Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏԸ

Մարտ 11,2010 00:00

Դրանց միջոցով անչափահասներին ներքաշում են մարմնավաճառության մեջ

«Մենք մեր կենտրոնում մի երեխա ունենք, որը տանը կոնֆլիկտային իրավիճակ է ունեցել մոր հետ, ինչպես նաեւ մոր զուգընկերոջ կողմից բռնության է ենթարկվել եւ հենց այդ ժամանակահատվածը համընկել է մի կնոջից հեռախոսով «շքեղ» առաջարկ ստանալու հետ: Այդ երեխան գնացել է նրա հետ հանդիպման: Արդյունքում սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել, այդ կինն էլ դարձել է նրա կավատը: Ոստիկաններն ասում են, որ աղջիկը, միեւնույն է, դառնալու էր մարմնավաճառ, ես էլ եմ համաձայն, սակայն այդ առաջարկը նրա տնից դուրս գալու գործընթացն արագացրեց: Աղջիկը հիմա 15 տարեկան է: 3 տարի զբաղվել է մարմնավաճառությամբ»,- երեկ «Անվտանգ բջջային կապ. երեխաների կարողությունների զարգացման» ծրագրի քննարկման ժամանակ մեզ հետ զրույցում պատմեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կետրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը: Տիկին Անտոնյանի խոսքերով, այդ աղջիկը իր հեռախոսի մեջ ունի իր մշտական հաճախորդների ցուցակը. «Մենք նրանից վերցրել ենք հեռախոսը, փորձում ենք նրան բացատրել, թե ինչի համար ենք այդպես վարվում, սակայն նա կռվում է, հիստերիայի մեջ է ընկնում, որ հետ տանք հեռախոսը: Բայց եթե հեռախոսը վերադարձնենք, նրան անընդհատ կզանգեն, իսկ այդ դեպքում չենք կարողանա նրան օգնել, առանց նման կապերի նա լիովին կկենտրոնանա ռեաբիլիտացիայի վրա: Վտանգներից հեռու կմնա»:
Ինչ վերաբերում է երեխայի կավատին, որը անչափահասին դրդել է մարմնավաճառության՝ գումար վաստակելու նպատակով, ապա Մ. Անտոնյանը պատմեց, որ երեխան նրա հանդեպ ընդհանրապես չարացած չէ, ավելին. «Դուք կարծում եք նա ընդունո՞ւմ է, որ այդ կինը կավատ է: Նա ասում է, որ այդ կինը իր մորից լավն է: Հեռախոս, շոր ու բիժուտերիա է առել իր համար: Նա համարում է, որ այդ կինն իրեն օգնել է, փրկել է: Պետք է տեսնեք՝ ինչքան ծանր է տանում, որ իրեն համոզում ենք կավատի դեմ ցուցմունք տալ: Նա այնքան միամիտ է, որ չի հասկանում, որ իրեն շահագործել են: Նշեմ, որ նա միակը չէ, մենք միայն 2008-ին ունեցել ենք 32 անչափահաս մարմնավաճառ, իսկ դա լուրջ թիվ է: Ես չեմ կարծում, որ նոր տեխնոլոգիաները պատճառ են դարձել այդ թվերի ավելացմանը, ուղղակի դրանց միջոցով էլ են այդ երեխաներին ներքաշում նման գործողությունների մեջ, այսինքն, դա եւս նպաստում է, որ անչափահասները գնան սխալ ճանապարհով: Կարծում եմ, որ հեռախոսը կամ ինտերնետը չեն կարող այդ սխալի պատճառը լինել, դրանք ընդամենը հնարավորություն են»:
Նրա խոսքերով, հիմա ցանկացած օպերատորի բաժանորդ չափազանց բաց է, քանի որ ցանկացած ոք իր գովազդը տարածելու համար կարող է դիմել օպերատորներին, եւ նրա բաժանորդները կստանան այդ գովազդը. «Սակայն մեր խնդիրն է, որ բովանդակությամբ ոչ հարիր գովազդները ֆիլտրվեն եւ գոնե երեխաներին դրանք չհասնեն: Նույն խնդիրն է նաեւ ինտերնետային սոցիալական ցանցերում: Բոլորիս էլ հայտնի են վատ օրինակներ՝ այն մասին, որ սոցիալական ցանցերի միջոցով անընդհատ կռիվներ են լինում, մի քանի ամիս առաջ Գյումրիում 17-ամյա մի տղայի դանակահարեցին, ինչ է թե՝ ինչ-որ մեկի ընկերուհու հասցին վատ արտահայտություն էր արել ցանցում: Կան նաեւ դրական օրինակներ, շատ զույգեր կան, որ ամուսնացել են նույն ցանցի միջոցով ծանոթանալով: Շատ կարեւոր է հասկանալ, որ եթե անչափահասները ինտերնետի կամ բջջային հեռախոսի միջոցով ծանոթություններ են որոշել հաստատել, ես, որպես երեխաների խնդիրներով զբաղվող մարդ, իմ պարտքն եմ համարում զգուշացնել այդ ոլորտում առկա վտանգների մասին: Իսկ եթե երեխաները տեղյակ չեն նման խնդիրների մասին, ապա դա արդեն դառնում է նաեւ հանրության, ինչպես նաեւ բջջային օպերատորի խնդիրը: Դրա համար մենք այս խնդրի առաջին նշանները տեսնելով՝ որոշեցինք իրազեկելով պայքարել երեխաների իրավունքների նման ոտնահարումների դեմ: Շատ հաճախ երեխաները չեն էլ հասկանում՝ ինչպես է իրենց համար խաղալիք համարվող բջջային հեռախոսը դառնում վտանգավոր, օրինակ՝ երեխայի հեռախոսին կարող է գալ հաղորդագրություն մոտավորապես նման բովանդակությամբ՝ բացեք, այն ձեզ կհետաքրքրի, երեխան բացում է եւ հեռախոսի հաշվից մեծ գումար է գնում, չէ որ երեխան, հնարավոր է, տեղեկացված չէ, որ այդ էջը բացելով՝ իրենից գումար է գանձվելու: Կամ մեկ այլ դեպք, երբ երեխան առանց հետեւանքները պատկերացնելու՝ իր հեռախոսահամարը ժամանցային ծրագրերի միջոցով տրամադրի անծանոթի, իսկ հետո ստանա հիմար արտահայտություններով կամ սեռական բնույթի առաջարկներ եւ այլն»:

Հ. Գ. Քննարկմանը ներկա ոստիկանության ներկայացուցիչ Նելլի Դուրյանը, որը անչափահասների գծով մասնագետ է, հրաժարվեց «Առավոտի» որեւէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ իր հետ խոսելու համար պետք է ոստիկանության լրատվական բաժնից թույլտվություն ստանանք: Սակայն նշենք, որ քննարկումը բաց էր եւ սա այդ դեպքը չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել