Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապարանցի ուսուցչուհուն հալածում են

Մարտ 11,2010 00:00

«Առավոտը» մարտի 2-ին տպագրված «Կոռուպցիայի հոտ է գալիս» հոդվածում տեղեկացրել էր, որ Ապարանի թիվ 3 դպրոցում հավելագրումների փաստացի դեպքեր են բացահայտվել՝ նույն դպրոցի ուսուցչուհի Գ. Հակոբյանի 3-ամյա ահազանգերի շնորհիվ: Արդյունքում ուսուցչուհին պակաս է վճարվել ու ենթարկվել հալածանքների եւ ծաղրուծանակի: Ըստ նույն հոդվածի, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ օրերս ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարության ժամանակ անդրադարձել էր նույն հիմնախնդրին ու մատնանշել, թե ՀՀ կրթության պետական տեսչության 2007-2008 ուստարվա վերջին իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ դպրոցում իսկապես արձանագրվել է 71 աշակերտի հավելագրման փաստ, որից 68-ը դպրոցում չի էլ սովորել:
Ապարանցի ուսուցչուհին ճարահատյալ օրերս նամակ է հղել ՀՀ առաջին դեմքերին ու պատգամավորներին, որտեղ տեղեկացնում է, իր ձեւակերպմամբ՝ իր դեմ ուղղված մարդահալած քաղաքականության մասին: Նրա նամակին կցված է նաեւ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պ. Համբարձումյանի՝ մարտի 4-ին Գ. Հակոբյանին ուղարկված պատասխանը, որը ուսուցչուհին անհեթեթ է համարում: Այնտեղ ասվում է, որ ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանին հասցեագրված ահազանգ- գրությունը վերահասցեագրվել է Արագածոտնի մարզպետարանին. «Տեղեկացնում ենք, որ Ապարան քաղաքի դպրոցներում աշակերտների հավելագրումների փաստը ստուգվել է տարբեր կառույցների կողմից եւ տնօրենները պատժվել են օրենքով սահմանված կարգով: Դպրոցների աշակերտ-թվով ֆինանսավորման պայմաններում աշակերտների թվից եւ դասարանների խտությունից կախված՝ տարբեր դպրոցներ ունենում են տարբեր ֆինանսական հնարավորություններ, որից ելնելով էլ դպրոցի կառավարման խորհուրդը հաստատում է ուսուցիչների դրույքաչափը»: Ինչ վերաբերում է ուսուցչուհու աշխատավարձի սխալ հաշվարկին, այս մասին էլ մարզպետարանից ստացված նամակում ասվում է. «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն եւ ձեր 2010թ. հունվար ամսվա աշխատավարձը ճիշտ է հաշվարկվել»: Ապարանցի Գ. Հակոբյանը «Առավոտին» հայտնեց, որ պատրաստ է իր խնդրով դիմել անգամ միջազգային կառույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել