Խոսքն այն անձանց մասին է, ովքեր, «քննելով» իշխանության պատվերով իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջով հարուցված քրեական գործը, այն կարճել են «մասնագիտական» հետեւյալ եզրահանգմամբ՝ հեղինակները վիրավորելու նպատակ չեն ունեցել, այդ կերպ արտահայտել են իրենց վերաբերմունքը պատգամավորի մասնագիտական գործունեության հանդեպ, հանցակազմ չկա: Առանց այն էլ ժողովրդի շրջանում հեղինակազրկված եւ վարչախմբի պահապանի անվանն արժանացած իրավապահների համար որքանո՞վ է ընդունելի, երբ իրենց գործընկերները դառնում են գործիք՝ զավեշտալի պատճառաբանություններով արդարացնելով ԱԺ պատգամավորի եւ երեք երեխաների մոր հանդեպ այդ քստմնելի հրապարակումները։ Թե՞ հարկատուներիս հաշվին սնվող իրավապահ համակարգի հազարավոր աշխատակիցները միամտաբար կարծում են, որ կանանց մերկ նկարների ցուցադրումների եւ ցինիկ արտահայտությունների մեջ հանցակազմ չտեսած իրենց գործընկերները երկրի ներսում կամ պետության սահմաններից դուրս բարձրացնում են համակարգի վստահելիության աստիճանը։ Իրավապահի համազգեստ կրողներն անգամ պետք է կանգ առնեն, երբ իջեցված պատվերը հատում է բարոյականության եւ արժանապատվության տարրական սահմանները: Անդրադառնալով կարճման որոշումը դատարանում բողոքարկած Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության հանգուցալուծմանը՝ պետք է ընդգծեմ, որ, ըստ իս, վարչախումբը կփորձի ճնշել գործը քննող դատավոր Գայանե Կարախանյանին՝ մերժելու պատգամավորի արդար եւ օրինական բողոքը, քանզի ցանկացած նորմալ մարդու համար էլ ակնհայտ է, որ հայցը պետք է բավարարվի:
Իսկ հնարավոր ճնշմանը կամ հրահանգին դատավորը կարող է եւ պարտավոր է հակադարձելու՝ վկայակոչելով.
– օրենքի տառը (նույնիսկ քննիչն ու դատախազն էին նշում, թե վիրավորանքն առկա է՝ ընդունելով նաեւ, որ պատգամավորը կարող է դիմել դատարան՝ գործարար համբավը վերականգնելու համար),
– խղճի ձայնը (չէ՞ որ դատավորն ինքն էլ կին է եւ չի կարող չհասկանալ այդ արգահատելի հրապարակումների անթաքույց ցինիզմը),
– վտանգավոր նախադեպը կանխելու՝ պետական պաշտոնյայի եւ օրենքի ներկայացուցչի պարտականությունը:
Թույլ տվեք՝ տվյալ գործով քննիչի եւ դատախազի «մասնագիտական ունակությանը» իմ վերաբերմունքը արտահայտեմ. նրանք գրված եւ չգրված բարոյական բոլոր նորմերն են վտանգի ենթարկում՝ պարտակելով քրեորեն պատժելի, իմ գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը նետված մարտահրավերը, որով իշխանությունն ապարդյուն փորձեց համահասարակական բարոյականության անկման «գործընթացի» մեկնարկման յուրատեսակ ազդակ հնչեցնել: Հատուկ շեշտում եմ, որ ես որեւէ մեկին դիտավորությամբ վիրավորանք հասցնելու նպատակ չունեմ, այլ պարզապես արտահայտում եմ իմ վերաբերմունքը՝ նրանց մասնագիտական գործունեության հանդեպ: