Ռազմավարական ծրագրի՝ մարզերին վերաբերող կետի իրականացումը մնաց ակտիվիստներին
2005 թվականին Հայաստանում ստեղծվեց «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է երիտասարդական, կրթական, հասարակական-քաղաքական ծրագրերի միջոցով բարձրացնել հայ հանրության տեղեկացվածության մակարդակը Եվրոպայի, եվրոպական ինքնուրույն եւ ազգային արժեքների վերաբերյալ: «Վերադարձ դեպի Եվրոպա» կարգախոսով առաջնորդվող շարժման հիմնադիրները 2009-ի փետրվարին հայտարարեցին, որ գրասենյակներ են բացելու նաեւ մարզերում: Անցել է մեկ տարի եւ ՀԵՇ-ն այդպես էլ չի ասել, թե որ մարզում է գրասենյակ բացել: «Առավոտի» դիտարկումներով, սակայն, նման գրասենյակ որեւէ մարզում դեռ չի գործում:
«Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ նախագահ Վիկտոր Ենգիբարյանը (լուսանկարում) չհերքեց մարզային գրասենյակների չգոյության փաստը, սակայն նշեց, որ «դա ընդգրկված է մեր ռազմավարական ծրագրի մեջ»: Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեն բացվել մարզային գրասենյակները, ո՞րն է լինելու նրանց անելիքը՝ եվրոպական արժեքների մասին դասախոսություննե՞ր, թե՞, ասենք, եվրոպական արժեքների հետ վիրտուալ շփվելու՝ համակարգիչ եւ ինտերնետ, հնարավորության ստեղծում: Ի վերջո՝ ովքե՞ր են լինելու շարժման պոտենցիալ անդամները:
Հայկական եվրոշարժման ղեկավարն ասաց, որ մարզային գրասենյակները ոչ թե իրենք են բացելու, այլ մարզերի ակտիվիստները: «Ինտերնետից, ԶԼՄ-ներից տեղեկանալով մեր մասին, իրենք գալիս են այստեղ՝ խորհրդատվություն ստանում: Ասում են՝ ուզում ենք ակտիվանալ, մենք էլ ակտիվացնում ենք: Կամաց-կամաց մարզային խմբեր արդեն ձեւավորվել են: Կոնկրետ գրասենյակներ չկան, բայց այդպիսիք ստեղծելու նախաձեռնություններ կան Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում»: Վիկտոր Ենգիբարյանի փոխանցմամբ՝ մարզերում եվրոպական շարժումները ստեղծվում են ոչ թե ինչ-որ անհատների կողմից, այլ արդեն կայացած որեւէ կազմակերպության հենքի վրա: Այդ կազմակերպության նյութական ռեսուրսներն էլ ընդհանուր են դառնում երկուսի համար:
Տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու եվրոչափանիշներով ձեւավորված «Հայաստանի եվրոպական շարժման» Երեւանի գրասենյակը, պարզվում է՝ այնքան հարուստ չէ, որ իրեն թույլ տա պարբերաբար լինել մարզերում եւ հանդիպումներ ու զրույցներ ունենալ բնակիչների հետ: Կազմակերպության նախագահի ասելով՝ ոչ էլ նյութատեխնիկական բազա ունեն, որ ստեղծվելիք գրասենյակներն ապահովեն կապի գոնե նվազագույն միջոցներով. «Մենք ինքներս գումարի կարիք ունենք»: Ուրեմն՝ ձեւավորվելիք մարզային Եվրոպական շարժումները մայրաքաղաքից որեւէ ֆինանսական ակնկալիք չպիտի ունենան: «Ոչ էլ թելադրում կամ թելադրելու ենք: Եթե մարզում ստեղծում ես մասնաճյուղ, աշխատողներ ու տեխնիկա ես տալիս, հետն էլ թելադրում՝ ինչ անեն, հավատացած եղեք՝ այդպիսով զարգացում ապահովել չենք կարող: Երբ մենք Հայաստանում հիմնադրվեցինք, Բրյուսելից մեզ ոչ ոք չօգնեց: Մենք ինքներս այստեղ մարդիկ գտանք, որոնք մեզ ֆինանսավորեցին»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:
Հ/կ-ի նախագահը անարդյունավետ է համարում մեծի ու փոքրի մոդելը, երբ փոքրը ինչ-որ հարցով շարունակ վազում է մեծի մոտ: Նրա փոխանցմամբ՝ երբ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ են լինում, իրենք չեն վազում Բրյուսել եւ օգնություն խնդրում. «Ժողովրդավարության դեֆիցիտի մասին մենք ուղղակի բարձրաձայնում ենք, այդկերպ պայքարելով դրա կայացման համար: Նույնը մարզերում. եթե մարզի բնակիչը գտնում է, որ համայնքի ղեկավարը եվրոչափանիշներին հարիր վարքագիծ չի ցուցաբերում՝ թե ընտրությունների արդյունքները կեղծելով, թե պաշտոնեական դիրքի չարաշահումներ թույլ տալով, ապա բնակիչն ինքը պետք է քաջություն ունենա տվյալ ղեկավարի կամ հարկերից խուսափող մեծահարուստի անօրինականությունների մասին բարձրաձայնելու համար»:
Իր գործունեության ընթացքում Եվրոպական շարժումը եղել է միայն Արտաշատում, այն էլ՝ արտաշատցի ակտիվիստների նախաձեռնությամբ եւ հրավերով: Բայց, շարժման նախագահի ասելով, մարզերում սկսելու են կրթական ծրագրեր իրականացնել: Թե՝ երբ, շարժման երիտասարդ առաջնորդը դժվարացավ ասել. «Կախված է նրանից, թե ինչ տեմպերով կբացվեն գրասենյակները»:
Վիկտոր Ենգիբարյանի ասելով՝ իրենց կազմակերպությունը հետաքրքրում է նրանց, ովքեր կարիերա են ուզում անել: Դրանք քաղաքագետներ են, միջազգայնագետներ, նաեւ մարդիկ, ովքեր աշխատանքի են անցել դեսպանատներում: