Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

252 ԲԱՆԱՁԵՎՆ ԷԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴՆԵՐԻՑ

Մարտ 11,2010 00:00

ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համամիտ է, որ բանաձեւի
ընդունումը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

– ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո թուրքական կողմից սպառնալիքի նմանվող հայտարարություններ են հնչում, որ դա կարող է հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտ լինել: Ինչպե՞ս պետք է բանաձեւը խանգարի երկու երկրների միջեւ հարաբերությունների ստեղծմանը::
– Վերջին 10 տարիների ընթացքում սա համանման արդեն չորրորդ բանաձեւն է, բայց առաջին երեքն, ինչպես հայտնի է, այդպես էլ շարունակություն չունեցան: Բայց 252 բանաձեւն էապես տարբերվում է իր նախորդներից, որովհետեւ այն ժամանակներում այսպես սուր դրված չէր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, համաձայնագրեր ստորագրված չէին: Թուրքիան բոլոր ժամանակներում էլ սուր է արձագանքել, այժմ՝ ավելի, բայց Թուրքիայի կռիվն այս հարցում Հայաստանի հետ չի: Իրականում այս բանաձեւի ընդունման համար Թուրքիան իր հարցերը պետք է կարգավորի ԱՄՆ-ի հետ: Ներկայիս իրավիճակն, այո, էապես տարբերվում է նախորդներից: Ես էլ կարծում եմ, որ այդ բանաձեւը կխանգարի հարաբերությունների հետագա կարգավորմանը, գոնե այնքանով, որ այդպիսով Թուրքիան ավելի է հեռանում կարգավորման գործընթացից: Խնդիրների փոխկապակցվածության մասով մենք կարող ենք այդ հարցերը դիտարկել տարբեր հարթություններում, բայց Թուրքիայի իշխանության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից շատ ցավոտ է ընկալվում: Նրանք հասկանում են, որ դա կարող է հետեւանքներ բերել:
– Բանաձեւի ընդունումից հետո թուրքական եւ հայկական պատվիրակությունների այցելություններ եղան ՌԴ, որին հետեւեցին ֆրանսիական այցերն ու հանդիպումները: Բոլոր դեպքերում քննարկումների հիմնական թեման ԼՂՀ հարցն է: Ինչո՞ւ խնդրի արագ փոխատեղություն եղավ:
– Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը Մոսկվայում, Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ինքը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի: Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ստարտը տրվեց Մոսկվայում: Դրանք պատահականություններ չէին: Ինչպես պատահական չեն եւ միմյանց հետ կապված էին 252 բանաձեւի ընդունումից հետո թուրքական պատվիրակության այցը Մոսկվա, Ֆրանսիա մեկնելուց առաջ Նալբանդյանի նախնական կոնսուլտացիան Լավրովի հետ ու նոր Սարգսյանի ղեկավարած պատվիրակությանը միանալը: Դիվանագիտական նրբություններին անտեղյակ եմ, բայց Ֆրանսիա մեկնելուց առաջ Մեդվեդեւի հետ կոնսուլտացիան, կարծում եմ, կոռեկտ չէր, նույնիսկ անընդունելի էր: Կարծում եմ՝ Ֆրանսիայից հետո Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի հետ կհանդիպի. Սոչիի հանդիպումից հետո Մեդվեդեւն իր վրա վերցրեց ԼՂՀ խնդրի կարգավորման մեծ ֆունկցիաներ: Նա չի կարող դա կիսատ թողնել, պիտի շարունակի, քանի որ արդեն ՌԴ նախագահի եւ ռուսական պետության իմիջի խնդիրն է: Եթե նրան չհաջողվի որեւէ կերպ առաջընթաց ապահովել, ապա Մինսկի խմբում Ռուսաստանի դերն էականորեն կնվազի: Թե այդ ամենից Հայաստանն ի՞նչ կստանա՝ տեսնենք: Առաջիկա ամիսներին այնքան է բարձրանալու յուրաքանչյուր խոսքի արժեքը՝ կապված ԼՂՀ հարցի կարգավորման հետ, որ 100 տոկոսանոց վստահելի մարդիկ են անհրաժեշտ լինելու Սերժ Սարգսյանին: Թերեւս դրանով են նաեւ պայմանավորված հեռուստառադիո ոլորտում սպասվելիք փոփոխությունները: Սրանք ապացուցում են, որ Սերժ Սարգսյանը կաբինետային, ինտրիգային լուծումների է գնում՝ ժողովրդին ստեր մատուցելու ավանդույթը շարունակելու համար: Սրա ոտքերը կարճ են, այդպիսով հարցեր չեն լուծվում:
– Իբրեւ իրավիճակից ելք՝ հնարավոր համարո՞ւմ եք նախագահի հրաժարականը կամ գոնե խորհրդարանի ցրումը:
– Լուրջ, ռադիկալ լուծումներ են պետք: Կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն փոխի մեր երկրում: Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի համար նման լուծումներից ամենաանվտանգը նոր, ազատ, արդար, թափանցիկ նախագահական ընտրություններն են: Այս քաղաքական թիմի որդեգրած արտաքին քաղաքականությունը 12 տարվա ընթացքում երկու անգամ ֆիասկո է ապրել, իրենք իրենց երկու անգամ դավաճանել են. արդեն մոռացության  է մատնվել նրանց նախընտրական խոստումը՝ 8 հազար քառակուսի կիլոմետր անկախ Ղարաբաղի մասին, ավելին, հիմա գնում են մադրիդյան կամ նորացված մադրիդյան սկզբունքների, որոնք վճռում են Ղարաբաղի ճակատագիրը: Եթե Քոչարյանին հաջողվեց խնդիրը ինչ-ինչ կերպ 10 տարի ձգել, Սերժ Սարգսյանը նման ռեսուրս էլ արդեն չունի: Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար խիստ ճակատագրական պահ է, նույնքան ճակատագրական խնդիրներով՝ հայ-թուրքական եւ ԼՂՀ հարց: Վերջին 100 տարիների ընթացքում նման խնդիրներ չեն եղել: Հայ ժողովուրդը պետք է մասնակից լինի դրանց լուծմանը, իսկ մասնակցության ձեւը լեգիտիմ նախագահ եւ իշխանություն ունենալն է: Այս պարզ բաները չհասկանալը կամ չանելը միանշանակ դավաճանություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել