Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՆՑԿԱՑՎԻ 2010-Ի ՀՈՒԼԻՍԻՆ

Մարտ 11,2010 00:00

ԵԽ նախարարների կոմիտեն նոր որոշում է հրապարակել Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ա1+»-ի գործով կայացրած
վճռի կատարման մասին՝ առաջարկելով ՀՀ կառավարությանը տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 2-4-ն անցկացրեցին Մարդու իրավունքներին նվիրված այս տարվա առաջին հանդիպումը: Նման հանդիպումների ընթացքում ավանդաբար անդրադառնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, իրավունքի հաստատված խախտումների հետեւանքների վերացման կապակցությամբ ձեռնարկված անհատական եւ ընդհանուր՝ օրենսդրական կամ այլ կանխարգելիչ միջոցների վերահսկողությանը: Նախապես հայտարարված օրակարգի համաձայն՝ այս հանդիպման ընթացքում անդրադառնալու էին 274 նոր գործերի, որոնց կատարումը խնդրահարույց է:
ԵԽ նախարարների կոմիտեն նաեւ անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ կայացված 6 վճիռների կատարման ընթացքին: Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունը միայն երեկ երեկոյան հրապարակեց այդ հանդիպման ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կայացրած առավել կարեւոր 25 որոշումները: Եվ մասնավորապես հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ 6 գործերից միայն մեկի՝ «Ա1+»-ի կամ «Մելտեքս» ընկերության ու Մեսրոպ Մովսեսյանի վճռի կատարման վերաբերյալ այս հանդիպման ընթացքում կայացված որոշումը: Մարտի 4-ին վերստին քննելով 2008-ի հունիսի 17-ին ՄԻԵԴ կայացրած այս վճռի կատարման ընթացքը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչները որոշել են՝ «Ընդունել ի գիտություն այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը՝ հաստատելով 2010 թվականի հուլիսին մրցույթի կայացումը, որին հնարավորություն կունենա մասնակցել դիմումատուն»: Այս համատեքստում որոշման մեջ վերստին հիշեցվել են այն երաշխավորություններն ու հայտարարությունները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է արտահայտման ազատության, ԶԼՄ-ների բազմակարծության ու բազմազանության վերաբերյալ: Նաեւ ընդգծել են մրցույթի անցկացման կարեւորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ վճռի կատարման կապակցությամբ. «Եվ ի գիտություն է ընդունվել կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ մինչեւ այդ ընթացակարգով խնդրի լուծմանը սպասելը, որեւէ այլ կերպ հնարավոր չէ հօգուտ դիմումատու ընկերության միջոցներ ձեռնարկելը, քանի որ ցանկացած այլ միջոց, բացի արդյունավետ ու թափանցիկ մրցույթի անցկացումից՝ կհանգեցնի իրավիճակի, որի ընթացքում կխախտվեն երրորդ անձանց իրավունքները»: Որոշմամբ առաջարկվել է Հայաստանի իշխանություններին ԵԽ նախարարների կոմիտեին տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի մասին: Եվ հիշեցրել են, որ «սպասում են մանրամասն տեղեկատվության՝ ներպետական իրավասու դատական իշխանությունների կողմից դիմումատուի իրավական պաշտպանության միջոցների առնչությամբ զարգացումների մասին»: ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է նաեւ այս հարցի քննարկմանը դարձյալ անդրադառնալ ամենաուշը 2010 թվականի սեպտեմբերին կայանալիք հանդիպման ընթացքում՝ «իշխանությունների կողմից ներկայացված տեղեկատվության լույսի ներքո»:
Հայաստանի վերաբերյալ այլ 5 վճիռների կատարման մասին որոշումները հրապարակվելու են 2 շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մարտի 25-ը: Դրանք եւս, ինչպես եւ «Ա1+»-ի վերաբերյալ վճռի կատարման մասին հարցը, քննվել են այն 4.2 ենթաբաժնում, որտեղ ի մի են բերված գործերը, որոնց վերաբերյալ բավարար անհատական միջոցներ չեն ձեռնարկվել կամ կան ընդհանուր խնդիրներ: Մնացած գործերն են՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Կիրակոսյանի, Մխիթարյանի եւ Թադեւոսյանի դիմումներով կայացված վճիռները, 2008 թվականի մայիսի 27-ին Սարուխանյանի եւ 2007-ի դեկտեմբերին «Պայքար եւ հաղթանակ» ընկերության գործերով կայացված վճիռները: «Պայքար եւ հաղթանակ» ընկերության գործով հաստատված է համարվել արդար դատաքննության իրավունքի խախտումը: Սարուխանյանի դեպքում՝ խախտվել է ընտրվելու իրավունքը, քանի որ Շենգավիթի դատարանը մերժել է որպես պատգամավորության թեկնածու նրա գրանցումը: Իսկ Կիրակոսյանի, Մխիթարյանի եւ Թադեւոսյանի դիմումներով կայացված վճիռները վերաբերում են 2003-2004 թվականների ընթացքում նրանց զազրախոսուծթյան մեղադրանքով 10 օրվա վարչական կալանքի ենթարկելիս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալուն:
Ի դեպ, ԵԽ նախարարների կոմիտեն այս հանդիպման ընթացքում որոշել է մինչեւ հունիս հետաձգել մի շարք վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը, որոնք էլի վերաբերում են հայերին, սակայն դիմումատուներն այլ երկրների քաղաքացիներ են: Այսպես, Վրաստանի վերաբերյալ հետաձգված 5 գործերից մեկը Դավթյանի վերաբերյալ դեռ 2006-ի հուլիսին կայացված վճիռն է: Նա բողոքել է, որ արդյունավետ չի հետազոտվել իր բողոքը 1999 թվականի հունիսին ձերբակալության ընթացքում ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի արժանանալու մասին:
Ի շարս Ռուսաստանի Դաշնության դեմ կայացված 140 վճիռների, որոնց կատարման քննությունն այս անգամ հետաձգվել է՝ ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչները հունիսի 1-3-ը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն նաեւ Ալեքսանյանի դիմումի վերաբերյալ 2008 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ կայացրած վճռի կատարման ընթացքը: Այս գործն էլ առնչվում է «անմարդկային եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքին». Ալեքսանյանը ՄԻԱՎ վարակակիր է, եւ նրա պնդմամբ՝ իշխանությունները ձերբակալության ընթացքում բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ հոգ տանելու իր առողջության մասին, եւ խախտելով ՄԻԵԴ 2 որոշումները ձեռնարկվելիք ժամանակավոր միջոցների մասին՝ նրան չեն տեղափոխել բժշկական հատուկ հաստատություն, որպեսզի նրան քննի այն բժշկական հանձնաժողովը, որում ներառված կլիներ իր ընտրած բժիշկը:

Հ. Գ. Այս հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՄԻԵԴ որոշումների կատարման վերաբերյալ 2009 թվականի տարեկան զեկույցի վերջնական նախագիծը: Ողջունելով Լեհաստանի նախաձեռնությունը՝ թարգմանել 2008-ի զեկույցը լեհերեն, որպեսզի ապահովվի դրա հնարավորինս լայն ու արդյունավետ տարածումը ներպետական մակարդակում՝ կոչ են արել այլ երկրների նույնպես հետեւել այդ նախաձեռնությանը: 2009-ի զեկույցը կընդունվի մարտի 16-ին, բայց հանրությանը հասանելի կդառնա ապրիլի 14-ից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել