Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇՆ ԷԼ ԹԵՐԱՑԱՎ

Մարտ 11,2010 00:00

Մարզպետարանը ծածուկ է պահում ծուլացած համայնքապետերի անունները

Անցած շաբաթավերջին տեղեկացրել ենք, որ ՀՀ նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների գնահատականների համաձայն, 2009-ին ամենալավը աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետը, երկրորդը Շիրակի մարզպետն է, երրորդը՝ Սյունիքի: Եվ քանի որ այս գնահատականներից հետո՝ այս տարվա հունվարին Շիրակում եւ Սյունիքում արձանագրվել էր գույքահարկի նվազում, եզրակացրել էինք, որ լավ գնահատականներից հետո Սյունիքում եւ Շիրակում սկսել են վատ աշխատել («Առավոտ», 06.03.2010՝ «Լավից-վատից»): «Առավոտի» հարցմանը Տավուշի մարզպետարանից եկած պատասխանը վկայում է, որ առաջատարն էլ է սկսել հետադիմել:
Այս տարվա փետրվարի 23-ին «Արմենը հանձնարարեց Արմենին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզխորհրդի վերջին նիստում հայտարարել էր, որ պետական բյուջեից ՀՀ համայնքներին, մասնավորաբար՝ Տավուշի մարզի համայնքներին տրվող դոտացիան աճել է, իսկ որոշ համայնքների բյուջեն՝ նվազել: «Հասկանում եմ՝ համայնքների ղեկավարները դա անում են, որպեսզի փոքր բյուջե ունենալով՝ բարձր կատարողական ապահովեն»,- ասել էր Արմեն Գեւորգյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հանձնարարել դիմել առկա հնարավորությունների համեմատ փոքր բյուջե նախատեսած համայնքների ավագանիներին՝ տեղական բյուջեում սեփական եկամուտների չափն ավելացնելու առաջարկով: «Մարտի 1-ից հետո մենք պիտի իմանանք, որ առավել ազնիվ բյուջե ունենք»,- ասել էր Արմեն Գեւորգյանը:
Մենք էլ, մարտի 1-ից հետո դիմեցինք Տավուշի մարզպետարան՝ պարզելու, թե «մարզի 62 համայքներից որո՞նք էին, որ առկա հնարավորությունների համեմատ փոքր բյուջե են նախատեսել, սրանցից ո՞ր համայնքներին է դիմել մարզպետ Արմեն Ղուլարյանը, ի՞նչ է փոխվել մարզպետի միջամտությունից հետո, ի՞նչ է անում մարզպետարանը այսօրինակ երեւույթները բացառելու համար»: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանը թերի է: Չկար ամենակարեւորը՝ «առկա հնարավորությունների համեմատ փոքր բյուջե», կամ, պատկերավոր ասած, ծուլացած եւ իրենց ամենախելոքի տեղ դրած համայնքապետերի անունները: Մարզպետարանը պատասխանել է, որ տարածքային կառավարման նախարարի հանձնարարությունից հետո «Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը առաջարկել է բոլոր համայնքների ղեկավարներին կրկին վերլուծության ենթարկել սեփական եկամուտների եկամտատեսակների հավաքագրման իրատեսական  հնարավորությունները եւ անհրաժեշտության  դեպքում սահմանված կարգով 2010-ի տեղական բյուջեների եկամտային  եւ ծախսային  մասերում կատարել փոփոխություններ: Սույն թվականի մարտի 1-ի դրությամբ Տավուշի մարզի համայնքների կողմից ընդունված եւ վերանայված 2010 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հանրագումարը նախորդ տարվա հաշվարկային ցուցանիշների համեմատությամբ ավելացել է, իսկ մինչեւ վերանայումը այն պակաս էր 33,6 միլիոն դրամով»:
Մեզ հենց այնպես չէր հետաքրքրի «խորամանկ» համայնքապետերի անունները: Տավուշի մարզի 62 համայնքներից 42-ը կամ մոտ 70%-ը ղեկավարում են հանրապետականները: Հանրապետական են նաեւ Տավուշի մարզպետը, ՀՀ վարչապետն ու նախագահը, ՀՀ ԱԺ մեծամասնությունը: Մեծ է հավանականությունը, որ «խորամանկ» համայնքապետերի մեծ մասը էլի հանրապետականներն են: Ուրեմն, հանրապետական մարզպետը չի ուզում, որ հանրությունն իմանա, որ իր կուսակցական որոշ ընկերներ սկսել են վատ աշխատել: Ստացվում է, որ հանրապետական մարզպետի համար կարեւոր է կուսակցական շահը, ոչ թե պետական եւ համայնքային միջոցների արդյունավետ կառավարումը: Մեր հարցերի մի մասին առանց հիմնավորման չպատասխանելով, Տավուշի մարզպետարանը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Ենթադրե՞նք, որ հանրապետական մարզպետի համար կուսակցական շահը օրենքից էլ է վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել