Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը EXPO

Մարտ 10,2010 00:00

\"\"«Հենց մենք ամենաշատը կապ ունենք գեղեցկության, առողջապահության եւ դեղագործության հետ, քանի որ սպառողներին մենք ենք տրամադրում այդ ծառայությունները մատուցող ընկերությունների հասցեներն ու հեռախոսահամարները»,- մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է «Արեգ» տեղեկատուն ներկայացել օրերս Մարզահամերգային համալիրում անցկացվող «Առողջապահություն, դեղագործություն եւ գեղեցկություն» ցուցահանդեսին, այսպես պատասխանեց ընկերության տնօրեն Հայկ Պապյանը։ Ավելին՝ նա նաեւ մեզ ներկայացրեց իրենց «Տառասխալներն ուղղող ծրագիրը», որը նախատեսված է համակարգչի հայերեն տեքստերը ստուգելու եւ ուղղելու համար, ինչը նույնպես ցուցահանդեսի բնույթի հետ կարծես ոչ մի կապ չուներ։

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացած գրեթե բոլոր ընկերությունների ապրանքները ներկրված էին։

Օրինակ, իր բույսերն ու հողն էր ներկայացրել «Մարմարի աշխարհ» ընկերությունը: Նշենք, որ ընկերությունը ցուցահանդեսի ժամանակ բավականին մեծ թվով ծաղիկներ էր վաճառել, եւ դեռ հույս ունեին, որ կանանց միամսյակի ժամանակ էլ իրենց բույսերը մեծ սպառում կունենան, քանի որ արդեն համոզվել էին, որ իրենց շատերը ճանաչում են։

Ցուցահանդեսին իր բուժիչ կոսմետիկայով ներկայացել էր «Անասա» SPA կենտրոնը։ Ընկերության մենեջեր Թամարա Ազգալյանի հավաստմամբ՝ իրենց արտադրանքն առանձնանում է 100% բնական լինելով. «Մեզ մոտ ամեն ինչ պրոֆեսիոնալ է եւ բարձրակարգ, մարդկային գործոնն էլ նվազագույնի հասցված, իսկ գները չեն տարբերվում մնացած սրահների գներից»։ Նրանք իրենց ծառայություններին ավելի մոտիկից ծանոթանալու համար հրավիրում էին «Անասա» SPA՝ ասելով, որ այնտեղ իրենք կարող են փորձարկումներ անել եւ խորհրդատվություն տալ բոլորովին անվճար։

Դեկորատիվ կոսմետիկա ներկայացնող «FM Group» ընկերության տաղավարի դիմաց հսկայական հերթ էր առաջացել, քանի որ ընկերությունն իր բարիքները չէր խնայում եւ պրոֆեսիոնալ շպար էր անում բոլոր ցանկացողներին, ինչպես նաեւ խորհրդատվություն մատուցում։ Ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Անահիտ Առաքելյանն իրենց կոսմետիկայի մասին ասաց, որ դրանք ստեղծված են բնական հումքի վրա, oրինակ՝ «տուշերի հիմքը ածուխն է, իսկ ստվերաներկինը՝ ադամանդի փոշին»։

Հավելենք, որ դիզայնով առանձնանում էր «Լիդիա» վարագույրների սրահի տաղավարը, ընկերությունը ջանք ու եռանդ չէր խնայել իր ապրանքները հնարավորինս ցուցադրելու համար։ Նրանց դիզայներ Մարգարիտա Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրենց վարագույրներն այնքան էլ թանկ չեն:

Առանձնանում էր նաեւ «Հարսիկ» հարսանյանց սրահի տաղավարը, որտեղ ներկայացված հարսանեկան զգեստներն ու պարագաները մեծ հետաքրքրություն էին առաջացրել։

Մի հետաքրքիր սարքով հանդես էր եկել «Կոնցեռն էներգոմալ» ընկերության «Բելիս» դուստր ձեռնարկությունը, որոնց տաղավարից էլ ասացին, որ այդ սարքը նախատեսված է մարդկանց մաշկն առանց արեւի ճառագայթների մգեցնելու համար. «Սա սոլյարիի սարք չէ, սա աշխատում է ջրով, ավելի շուտ ինֆրակարմիր սաունա է, վիբրոմասաժ է անում, այս սարքի ներսում պառկելիս մարդիկ կարող են նաեւ երաժշտություն լսել»:

Հիգիենայի պարագաների արտադրությամբ եւ ներկրմամբ զբաղվող «Բելլա» ընկերությունն էլ ներկայացրել էր երեխաների տակդիրներից մինչեւ կանանց միջադիրներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել