(Սկիզբը՝ նախորդ համարներում)
«Մոխրոտիկը» հեքիաթում խորթ մայրն ու քույրերը շարունակ դժվարացնում են Մոխրոտիկի ամուսնությունը:
Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ» հեքիաթում երեք քույրերից երկուսը խանգարում են երրորդի ամուսնանալուն, նրա երեխա ունենալուն, իսկ հետո էլ երեխայի կյանքի պահպանմանը: Գրեթե նույն սցենարն է զարգանում «Սալթան թագավորի մասին հեքիաթում», որը վերամշակվել է ռուսական միջավայրում:
Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Հովհաննես Շիրազը («Մոր սիրտը»), Ստ. Զորյանը («Խնձորենու այգին»), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանն ու այլք:
Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:
Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Պարզապես, սովորական մահկանացուների վարքն ու նկարագիրը հստակեցվել, խտացվել ու գունեղացվել է պայմանական կերպարներում:
Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթի հետ: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս՝ առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Կենցաղում եւս կանացի ագրեսիվությունը դրսեւորվում է գրեթե նույն մեխանիզմով, ինչպես վերը քննարկված օրինակներում: Օրինակ, ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք եւ, իհարկե, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ.
ա) սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է հասնել նրա՝ երկրորդական պլան մղվելու ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տնից հեռացվելուն, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր,
բ) հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է ծերացած կնոջն ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով եւ երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն նաեւ՝ ամուսնուն:
Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:
Ամուսնու քույրը մեծանալով՝ սկսում է կարոտով հիշել իր մանկությունը, իր երիտասարդության հետ կապված ամեն մանրուք ու հայրական տունը: Ափսոսում է, որ այլեւս հայրական տանը չէ ու հանկարծ նկատում է, որ այնտեղ այսօր բնադրվել է եղբոր կինը: Պայմանավորված անձնային հատկանիշներով՝ տալերից ոմանք կարող են նախանձել հարսին, ափսոսել իրենց եղբորը, ով կարող էր ավելի լավ աղջկա հետ ամուսնանալ, բայց նրա բախտը չի բերել, քանի որ այդ կինը ճաշ եփել ու լվացք անել չգիտի եւ այլն:
Շարունակելի