառավարությունն» է որոշում գիտական գործի իրական արժեքը: Մինչդեռ՝ պարոնը ստում եւ կեղծում է, քանի որ, ի վերջո, հենց ինքը եւ նրա «քաջերն» են տալու այդպիսի գործերի գիտական եւ գործնական արժեքի գնահատականը: Իսկ չեն տալիս, քանի որ այդպիսիները, բացի վնասից, ոչ մի օգուտ ԳԱԱ նախագահի «գիտակներին» չեն կարող բերել: Հենց այդ պատճառով է, որ նա թաքցնում եւ չի ասում, որ երկրի ղեկավարների պաշտոնական գիտական խորհրդատուն ՀՀ ԳԱԱ-ն է եւ նրա նախագահը:
 Ելնելով սեփական փորձից, կարող եմ նաեւ վկայել, որ նրանք «հիմար» գյուտերի առաջ կանաչ ճանապարհ բացողներից չեն, քանի որ նրանց տերերը «փշոտ են լինում»: Անառարկելի է նաեւ, որ իրենց հավանածը շարքային «իքի-բիրերի» գյուտերն են, որոնց գիտական քաշերը փետուրաչափ են, իսկ տերերը՝ պատրաստ միանալու ԳԱԱ նախագահի կամակատարների բանակին: Նրանք այնքան են տարվել «գիտնական ու գյուտարար ուտելով», որ նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց ըմբոստությունը իրական գիտակների դեմ՝ նույնն է, թե Արթուր Աբրահամի դեմ ռինգ դուրս բերեն ԳԱԱ-ի «քաջերին» եւ հաղթող կողմ համարեն նրանց: Նույն աչքակապությունը նրանք կատարում են երկու Գեւորգյաններիս դեմ:
   Պարոն վարչապետ, էլ ինչպիսի՞ աղետների եք սպասում, որ նրանք բերեն մեր ազգի գլխին: Մի՞թե այսպիսի մասնագիտական անճարակների միջոցով եք ուզում վերազինել մեր երկրի գիտակրթական համակարգը, օգնել արդյունաբերության վերականգնմանը, լուծել այլ հրատապ խնդիրներ եւ այլն: Ի՞նչ կարող են տալ այդպիսիները մեզ, բացի աշխարհի առաջ ծաղրուծանակի առարկա դարձնելուց:  Ձեր այդ հապաղելն է թեւ տվել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, որ նա, չլինելով քիմիկոս, համարձակվի հայտարարել, թե հայաստանցին չի կարող Մենդելեեւի կամ Կոպեռնիկոսի գյուտերին համարժեք նորույթներ գտնել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել