Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միլանոն» էլ իրացրին

Մարտ 11,2010 00:00

Երեկ Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութ-սրահի ապրանքները հարկադիր ծառայության աշխատակիցները հանում էին, որ տարածքն ազատեն:

Ըստ ընկերության սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, չկա կնքված որեւէ երկկողմ պայմանագիր, ըստ որի՝ ինքը սուսուփուս տարածքը կազատեր, եւ այդ է պատճառը, որ գործին խառնվել է ԴԱՀԿ-ն: Բացի այդ, ըստ խանութի սեփականատիրոջ, կան նաեւ այլ անորոշ բաներ, օրինակ՝ այն, որ իր խանութը պատկանում է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին, որի հետ նույնպես որեւէ պայմանագիր չի կնքվել. «Խանութը եռահարկ է, տարածքը բաղկացած է երկու հատվածից, ունենք նաեւ նկուղ, սակայն չափագրվել եւ փոխհատուցման գումար է հաշվարկվել միայն մեկ հարկի համար»:
Հ. Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր հաճախորդը մի քանի անգամ դիմել է դատարան եւ տարածքի այժմյան սեփականատեր «Ավո ՖՄ» ՍՊԸ-ին, որ գումարները փոխանցվեն, որպեսզի նա կարողանա համարժեք տարածք գնել, գույքն էլ տեղափոխել, սակայն՝ ապարդյուն. «Նրանք հրաժարվել են պայմանագիր կնքել, քանի որ Կադաստրի պետական կոմիտեից տեղեկացել են, որ այն հողը, որի վրա գտնվում է շինությունը, պատկանում է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին, դրա փոխհատուցումն էլ հաշվարկված չի»: Չնայած նրան, որ «Միլանոյի» եւ «Ավո ՖՄ»-ի միջեւ արդեն տեւական ժամանակ դատական պրոցեսներ են ընթանում, սակայն վերջնական որոշում չկա: Ըստ փաստաբան Տ. Հայրապետյանի՝ իրենք անգամ տեղյակ էլ չեն եղել, որ հարկադիր կատարողներն իրենց այցելելու են. «Երեկ երեկոյան որոշում ենք ստացել, որտեղ նշված էր, որ պետք է վտարման գործողություններ իրականացվեն: Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված է, որ եթե պետությունը սեփականությունը վերցնում է հարկադրաբար, ապա նախքան գույքի վտարումը պետք է լինի համարժեք փոխհատուցում, այնուհետեւ երկու ամիս ժամանակ է տրամադրվում, որպեսզի համարժեք գույք գնի ու տեղափոխի: Խանութի սեփականատիրոջը տարածքն ազատելու համար 7-8 ժամ են տվել՝ գիշերվա ժամը 11-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը։ Բացի այդ, խանութը իրացնող կազմակերպությունը տարածքը գնահատել է շուկայականից ցածր գներով՝ 204 մլն դրամ, սակայն դա իրական շուկայական արժեքի 20-25%-ն է միայն»: Նա ավելացրեց, որ իրենք դիմել են դատական բոլոր ատյաններ, մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Նշենք, որ այս պրոցեսին արձագանքել էին նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Այդ առնչությամբ ընկերության փաստաբանն ասաց, որ այդ խումբը բացահայտ խախտումներ է արձանագրել, սակայն արագ արձագանքող խումբն այս պահին անզոր է Հայաստանում որեւէ հարց լուծել:
Ներկա էր նաեւ հարակադիր կատարողների մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, որը այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք կատարողական վարույթը վերսկսել են եւ այդ մասին որոշման իրազեկումն իրենց ուղարկվել է փոստով՝ մարտի 3-ին: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա Ռ. Գրդզելյանի հավաստմամբ, այդ գումարները ներկայումս դատարանի հաշվին են եւ սառեցված են այնքան ժամանակով, մինչեւ կողմերի միջեւ պայմանագիր չկնքվի:
Հիշեցնենք, որ «Միլանո» խանութի տարածքը եւ պահեստային տարածքը արդեն 2 տարի է, ինչ կառավարության կողմից հայտարարվել է գերակա շահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել