Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաք» թեմաներ

Մարտ 10,2010 00:00

Կրկին հեռուստաեթերի «բացերի» մասին

\"\"Երեկ Հանրային խորհրդին կից գործող՝ հեռուստաեթերի մոնիտորինգի եւ խորհրդատվության մշտական հանձնախմբի քննարկման առանցքում հեռուստատեսության ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտության հարցն էր, նաեւ քննարկեցին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական կողմերը կարգավորող հռչակագրի նախագիծն ու հայկական հեռուստաեթերի բարելավման միջանկյալ զեկույցի դրույթները: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքով, նախորդ ամիս հեռուստաեթերի շուրջ քննարկումները «ամենատաք» թեմաներից էին. «Նկատելի են դրական տեղաշարժեր եւ միտումներ, փաստորեն սա կղզիացած նախաձեռնություն չէր եւ հասարակության համարյա թե բոլոր խավերը մասնակցեցին: Մենք հետամուտ ենք, որ բարելավման գործընթացը տեղի ունենա փոխշահավետ սկզբունքով, այսինքն՝ ոչ թե մենք վերածվենք ինչ-որ քննադատող միակողմանի գործիքի, այլ ձեւավորենք ֆորումի ֆորմատ, որտեղ հնարավորություն կունենանք քննարկել, բանավիճել եւ առաջարկություններ ներկայացնել հեռուստաընկերությունների ղեկավարությանը»:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն էլ անդրադարձավ Ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտությանը. «Օրինակ, կազկոմիտեում պետք է ներգրավվեն հեղինակություն ունեցող մարդիկ եւ հիմնականում զբաղվեն կազմակերպչական հարցերով, կարեւոր գործոն է նաեւ հեռուստատեսության մասնագետների գերակշռումը: Ինչ վերաբերում է նոմինացիաներին, այս հարցում էլ առաջարկներ պետք է արվեն, եւ ներկայացվեն տարբեր նոմինացիաներ: Չպետք է կրկնօրինակենք այն նոմինացիաները, որ կան ռուսական ազգային մրցանակաբաշխությունում, հարկ է ունենանք մեր հեռուստաեթերին հատուկ նոմինացիաներ»:

Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանն ընդդիմացավ. «Փոխանակ որոշենք, թե ինչ միջոցներով կարգավորենք հեռուստաեթերի որակը, որը բարոյապես, մասնագիտորեն քանդված վիճակում է, քննարկում ենք, թե անտանելիների միջից տանելիներին ինչ մրցանակ տանք… Ո՛չ մի մրցանակ, ընկերներ, ես դեմ եմ որեւէ մրցանակաբաշխության անցկացմանը: Դրսում ավելի գրագետ են խոսում, քան հեռուստաեթերում, հենց հեռուստալրագրողներն ու հաղորդավարներն են լեզուն փչացնում: Մենք այս հարցերը պետք է քննարկենք, մինչդեռ ճիշտ հակառակ ծայրից ենք սկսել»: Պարոն Հովհաննիսյանը նաեւ առաջարկեց՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվածներին քննության կանչել եւ հավաստիացրեց, որ նրանցից քչերը հայերեն կկարողանան գրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել