Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ

Մարտ 11,2010 00:00

Երբեմն դատական համակարգը «զարմացնում է»՝ հանդես չգալով որպես իրավապահների կցորդ

\"\"

Երեկ «Առավոտը» ստացավ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում էր. «2010թ. մարտի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի եւ փաստաբան Արա Զոհրաբյանի համատեղ բողոքը՝ «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակից Արա Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորն առգրավելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Դելեյանի որոշան դեմ, որոշել է բողոքը ճանաչել հիմնավորված եւ վերացնել քննիչի որոշումը՝ համակարգչի պրոցեսորն առգրավելու մասով: Դատարանի որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշվել է հետեւյալը՝ “միաժամանակ դատարանը հիմնավորված է համարում բողոքող կողմի այն պատճառաբանությունը, որ պրոցեսորում պահպանվող, թիվ 12105210 քրեական գործին չառնչվող, այլ գործերով այլ վստահորդներին վերաբերող, փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք բերված կամ կազմված տեղեկատվությունը փաստաբանական գաղտնիք է, որի պահպանությունը երաշխավորված է միջազգային եւ ազգային օրենսդրության այն իրավանորմերով, որոնք թվարկված են բողոքում, նշված սահմանադրական երաշխիքների առումով դատարանը հիմնավորված է համարում բողոք բերողների այն պնդումը, որ համակարգչի պրոցեսորի առգրավմամբ հնարավորություն կարող է ստեղծվել բազմաթիվ վստահորդներին վերաբերող, փաստաբանական գործունեության իրականացմամբ ձեռք բերված եւ պահպանվող եւ օրենքով դրանց պաշտպանությունը երաշխավորված տեղեկատվության գաղտնիության իրավունքի խախտմանը:
Դատական այս ակտով փաստորեն կանխվեց Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գաղտնիքի խախտման այս նախադեպը չունեցող դրսեւորումը: Ակնհայտ է, որ քննիչի կողմից չգիտակցված Հայաստանի միջազգային հեղինակության վրա ստվեր գցող այս արարքի ողջ պատասխանատվությունը գիտակցեց դատական համակարգը եւ այս դեպքում իրեն պահեց որպես օբյեկտիվ արբիտր: Այս հարցն առաջին հայացքից կարող է փոքրիկ թվալ, բայց դա համակարգային հարց էր, եւ դրա վերաբերյալ դատական իշխանության դիրքորոշումը կարող էր մեծ ճեղքվածք առաջացնել հասարակություն-դատական համակարգ հարաբերությունների մեջ, որոնք այսօր էլ այդքան լավ չեն: Կարծում եմ, որ մենք՝ փաստաբաններս, պետք է խթանենք լավը»: Եվ որպես լավի խթանում՝ պարոն Զոհրաբյանն իր հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել դատական համակարգի՝ այս գործում դերակատարություն ունեցած պաշտոնյաներին, նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պարոն Ռուբեն Սահակյանին, ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Գրիգոր Բադիրյանին, գործընկեր-փաստաբաններին եւ լրագրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել