Չեխ լրագրող Դանա Մազալովայի կարծիքով, Հայաստանը պետականորեն պետք է համարժեք քայլեր անի
«Խոջալուի դեպքերը աղավաղված են ներկայացվում ադրբեջանական մամուլում: Ադրբեջանական կայքերն ու հեռուստատեսությունը հեղեղված են այդ մասին զրպարտչական պատմություններով ու ֆոտոռեպորտաժներով։ Ադրբեջանն ամբողջ ուժգնությամբ գործի է դրել իր քարոզչամեքենան: Հակաքարոզչական անդրադարձ, այսինքն՝ դեպքերի իրական պատկերը ներկայացնելուն ուղղված քայլեր, հայկական կողմից արվում են անձնական, ոչ թե պետական մակարդակով…»,- երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին կարծիք հայտնեց չեխ լրագրող Դանա Մազալովան:
Ասուլիսին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասացին, որ չեխ լրագրողը մեր տարածաշրջանի հետ կապված է 1982 թվականից, անցել է ղարաբաղյան պատերազմը: Մազալովան պատերազմի տարիներին բազմիցս եղել է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում: Չեխ լրագրողը նշեց, որ անձամբ տեսել է Խոջալուի մասին միակ վավերագրական ժապավենը, որը նկարահանել է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը, որը հետագայում զոհվել է:
«Այս տարի ադրբեջանցիները աշխարհի տարբեր երկրներում նշել են Խոջալուի իրադարձությունների 18-րդ տարելիցը։ Այն նշվել է նաեւ Չեխիայում՝ Լիդիցե ավանում, որը գերմանացի նացիստները ամբողջությամբ ավերել էին 1942 թվականին։ Հետո ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդել են, որ Լիդիցեն եւ Խոջալուն կդառնան քույր քաղաքներ, իսկ Լիդիցեի փողոցներից մեկին կտրվի Խոջալու անունը։
Վերջերս, ի զարմանս ինձ, տեղեկացա, որ գյուղը 2007-ից օգտագործվում է ադրբեջանցի փոքրամասնության կողմից որպես ապացույց՝ Խոջալուում տեղի ունեցած դեպքերի: Սա անհեթեթություն է, ծաղրանք…»,- նկատեց բանախոսը:
Իր մտերիմ ընկեր Չինգիզ Մուստաֆաեւի կադրերում, ըստ չեխ լրագրողի, պատկերված էին Խոջալուի զոհերը՝ ազգությամբ մեսխեթցի թուրքեր, որոնք հագուստով էին, մինչդեռ այսօր ադրբեջանցիների ցուցադրած նկարներում պատկերված են մերկ կանանց ու երեխաների դիակներ՝ բռնության հետքերով: Դ. Մազալովայի խոսքերով, Չ. Մուստաֆաեւը վախենում էր սեփական հայրենիքում շրջել առանց զրահաբաճկոնի, եւ պատահական չէ, որ, ի վերջո, նրան սպանեցին:
Լրագրողն ասաց, որ 1992թ.-ին ինքը հարցազրույց է ունեցել Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ եւ խնդրել մեկնաբանել Մուստաֆաեւի լուսանկարները, Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե Խոջալուի ջարդերը կազմակերպել են ադրբեջանցիները, որպեսզի իրեն դրդեն հրաժարական ներկայացնել:
Դ. Մազալովան կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Եվրոպային առանձնապես չի հետաքրքրում: