Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին

Մարտ 11,2010 00:00

Պաշտոնական աղբյուրներն ասում են, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Ֆրանսիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցի շրջանակում երեկ կեսօրին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Թե կոնկրետ ինչ է խոսվել ղարաբաղյան հարցի շուրջ, պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում, բայց եւ չեն թաքցնում, որ երկու նախագահները խոսել են Ղարաբաղի մասին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը ասել է հետեւյալը. «ՀՀ նախագահի այցելությունը Ֆրանսիա եւս մեկ լավ առիթ էր՝ վերահաստատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, շարունակելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների ղեկավարների միջեւ: Սա նախագահների երրորդ հանդիպումն էր, եւ այս հանդիպումն էլ, ինչպես եւ նախորդները, անցավ շատ ջերմ, անկեղծ եւ փոխվստահության մթնոլորտում, ինչը բնորոշ է մեր երկու երկրների հարաբերություններին եւ բնորոշ է այն անձնական հարաբերություններին, որոնք հաստատվել են երկու երկրների ղեկավարների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային եւ միջազգային, մանրամասն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
Ամենից ուշագրավը պաշտոնական տեղեկատվության մեջ թերեւս այն է, որ Ֆրանսիայի նախագահը ՀՀ նախագահին պետական այցով հրավիրել է Ֆրանսիա, իսկ «ՀՀ նախագահը սիրով ընդունեց այդ հրավերը»: Իր հերթին Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին է պետական այցով հրավիրել Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել