Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 11,2010 00:00

Նկարչին դատապարտեցին

Բրիտանացի նկարիչ Մայքլ Դիքինսոնը Թուրքիայում դատարանի առջեւ է կանգնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի համար: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, Ստամբուլի դատարանը որոշել է, որ Էրդողանին կենդանու (շան) մարմնով պատկերելը վիրավորում է վարչապետի պատիվն ու արժանապատվությունը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Դիքինսոնին դատապարտել են 425 օրվա ազատազրկման, սակայն խափանման միջոցը փոխարինվել է տուգանքով:

Աղջիկների բռնաբարությունը հոր վրա են բարդել

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ մանրազնին հետաքննություն անցկացնել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի նկատմամբ՝ իրավապահ մարմինների խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ: Իրավապաշտպանները կոչ են արել պատժել մեղավորներին:
Ս. Դավթյանը ընդամենը ցանկացել է արդարություն՝ հայտնաբերել իր դստեր բռնաբարության մեղավորներին: Արդյունքում՝ հենց Ս. Դավթյանին են մեղադրել սեփական անչափահաս դուստրերին տանջելու եւ նրանցից մեկին բռնաբարելու համար, եւ նա բանտարկվել է 2009թ. մայիսի 8-ից մինչեւ 2010թ. փետրվարի 26-ը: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին Սաշա Դավթյանին արդարացրել է անչափահաս դստեր բռնաբարության մասով եւ դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ «խոշտանգման» հոդվածով: Դատավոր Ռուզան Բարսեղյանը կայացրել է դատավճիռ, որի համաձայն, անթույլատրելի է համարել այն փաստը, որ տուժածներից՝ Թ.-ից եւ Շ.-ից նախնական ցուցմունք է վերցվել: Դատարանում պարզվել է, որ ոստիկանությունը, խոշտանգումների եւ ծաղրուծանակի արդյունքում, աղջիկներից կորզել է իրեն հարկավոր ցուցմունքները:
Ս. Դավթյանը խոշտանգումների է ենթարկվել Կենտրոնի ոստիկանությունում եւ դատավարության ընթացքում այդ մասին հայտարարել է, թե կոտրել են ատամներն ու կողոսկրերը, եւ ինքն ստիպված է եղել ստորագրել իրեն ներկայացված փաստաթղթերը: Նշենք, որ իրավապաշտպանները, ովքեր բանտում այցելել են Սաշա Դավթյանին, նույնպես համոզվել են ապօրինության կապակցությամբ արված Դավթյանի հայտարարություններին:
Միջազգային իրավապաշտպանները Հայաստանի իշխանություններին կոչ են արել հայտնաբերել Սաշա Դավթյանի դստեր բռնաբարության իսկական մեղավորներին եւ նրանց պատժել օրենքին համապատասխան: Բացի այդ, իրավապաշտպանները պահանջում են վերստին սկսել Սաշա Դավթյանի գործի քննությունը՝ հաշվի չառնելով նրա նախկին ցուցմունքները, որոնք կորզվել են հոգեբանական եւ ֆիզիկական ներգործության միջոցով, եւ երաշխավորել արդար ու անաչառ դատ:

Թեղուտի գործով՝ մարտի 23-ին

Մարտի 23-ին Հայաստանի վարչական դատարանում լսվելու է «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության: «Էկոդար»-ը դատարանում բողոքարկում է պետական մարմինների մի շարք որոշումները, որոնք վերաբերում են «Vallex» ընկերությունների խմբի մեջ մտնող «ACP» ընկերության Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատմանը: Նախկինում արդեն երկու անգամ Վարչական դատարանը մերժել է այս հայցը: Սակայն, ի վերջո, ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքը եւ որպես հայցվոր կողմ է ճանաչել «Էկոդար» հասարակական կազմակերպությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել