Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք ազատ եք՝ տարածելու, Հուսեյնովն էլ՝ արձագանքելու»

Մարտ 11,2010 00:00

Պատասխանել է Էնդրյու Մակինթոշը Նաիրա Զոհրաբյանին, սակայն հիշեցրել, որ ԵԽԽՎ-ն դատապարտել է ատելության քարոզչությունը:

\"\"\"\"

ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշը փետրվարի 24-ին պատասխանել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի փետրվարի 15-ի նամակին: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը նրան գրել էր. «ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներում հերթական անգամ խեղաթյուրել է ակնհայտ փաստեր եւ իրողություններ: Տեղյակ եմ, որ նշյալ փաստերը նա խեղաթյուրված ներկայացրել է նաեւ Ձեր գլխավորած հանձնաժողովի նիստում: Մասնավորապես, փորձել է խեղաթյուրել իմ կողմից Վեհաժողովի անդամ պետությունների ներկայացուցչություններին բաժանված՝ «21-րդ դարի վանդալները» եւ «Իսկական ողբերգություն» փաստական նյութերը՝ առաջնորդվելով իր երկրի ղեկավարության գործելաոճով՝ կեղծել պատմությունն ու ակնհայտ փաստերը: Ուզում եմ վստահ լինել, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող ու չպետք է ընդունելի լինեն այնպիսի մի կառույցում, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է: Ճշմարտությունը չի կարող մեկնաբանելի լինել, եւ փաստերն ամենախոսուն վկաներն են: Հավատում եմ Ձեր ողջամտությանը եւ վստահ եմ, որ Ձեզ համար եւս ճշմարտությունը բարձրագույն արժեք է: Կից կրկին ուղարկում եմ անհրաժեշտ փաստական նյութեր»:
Պատասխան նամակում, որի մի օրինակը Էնդրյու Մակինթոշն ուղարկել է նաեւ Հուսեյնովին՝ նշված է. «Վեհաժողովի անդամներն ազատ են բարձրաձայնել իրենց տեսակետները՝ լինի դա Վեհաժողովի քննարկումների, թե հանձնաժողովների նիստերի ընթացքում կամ Եվրոպայի Պալատի միջանցքներում: Դուք օգտագործել եք այդ ազատությունը՝ փաստաթղթեր տարածելու համար, իսկ Ռաֆայել Հուսեյնովն օգտագործել է նույն ազատությունը՝ դրանց բանավոր արձագանքելու համար մեր հանձնաժողովի նիստում: Սա խորհրդարանականի իրավունքի մասն է՝ արտահայտման ազատության: Այնուամենայնիվ, Վեհաժողովի կանոնակարգում արձանագրված են որոշ սահմանափակումներ: Քննարկումների ընթացքում չեն կարող օգտագործվել բառեր կամ արտահայտություններ, որոնք նսեմացնում են մարդու արժանապատվությունը կամ կարող են խաթարել քննարկման բնականոն ընթացքը (21.6 կետ): Որպես հանձնաժողովի նախագահ՝ ես կարծում եմ, որ պարոն Հուսեյնովի բառերը չեն խաթարել հանձնաժողովում քննարկումների ընթացքը եւ ոչ էլ վիրավորանք էին մարդու արժանապատվության նկատմամբ: Իհարկե, ես չեմ տեսել Ձեր փաստաթղթերը: Հանձնաժողովի նիստում ես պատասխանել եմ Հուսեյնովին, որ նիստերի դահլիճից դուրս փաստաթղթերի տարածումը քննարկման հարց չէ հանձնաժողովի համար:
Այս ավելի լայն համատեքստում թվում է, թե Վեհաժողովի 1416 (2005) բանաձեւի 11 կետը պարունակում էր իմաստուն հայտարարություն, թեեւ այն հասցեագրված էր մամուլին եւ ոչ խորհրդարանականներին. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի մամուլում ատելության ցանկացած դրսեւորում: Վեհաժողովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում խթանել իրենց ժողովուրդների միջեւ հաշտությունը, վստահության ամրապնդումը եւ փոխըմբռնումը՝ դպրոցների, համալսարանների ու ԶԼՄ-ների միջոցով։ Առանց նմանօրինակ հաշտեցման՝ ատելությունն ու անվստահությունը կխոչընդոտեն տարածաշրջանում կայունությունը եւ կարող են հանգեցնել նոր բռնությունների: Ցանկացած կայուն կարգավորում պետք է հաջորդի հաշտեցման նմանօրինակ գործընթացին եւ բխի այդ գործընթացից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել