Աշխատանքային օրենսգրքի մոտ 109 հոդվածների փոփոխության նախաձեռնությունը քննարկման փուլում է: Երեկվա ասուլիսում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը օրենսգրքի փոփոխություններից կարեւորեց հատկապես աշխատավորների ներկայացուցչական գաղափարին վերաբերող կետը. «Բացի արհեստակցական միություններից, ցանկալի է, որ ձեռնարկություններն ունենան նաեւ աշխատավորների ներկայացուցիչների մարմին, որոնք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար, իսկ միջազգային կոնվենցիան պարտադրում է ներպետական օրենսդրություն, որ կարողանան աշխատավորների ներկայացուցիչների գործառույթը այդկերպ շրջանառության մեջ մտցնել»: Պարոն Հակոբյանը մի մտահոգություն ունի. արդյոք աշխատավորների ներկայացուցիչների գործառույթները կոնվենցիայում ներառելով՝ կհամարվի ներպետական օրենսդրություն, թե՞ այդ առումով առանձին օրենք է անհրաժեշտ ընդունել: Պարոն Հակոբյանը համաձայն չէ, թե նախատեսվող աշխատավորների ներկայացուցիչների մարմինը ձեւական բնույթ է կրելու, ինչպես, օրինակ, արհմիությունները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգին, նա ասաց. «Նորմալ երկրներում գոնե երկուսուկես աշխատող քաղաքացի պետք է մեկ թոշակառուի կենսաթոշակն ապահովի, այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է նկատել, որ մեր կենսաթոշակներն այսօր բարձր չեն կարող լինել, առավել եւս, երբ մենք ոչ միայն կենսաթոշակային ֆոնդն ենք ամբողջությամբ տրամադրում կենսաթոշակները վճարելու, այլեւ ուրիշ եկամուտներից էլ ենք ավելացնում վճարումները կատարելու համար»:
Պարոն Հակոբյանը աշխատող քաղաքացիներին հորդորեց իրենց գլխի ճարը տեսնել. «Սա երբեք չմոռանաք, պետություն-քաղաքացի հարաբերությունը 50:50 է, ինչքան պետք է պետությունը մտածի քաղաքացու մասին, այնքան էլ քաղաքացին պետք է մտածի իր մասին»: