Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՍԱՆ ԳԻՇԵ՞ՐՆ Է ԳԱԼԻՍ…

Մարտ 10,2010 00:00

Օրերս Նկարիչների միության դահլիճում բացվեց նկարչուհի-գոբելենագործ, մանկավարժության գիտությունների դոկտոր, Նկարիչների միության անդամ Անուշ Եղիազարյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ մարտի 12-ը: Նրա փոխանցմամբ՝ ինքը մինչ այդ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Երեւանում, Մոսկվայում, Փարիզում, Պլովդիվում, Պրահայում եւ արժանացել բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Նշենք, որ Ա. Եղիազարյանը գոբելենագործության բնագավառի ավանգարդիստական ուղղության ներկայացուցիչ է: Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված անհատական ցուցահանդեսի երկար սպասումը, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ գոբելենը ամենաաշխատատար արվեստն է համարվում: Ըստ այդմ՝ ամենաթանկարժեքը: Նույնիսկ մարդու կյանքը բավարար չէ անել մեկ սոլիդ ցուցահանդես՝ գոբելենային տեխնիկայով: Ես ցուցահանդեսին ներկայացել եմ 20 աշխատանքով»:

Հարցրինք, արդյո՞ք դեմ չի եղել մասնագիտության ընտրությանը հայրը՝ ժամանակակից հայ գոբելենագործության հիմնադիր, ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանը: «Ոչ, ընդհակառակը: Նա շատ ուրախ էր, որ ունի ժառանգորդ, իր գործը շարունակող»,- պատասխանեց Անուշը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հասցնում ստեղծել կոմպոզիցիաներ եւ միաժամանակ դասավանդել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է): «Իհարկե, բարդ է համատեղել, քանի որ օրվա մեծ մասը անց ես կացնում ամբիոնում եւ հետո հոգնած իջնում արվեստանոց, բայց երբ սկսում եմ աշխատել՝ հոգնությունս հանկարծակի անցնում է, ուժերս վերականգնվում են…»,- ասում է Ա. Եղիազարյանը: Ի դեպ, Անուշը ունի նաեւ արական սեռը ներկայացնող ուսանողներ: Նրա խոսքերով, իրեն հաջողվում է վերացնել տղաների մեջ եղած այն ստերեոտիպը, որ գոբելենագործությունը լոկ իգական սեռի ներկայացուցիչների համար է նախատեսված:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արվեստի մարդկանց՝ գիշերը աշխատելու ցանկությունը, արդյո՞ք մուսան նկարիչներին գիշերն է այցելում, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այստեղ մի քիչ լեգենդ կա, որ նկարիչների մուսան գալիս է գիշերը: Դա մի քիչ չափազանցություն է: Ամեն ինչ կապված է օրվա ռեժիմի հետ, թե ինչպես կհարմարեցնես, կարեւորը տրամադրությունն է»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե ի՞նչը կարող է ոգեւորել իրեն եւ դառնալ ոգեշնչման աղբյուր, ի պատասխան նա ավելացնում է.«Ինձ շատ են ոգեւորում ճանապարհորդությունները, երբ տեղափոխվում եմ մի նոր չտեսնված վայր, երկիր: Ճանապարհորդությունից հետո նոր եւ հետաքրքիր մտքեր են գալիս»;

Իսկ թե ի՞նչ երաժշտության ներքո են ծնվում Ա. Եղիազարյանի կոմպոզիցիաները, ասաց. «Նախ ասեմ, որ ունեմ երաժշտական կրթություն: Ավարտել եմ Էդ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, դաշնամուրի բաժինը: Երաժշտության առումով էլ ասեմ, որ ավելի երիտասարդ տարիքում ինձ ոգեւորում էր ռոքը: Բայց, ինչպես ասում են՝ տարիքի հետ փոխվում է նաեւ մարդու երաժշտական ճաշակը: Այսօր ավելի շատ հանգիստ երաժշտություն եմ սիրում, օրինակ՝ Շ. Ազնավուրի երգերն ու ընդհանրապես ֆրանսիական էստրադան»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է զրուցակիցս բաժանվում իր ստեղծած գործերից: Հայտնի բան է, որ նկարիչները, քանդակագործները դժվար են նվիրում կամ վաճառում իրենց ստեղծածը. «Նկարից բաժանվելը՝ դա նույնն է, թե քո զավակից բաժանվես, բայց նկարիչն ունի առաքելություն. նա անպայման պետք է բաժանվի իր նկարից, չէ՞ որ նա նկարում է հասարակության համար: Նա պարտավոր է բաժանվել, անկախ նրանից՝ ունի՞ ցանկություն, թե՝ ոչ…»,- եզրափակեց Ա. Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել