Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

Մարտ 11,2010 00:00

Փետրվարի վերջին Թուրքիայում հրապարակվեցին այնտեղ գտնվող հայ փախստականներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել էին Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի եւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ջանքերով: Ուսումնասիրությունների պարզաբանման վերաբերյալ հրապարակային ելույթով հանդես է եկել գրող-վերլուծաբան Ալին Օսինյանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները տեւել են հինգ ամիս՝ սկսվել են 2009 թվականի ապրիլին եւ ավարտվել նոյեմբերին: Ալին Օսինյանը նշել է, որ Թուրքիայում ապրող փախստական հայերի ճնշող մեծամասնությունը՝ 96%-ը, կանայք են:
Կա եւս մի հետաքրքրական տվյալ. Թուրքիայում հայ փախստականների մոտ 48%-ը Շիրակի բնակիչներ են: Այս թիվը վերլուծաբանին թույլ է տվել հայտնելու այն կարծիքը, որ Թուրքիայում հայերի հայտնվելու առաջին պատճառը 1988 թ. երկրաշարժն է եղել, դրան հաջորդած անբարենպաստ տնտեսական պայմանները, որոնց արդյունքում էլ հայերը, որպես փախստական բանվորներ, հայտնվել են Թուրքիայում:
«Ապօրինի բանվորները Թուրքիա են գալիս՝ Վրաստանի սահմանում ստանալով մեկամսյա մուտքի թույլտվություն: Այս փախստականների մեծամասնությունը՝ մոտ 96%-ը, կանայք են, իսկ միայն 4%-ը՝ տղամարդիկ: Դրա պատճառներից մեկն այն է, որ կանանց համար ավելի մեծ է աշխատանք գտնելու հավանականությունն ու հնարավորությունը: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները. կանանց 72%-ը տնայնագործներ են, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառողուհի, իսկ մնացած 4%-ը կատարում է տարաբնույթ աշխատանքներ: Նրանց ամսական աշխատավարձը տատանվում է $500-1000-ի սահմաններում: Տղամարդիկ կամ կոշկակարներ են, կամ ոսկերիչներ»,- ուսումնասիրությունների որոշ մանրամասներ է ներկայացրել Ալին Օսինյանը:
Հայտնի է նաեւ, որ, բացի Ստամբուլից, մեծ թիվ են կազմում Անկարայում եւ Անթալիայում աշխատող հայերը: Այս խնդրին անդրադառնալով՝ Օսինյանը նշել է, որ այս երկու քաղաքներում հայերն աշխատում են ժամանակավոր, քանի որ այստեղ աշխատանքն ի սկզբանե կրում է սեզոնային բնույթ:
Հայ փախստականների խնդիրն ունի եւ բարոյական, եւ հոգեբանական ենթատեքստ: Հայերի հետ հարցազրույցում վերլուծաբաններն անդրադարձել են այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք նախընտրում աշխատել ոչ թե հայի, այլ թուրք գործատիրոջ մոտ, հայերն էլ պատասխանել են. «Հայ գործատերերը իրենց հետ ավելի վատ են վարվում, քան թուրքերը: Սակայն վերջին շրջանում քանի որ բարձրացել է ցեղասպանության հարցը, թուրք գործատերերի կողմից նկատելի է սառը վերաբերմունք: Վերջերս փաստաթուղթ չունենալու քաշքշուկներից հոգնած, շատ հայեր վերադառնում են Հայաստան, որտեղեւ արժանանում են հայերի կողմից քննադատական վերաբերմունքի, թե ինչո՞ւ են Թուրքիա մեկնել աշխատանքի»,- ուսումնասիրողների հետ անկեղծացել են փախստականները:
Հայերը երբեք էլ իրենց ապահովված չեն զգացել Թուրքիայում: Դարեր շարունակ չնայած ապրել են կողք կողքի, սակայն մշտապես այս վախը հետեւել է ստվերի նման: Չպատճառաբանված չենք կարող կոչել այդ ներքին վախը, քանզի 15թ.-ին շատ հայեր սպանվեցին իրենց իսկ հարեւանի ձեռամբ: Այսօր էլ Թուրքիայում ապրող փախստական հայերն ունեն նույն վախն ու կանխապաշարումները, որովհետեւ այսօր էլ հանրության աչքերի առաջ բացեիբաց սպանվում են անմեղ քրիստոնյաներ: Դինքի սպանությունը հերթական ալեկոծությունների պատճառ հանդիսացավ, որին հետեւեց մի շարք հայերի վերադարձը՝ Հայաստան:
Դեռեւս Թուրքիայում ապրել շարունակողները այսօր կանգնած են մի շարք խնդիրների առաջ: Ամենակարեւոր խնդիրն այն երեխաներն են, որոնք ծնվելով Թուրքիայում, չունեն փաստացի գրանցում: Նախ նրանք չեն կարող օգտվել որեւէ կրթական հաստատությունից, հիվանդանոցից եւ այլ կենսական նշանակության կենտրոնից, իսկ, որ ամենահրատապն է, չունենալով փաստաթղթեր, նրանք չեն էլ կարող երբեւէ հատել Հայաստանի սահմանը ու վերադառնալ հայրենիք: Պաշտոնական տվյալներով, Թուրքիայում  է ծնվել 600-800 երեխա: Այս երեխաները չունեն ոչ հայկական եւ ոչ էլ թուրքական քաղաքացիություն: Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել