Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Մարտ 11,2010 00:00

Այսպես է բացատրում գործարարների մղումը խորհրդարան ՀՀԿ խմբակցության ղեկավարը

\"\"\"\"

Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է գործարարներին զբաղվել պատգամավորական գործունեությամբ, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ այսօր մեր խորհրդարանի 131 պատգամավորների գոնե կեսը գործարար է եւ հսկայական հարստության տեր: Մերոնք ձեւը գտել են՝ հայտարարում են, թե իրենք գործարար չեն, բիզնես չունեն՝ իրենց անունը դնելով հիմնադիր-նախագահ կամ մեկ այլ բան, մտնում են խորհրդարան՝ իբր Սահմանադրություն չեն խախտել: Մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, թերեւս շատ բան ունենալով, ձգտում են որպես պերճանքի նմուշ պատգամավորական մանդատ եւս ունենալ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին որոշ աղջիկների ծնողներ, անպայման մղում էին բարձրագույն կրթության, որպեսզի օժիտի մեջ նաեւ համալսարանի դիպլոմ լինի: Այսօր խորհրդարանում գործարար-պատգամավորների պակաս չկա, անգամ ավելցուկ կա, եւ շատ հաճախ են լրագրողներն ականատես լինում, թե ինչպես այս կամ այն գործարար-պատգամավորը խորհրդարանի միջանցքներում հեռախոսով բարձր-բարձր բիզնես հարցեր է քննարկում կամ՝ խորհրդարանի ամբիոնից լոբբինգ անում հատկապես այն բիզնեսի օգտին, որը իր սեփականն է: Ըստ երեւույթին, հենց իշխանության ներսում այս հարցի հետ կապված որոշակի փոփոխություն է նախատեսվում, եւ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, եկող խորհրդարանում այսօր հայտնի օլիգարխ-գործարար-պատգամավորների անուններ չեն լինի: Ուրիշ խնդիր, որ նրանց փոխարեն խորհրդարան կգան նրանց արբանյակները, մարդիկ, ովքեր կներկայացնեն տվյալ գործարարի շահերը:
Արդեն իսկ բավականին հայտնի մի շարք գործարար-պատգամավորներ մասնավոր զրույցներում հայտարարում են, որ իրենք այլեւս չեն ուզում լինել պատգամավոր եւ եկող ընտրություններում չեն պատրաստվում առաջադրվել: ՀՀ նախագահը եւս անուղղակի հայտարարեց (ՎՊ-ի հետ հանդիպման ժամանակ), որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, իսկ ԱԺ նախագահը տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարեց, որ գործարար լինելու համար խելք է պետք, որպեսզի կարողանա բիզնեսը զարգացնել եւ ծաղկացնել, իսկ պատգամավոր ամեն մեկն էլ կարող է դառնալ: Խորհրդարանի բոլոր խմբակցություններում, բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, կան հայտնի եւ անհայտ գործարարներ, եւ գրեթե բոլորն էլ այսօր ավելին չեն անում, քան իրենք իրենց բիզնեսի համար տանիք լինելը եւ համապատասխան կոճակը սեղմելը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեր այսօրվա պատգամավորների մեջ կան «բաժնետերեր, որոնք գործարար եղել են, այսօր բաժնետեր են, եւ այստեղ օրենքի խախտում չկա: Միեւնույն ժամանակ, աշխարհում ընդունված բան է նաեւ ժողովրդավարության պայմաններում, որ գործարարները իրենց լոբբին պիտի ունենան խորհրդարանում, հատկապես տնտեսական-հարկային օրենքների նկատմամբ, եւ դա դրական եմ գնահատում: Բայց շատ լավ կլինի, որ ոչ թե գործարարները լինեն խորհրդարանում, այլ իրենց ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է նրան, որ անձամբ իրենք՝ գործարարներն են փորձում լինել խորհրդարանում, դա գալիս է նրանից, որ մեր երկրում դեռեւս մասնավոր սեփականության իրավունքը կատարյալ վիճակում չի գտնվում, եւ շատ հաճախ մուտքը նաեւ պաշտպանվածություն զգալու համար է»: Ըստ Գալուստ Սահակյանի, գործարարները մղվում են խորհրդարան թեկուզ այն պատճառով, որ ուզում են ստեղծել ազատ բիզնեսով զբաղվելու դաշտ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բոլոր երկրներում էլ գործարարները նախապես դեպի խորհրդարան են մղվել, եւ դա պայմանավորված է իրականությամբ: Հետագայում արդեն ձեւավորվում են այնպիսի խմբեր, որոնք արդեն մասնագիտական եւ քաղաքական առումով ներկայացնում են գործարարների շահերը խորհրդարաններում, եւ այդպես է եղել բոլոր զարգացող եւ ժամանակակից երկրներում: Ըստ Վարդան Բոստանջյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները (խոսքը հերթական ընտրությունների մասին է) դեռեւս այն ժամկետը չեն, երբ այլեւս գործարարներ չեն լինի խորհրդարանում. «Ես կարծում եմ՝ 2012-ը դեռեւս այն նիշը չի, որ գործարարները չմտնեն խորհրդարան, որքան էլ մենք խոսում ենք, հասկանում ենք, որ սա ըստ էության բարդ գործընթաց է, եւ չեմ կարծում, որ այդ գործընթացը միանգամից արդեն հասել է իր ավարտին, եւ 12 թվականին մենք ի զորու ենք լինելու այդպիսի փոփոխության: Որոշակի ժամանակահատված այդուհանդերձ մեզ պետք է, որպեսզի գործարարները իսկապես ցանկություն չարտահայտեն մտնելու խորհրդարան»: Մեր հարցին՝ արդյոք անձեռնմխելիության գործոնն այս հարցում էական նշանակություն ունի՞, պարոն Բոստանջյանը նկատեց. «Ինչո՞ւ չէ, նաեւ անձեռնմխելիության խնդիրը բացատրելու պարագայում է ստացվում, որ դու կատարել ես մի որեւէ հանցանք կամ հակաօրինական մի բան, բայց դրա համար չես ուզում քեզ նեղություն պատճառենք: Այդպիսի բան պետք է չլինի առողջ հասարակության մեջ: Ցանկացած ոգ, ինչ պայմաններում էլ որ լինի, եթե կատարել է ոչ օրինական քայլ, պետք է կրի համապատասխան պատասխանատվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել