Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կվերակառուցեն եւ գուցե՝ կառուցեն

Մարտ 11,2010 00:00

Ինչպես երեկ տեղեկացրել ենք՝ 2010-ից ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման 15 մլն եվրո արժողությամբ ծրագիր: 5 մլն եվրոն՝ որպես դրամաշնորհ, տրամադրում է ԵՄ հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Նախատեսվում է թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի եւ էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա եւ փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը: Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա կատարել էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն՝ ջրի դուրսմղման ծախսերի նվազման շնորհիվ, որոնք, ըստ մոտավոր հաշվարկների, կկրճատվեն 50%-ով: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ՝ EUR LIBOR+1% տոկոսադրույքով: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կարծիքով՝ «Սա նաեւ երեւանցիների ապահովության խնդիրն է, քանի որ բավական երկար ժամանակ մենք նույնիսկ հնարավորություն չենք ունեցել մտածել այս ծրագրի մասին: Այսուհետ՝ մոտ 30 տարի, մենք այլեւս չենք անհանգստանա Մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքների համար»:
Քաղաքապետն ասել է նաեւ, որ Մետրոպոլիտենից հեռացված ջուրը հետագայում կօգտագործվի մայրաքաղաքի ոռոգման աշխատանքների համար: Ըստ Գ. Բեգլարյանի՝ հավանականություն կա, որ 2011-ին էլ կարող է սկսվել Երեւանի Մետրոպոլիտենի երկու նոր կայարանների շինարարությունը. նախատեսվում է ավարտին հասցնել Աջափնյակ կայարանի կառուցումը, ինչպես նաեւ նոր մուտք եւ ելք բացել Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրա այս լավատեսությունը այնքան էլ չի կիսում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ով, ըստ «Արմինֆո» գործակալության, ասել է, թե Մետրոպոլիտենի տնտեսություններն աշխատանքային վիճակում պահելու նպատակով պետությունն ամեն տարի խոշոր սուբսիդիաներ է տրամադրում՝ «եւ ներկայումս կառավարությունը շատ զգույշ է վերաբերում նոր վարկեր ներգրավելու գաղափարին»: Իր հերթին Երեւանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ասել է, որ Երեւանի կենտրոնում նոր ելքի-մուտքի կառուցումն Աջափնյակ կայարանի վերջնական կառուցման նախագծի համեմատ պակաս ծախսատար է, այդ պատճառով՝ ավելի իրական: Դա կարժենա 30-40 մլն եվրո, այն դեպքում, երբ Աջափնյակ կայարանի կառուցումն ավարտին հասցնելու համար կպահանջվի 200 մլն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել