Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն. Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը» երեկ տարածել է հայտարարություն՝ կապված Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ:
«Հետեւելով ՀՀ վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատաքննության ընթացքին, ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել է ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ, չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է կողմերի միջեւ մրցակցության սկզբունքի կիրառումը, դատարանը բացեիբաց ճնշումներ է կիրառել պաշտպանական կողմի եւ նրա անմեղությունը ապացուցող վկաների նկատմամբ, հակառակը՝ ջանասիրորեն տեղի է տվել մեղադրող կողմից ներկայացվող, իրավագիտության համար անընդունելի որոշ «ապացույցների» եւ միջնորդությունների։ Նիկոլ Փաշինյանը հետապնդվել եւ շարունակվում է հետապնդվել իր քաղաքական հայացքների, ընդդիմությանը պատկանելու եւ իր ընդդիմադիր քաղաքական գործունեության համար,
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բոլոր որոշումները կայացվել են ոչ թե արդարադատության, դատական համակարգի կողմից, այլ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից։
Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ բոլոր այլ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվել է ոչ թե արդարադատություն, այլ քաղաքական հաշվեհարդար:
«Հայ քաղաքացիական հասարակություն. Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը» կոչ է անում ՀՀ վճռաբեկ դատարանին չկրկնել երկու դատարանների սխալները, կասեցնել ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանի նկատմամբ անարդարադատության իրականացումը, չընկրկել Հայաստանի քաղաքական իշխանությունների առջեւ եւ կայացնել արդարադատ որոշում՝ հանուն, այլ ոչ թե Ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։