Այսօր շատ է խոսվում անցյալ տարվա մեր տնտեսության անկման պատճառների մասին
Թե հայաստանյան, թե միջազգային կազմակերպությունների փորձագիտական շրջանակները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ: Սա իհարկե անհերքելի փաստ է, սակայն կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի բացակայությունը ոչ թե պատճառ է, այլ հետեւանք: Իսկ պատճառներն ավելի խորն են: Այս ամենի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ մեր տնտեսական քաղաքականությունը չի խարսխվում հայաստանյան տնտեսվարողի շահերի վրա: Տնտեսության իրական միավորը տնտեսվարողն է, այլ ոչ թե վերացական թվերն ու մակրոտնտեսական ցուցանիշները: Թվերն ու ցուցանիշները ընդամենը միջավայր են տնտեսվարողի համար, որոնք պետք է նպաստեն հաջող տնտեսվարմանը: Արդյո՞ք մենք, այսքանից հետո, դեռ շարունակելու ենք փչել շինարարության փուչիկը՝ տնտեսական աճի ցուցանիշներ արձանագրելու համար, թե՞, այնուամենայնիվ, գնալու ենք տնտեսության իրական հատվածի զարգացման դժվարին, բայց անհրաժեշտ ճանապարհով: Հասկացե՞լ ենք մենք, արդյոք, որ այլեւս այլընտրանք չկա: Մեր տնտեսական գաղափարախոսության հիմքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական շահը, ուրեմն նաեւ հայաստանյան տնտեսվարողի տնտեսական շահը: Տնտեսական քաղաքականության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի այդ գաղափարախոսության տեսանկյունից: Ցավոք, մենք դեռ չունենք այդ գաղափարախոսությունը: Թե ԱՄՆ-ում, նույնիսկ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս, ինչ կարեւորություն է տրվում սեփական տնտեսվարողների շահերին, կրկին երեւաց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանության բանաձեւի քննարկումից առաջ: ԱՄՆ խոշորագույն մի շարք ընկերություններ կոչ արեցին կոնգրեսականներին՝ դեմ քվեարկել բանաձեւին: Սա վկայում է այն մասին, որ սեփական տնտեսվարողի շահերը միշտ էական նշանակություն են ունեցել ԱՄՆ իշխանությունների ցանկացած որոշման կայացման հարցում: Իսկ մեզ մոտ քայլերը կատարվում են տարերայնորեն, պահի թելադրանքով: Պե՞տք է միանալ ինչ-որ միջազգային պայմանագրի` միանում ենք, առանց երկար-բարակ հաշվարկելու, թե ինչ կտա դա մեր տնտեսությանը կամ, որ նույնն է, որքանով է դա շահավետ մեր տնտեսվարողին: Դրա վառ օրինակն է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցը: Մենք ուղղակի ինքնամոռաց նետվեցինք ԱՀԿ-ի գիրկը, մի պահ անգամ չհապաղեցինք՝ մտածելու համար: Իսկ այսօր խոսում ենք այն մասին, որ ներմուծումը արտահանմանը գերազանցում է 5 անգամ: Բայց չէ՞ որ դա օրինաչափ է: Մեր տնտեսությունը ուղղակի պատրաստ չէր այդ անդամակցությանը եւ այսօր ունենք այն, ինչ պետք է ունենայինք: Եթե մեր տնտեսվարողը նպատակ ունի ապրանք արտահանել որեւէ երկիր, ապա տվյալ երկրի նույն ապրանքային խմբի տնտեսվարողների հետ պետք է ունենա առնվազն հավասար պայմաններ: Դրա համար անհրաժեշտ է, որ հավասար լինեն հարկային դաշտը, էլեկտրաէներգիայի, գազի գները, տրանսպորտային ծախսերը եւ այլն, այն ամենը, ինչ ազդում է ապրանքի ինքնարժեքի գոյացման վրա: Հայաստանում հատկապես շատ բարձր են տրանսպորտային ծախսերը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արտադրության համար հումքերի մի մասը ներմուծվում է եւ կրկին ենթադրում է տրանսպորտային ծախսեր, ապա պարզ կդառնա, թե պատրաստի արտադրանքի ինքնարժեքում ինչ մեծ բաժին են կազմում տրանսպորտային ծախսերը: Արդյո՞ք մեր տնտեսական քաղաքականությունը կառուցելիս հաշվի առնվում են այս խնդիրները: Կարծում եմ` ոչ: Ավելին, մեր տնտեսական քաղաքականությունը կարծես ավելի շատ մտահոգ է ոչ թե արտահանողների կամ հայրենական արտադրողների, այլ ներմուծողների շահերով: Դրա մասին է վկայում մեր ներքին շուկայի անպաշտպան վիճակը: Հասել ենք այն անհեթեթ վիճակին, որ Հայաստան ապրանք ներմուծող արտասահմանյան արտադրողը, գողանալով հայրենական արտադրողի մտավոր սեփականությունը, մատ է թափ տալիս մեր վարչապետի եւ կառավարության վրա եւ պահանջում «օրինականացնել» իր գողությունը:
Արտահանողը իր երկրի ներքին շուկայում պետք է ունենա սպառման անհրաժեշտ նվազագույն քանակ, որպեսզի ապահովագրված լինի հնարավոր անակնկալներից: Նման անակնկալ կարող է լինել, ասենք, այն դեպքը, երբ ներմուծող երկիրը ինչ-ինչ պատճառներով արգելի ներմուծել տվյալ ապրանքը, ինչպես եղավ մեր «Ջերմուկի» դեպքում: Իմիջիայլոց, սա զարգացած արեւմտյան երկրների կողմից իրենց ներքին շուկայի պաշտպանության փայլուն օրինակ էր: Ահա թե ումից պետք է սովորենք պաշտպանել մեր շուկան: Ցանկացած ապրանքի բաղադրության մեջ կարելի է գտնել նման մի բաղադրիչ եւ արգելել այն ներմուծել: Սակայն «Ջերմուկը» ներքին շուկայում ուներ սպառման անհրաժեշտ քանակ եւ դրա շնորհիվ կարողացավ դիմագրավել եւ չսնանկանալ: Հետեւաբար արտահանումը խթանելու համար, նախ եւ առաջ պետք է պաշտպանել ներքին շուկան եւ սեփական արտադրողին: Բոլոր քիչ թե շատ զարգացած երկրները փորձում են ամեն կերպ խոչընդոտել ապրանքների ներմուծումը իրենց երկիր, քանի որ միայն տեղական արտադրության զարգացմամբ է հնարավոր ստեղծել մեծաքանակ աշխատատեղեր, կրճատել գործազրկությունը երկրում: Իմ ծանոթներից մեկը փորձել էր պահածո ներմուծել զարգացած տնտեսությամբ մի երկիր, ուսումնասիրությունները կատարված էին եւ պահանջարկը կար: Այդ երկրի համապատասխան պետական մարմինը որոշել էր, որ պետք է բացել եւ ստուգել յուրաքանչյուր պահածոյի բաղադրությունը, քանի որ մի շարք բաղադրիչների պարունակությունը պետք է համապատասխանի պետության կողմից սահմանված ցուցանիշներին, իսկ այդ ցուցանիշները փոփոխվում են համարյա թե ամեն տարի: Ընդ որում, ստուգումը կատարվում է հենց ներմուծողի հաշվին: Նրանք ուղղակի ոչնչացրել էին ապրանքի ողջ խմբաքանակը: Պարզ է, որ այդ տնտեսվարողը այլեւս որեւէ ապրանք չի փորձի արտահանել տվյալ երկիր: Եթե որեւէ ապրանք որոշել ես արտահանել նման մի երկիր, ապա պետք է լրացնես 500 էջանոց մի «մատյան» քո ապրանքի եւ ընկերության մասին, ընդ որում, այնտեղ նույնպես ցուցանիշները շատ հաճախ փոփոխվում են: Կարող ես վարձել բարձր որակավորում ունեցող եւ այդ գործում մասնագիտացած իրավաբան, սակայն նրա ծառայությունները արժեն մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար եւ քո հաղթանակն էլ դեռ լիովին երաշխավորված չէ: Մինչեւ ապացուցես, որ քո ապրանքը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ապրանքի խմբաքանակն արդեն ժամկետանց է եւ ամեն ինչ պետք է սկսել նորից: Նման երկրներում ներմուծումը կանխելու համար ամբողջ ինստիտուտներ են աշխատում: Այդպիսով նրանք անասելի բարդացնում են որեւէ ապրանքի ներմուծումը իրենց երկիր:
Իսկ Հայաստանի շուկան բաց է բոլորի համար: Դեմպինգային գներով ցանկացած ապրանք կարելի է ներմուծել Հայաստան: Չի եղել գոնե մի դեպք, երբ ներմուծվող որեւէ ապրանքի գծով մեր պատկան մարմինները կատարած լինեն հակադեմպինգային հետազոտություն: Իսկ, օրինակ, Ռուսաստանը հակադեմպինգային հետազոտություն կատարեց ուկրաինական քաղցրավենիքի եւ կոնֆետեղենի գծով եւ ապացուցեց, որ ուկրաինական ընկերությունները կիրառում են դեմպինգային գներ եւ այդ ընկերությունների ապրանքների համար սահմանվեցին բարձր մաքսատուրքեր: Համոզված եմ, որ Հայաստանում շատ ներմուծողներ կիրառում են դեմպինգային գներ: Մենք պետք է արգելենք գոնե այն ապրանքատեսակների դեմպինգային գներով ներմուծումը, որոնց արտադրությունը Հայաստանում առկա է: Այլապես տնտեսությանն առնչվող բոլոր այն միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է Հայաստանը, ասենք՝ ԱՀԿ-ին անդամակցության համաձայնագիրը կամ ԱՊՀ երկրների միջեւ մաքսային համաձայնագիրը (CT-1), ծառայում են միայն ներմուծողների շահերին եւ մեր երկրի համար դառնում են անիմաստ: Մեր Ազգային ժողով բերվում են օրենքներ, որոնք պարտադրված են միջազգային կառույցների կողմից եւ ԱԺ-ն, առանց երկար-բարակ մտածելու, սիրով ընդունում է դրանք: Եթե եվրոպական կառույցները պահանջում են, ուրեմն պետք է ընդունվի: Քչերին է հուզում այն հարցը, թե տվյալ օրենքը կամ միջազգային համաձայնագիրը համապատասխանո՞ւմ է, արդյոք, մեր երկրի կամ ձեռնարկությունների շահերին: Միգուցե միջազգային կառույցներից պահանջենք, որ մեզ առաջարկեն այնպիսի օրենքներ ընդունել, որ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը 20-80%-ից դառնա գոնե 40-60%: ԱՀԿ անդամ ամենաթույլ զարգացած երկրում այդ հարաբերակցությունը կազմում է 30-70%: Միայն Հայաստանում է 20-80%: Ես առիթ ունեցել եմ զրուցելու նման միջազգային կառույցների պաշտոնյաների հետ եւ նրանք չէին էլ թաքցնում, որ իրենք պաշտպանում են այն երկրների շահերը, որոնք ավելի շատ են վճարում իրենց կազմակերպությանը: Աղքատ Հայաստանի շահերը նրանց չեն էլ հետաքրքրում: Եվ այս հարցում չարժե մեղադրել եվրոպացիներին եւ միջազգային կառույցներին, քանի որ նրանք սահմանում են չափանիշներ, իսկ մենք կարող ենք գոնե բանակցել, քննարկել եւ գտնել փոխզիջումներ, որոնք կհամապատասխանեն մեր շահերին: Սակայն ինչի՞ շուրջ բանակցենք, երբ մենք ինքներս դեռեւս հստակորեն չենք ձեւակերպել մեր տնտեսական շահերը, չենք ճշտել մեր տնտեսական գերակայությունները, չունենք տնտեսության զարգացման ծրագիր եւ գաղափարախոսություն:
Միայն բյուջետային մուտքեր ապահովելու քաղաքականությունը իր մեջ չունի տնտեսության զարգացման տրամաբանություն: Եթե խուսափում ենք հարկային արտոնություններից, ապա պետք է առաջարկենք հեռանկարային ձեռնարկությունների զարգացմանը նպաստող այլ գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իջեցնել Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը եւ որի շնորհիվ նրանք կդառնան մրցունակ եւ ներքին, եւ միջազգային շուկաներում: Իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի գները, ճանապարհածախսը, վարել ճկուն դրամավարկային քաղաքականություն: Մեր արտադրող ձեռնարկություններին անհրաժեշտ են էժան եւ երկարատեւ ֆինանսներ, հատկապես մանր եւ միջին ձեռնարկություններին, որոնց զարգացման անհրաժեշտության մասին շատ է խոսվում: Չէ՞ որ այսօրվա մանր եւ միջին ձեռնարկությունը, վաղվա խոշոր արտադրողն ու արտահանողն է, համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ իհարկե: Այսօր միակ բանը, որ մենք հաջողությամբ արտահանում ենք` որակյալ աշխատուժն է: Այո, ժողովուրդը գրագետ է եւ արտագաղթում է, քանի որ մեր երկրում չի կարողանում իրացնել իր ունակությունները: Գնում եւ ուժեղացնում է այլ երկրների տնտեսությունները: Եթե չլինեին ժողովրդի այդ հատվածի ուղարկած տրանսֆերտները, մեր տնտեսությունը վաղուց շնչահեղձ կլիներ: Արտագաղթը այսօր էլ շարունակվում է եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական վիճակը գնալով ավելի է սրվում, արտագաղթի տեմպերը ավելի են աճելու: Որակյալ աշխատուժը մի կապիտալ է, որը չի կարելի կորցնել: Այսօր շատ ծանր է մեր գյուղացու վիճակը: Հատկապես սահմանամերձ գյուղերի մեծ մասը համարյա թե կիսով չափ դատարկված է: Գյուղատնտեսությունը մեր տնտեսության հիմնական, կարեւորագույն ճյուղերից մեկն է եւ այս ճյուղում խելամիտ քաղաքականության բացակայությունը ունենում է աղետալի հետեւանքներ: Եթե մի օր Հայաստանի բնակչության թիվը հասնի կես միլիոնի, ապա կարելի է ասել, որ մեր պատմության այս փուլը կրկին անփառունակ վախճան ունեցավ:
Այսօր մեր հասարակությանը կերակրում ենք տնտեսական առասպելներով` բարձր տեխնոլոգիաներ, տուրիզմ, տեխնոպարկեր, ինչ-որ ֆինանսական կենտրոններ եւ այլն: Փոխարենը գոնե կարելի է պահպանել եւ զարգացնել այն, ինչ ունենք իրականում: Կարող ենք նպաստել գործող ձեռնարկությունների զարգացմանը, ստեղծել նրանց համար միջազգային շուկա դուրս գալու պայմաններ: Առասպելաբանությամբ տնտեսություն չես զարգացնի:
Մեր տնտեսությանն այսօր անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք կխթանեն հայրենական արտադրության, գյուղատնտեսության եւ մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նոր թափ կհաղորդեն տնտեսական ակտիվությանը, կխթանեն արտահանումը եւ կկանխեն արտագաղթն ու սոցիալական լարումը: Սա է մեր երկրի հզորացման ճանապարհը: Միայն այսպես կարող ենք գտնել մեր տեղը աշխարհում: Ժամանակը չի սպասում: Հետո կարող է ուշ լինել: