Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՎԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐՏԻ 8-Ը

Մարտ 10,2010 00:00

Առաջին թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքում հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտիները: Նա 12 ռաունդանոց մենամարտում միավորների պատկառելի առավելությամբ հաղթեց մեքսիկացի ծագող աստղ Ռոդրիգո Գերերոյին:

Պայքարի ավարտին կողային մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Վիկին՝ 120:108, 118:110, 117:111:

Ի տարբերություն Վիկի դեմ ելած իր նախորդ հայրենակիցների, երիտասարդ ու համեմատաբար պակաս մրցափորձ ունեցող Գերերոն մարտից առաջ, այդ թվում նաեւ՝ մամուլի ասուլիսում, հարգանքով էր արտահայտվում աշխարհի բացարձակ չեմպիոնի հասցեին, ինչի համար էլ արժանանում էր Վախթանգի համարժեք վերաբերմունքին: Սակայն Ռոդրիգոն միանգամայն այլ էր ռինգում: Ճիշտ է, Դարչինյան-Գերերո դիմակայությունում ֆավորիտը հայաստանցին էր, ու նրա հաղթանակին ոչ ոք չէր կասկածում (մարզասերների մեծամասնությունը ակնկալում էր Վիկի կատարմամբ հերթական նոկաուտի ականատեսը դառնալ), սակայն 22-ամյա երիտասարդը արժանի դիմադրություն էր ցույց տալիս: Եվ միայն այն, որ նա Վախթանգից ստացած բազմաթիվ հուժկու հարվածներից հետո ոչ միայն նոկդաուն չեղավ, այլեւ պարբերաբար հակագրոհներով փորձում էր նախաձեռնությունը խլել, արժանի է ամենայն հարգանքի: Գերերոյի այս որակները մարտից հետո գնահատեց նաեւ Դարչինյանը՝ մամուլի ասուլիսում հայտարարելով, որ եթե ինքը պատշաճ ձեւով նախապատրաստված չլիներ, եթե թերագնահատեր իր երիտասարդ մրցակցին, բացառված չէ, որ պարտվեր էլ: Ռոդրիգո Գերերոն իսկապես «հեշտ պատառ» չէր: Ու Վիկն այդ լավ գիտեր: Մեքսիկացին, որ մինչ այդ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր ընդամենը 15 մենամարտ, հասցրել էր պարտության մատնել այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են «բետոնե գլուխ» Խուան Ալբերտո Ռոսասը, աշխարհի չեմպիոնի կոչման եռակի հավակնորդ Լուիս Մալդոնադոն:

Իր հերթին մեքսիկացին մարտից հետո լրագրողներին ասաց, որ, բնականաբար, տխուր է պարտվելու համար: Սակայն, այդուհանդերձ, գոհ է նրանով, որ հանդիսականները տեսան իր ուժը, որ ինքը կարող է մենամարտել եւ պայքարել հաղթանակի համար:

Մարտի 8-ին Վախթանգ Դարչինյանը վերադարձավ Ավստրալիա: Սակայն մեկնելուց առաջ նա եւ իր անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը զանգեցին «Առավոտ» եւ թերթի միջոցով շնորհավորեցին ինչպես աշխատակցուհիների, այնպես էլ ամբողջ Հայաստանի կանանց ու աղջիկների մայրության եւ գեղեցկության տոնը:

Դոները վախենում է Վիկից

«BoxingScene» հանդեսը, վկայակոչելով Վախթանգ Դարչինյանին, տեղեկացնում է, որ, ըստ աշխարհի չեմպիոնի, WBA-ի տիտղոսի ժամանակավոր տիրակալ Նոնիտո Դոները վախենում է իր հետ ռեւանշ մրցամարտ անցկացնել: «Չեմ կարծում, թե նա պատրաստվում է ինձ հետ ռինգ մտնել: Ահա իմ չեմպիոնական երկու գոտիները: Եթե նա ինձ մեկ անգամ նոկաուտի է ենթարկել, ինչո՞ւ չի փորձում դրանք էլ վերցնել ինձանից: Այլեւս նրա անունը հիշատակել չեմ ցանկանում: Ես հիմա ուզում եմ բարձրանալ ավելի ծանր քաշային կարգ եւ մրցել աշխարհի լավագույն չեմպիոնների հետ»,- ասել է WBC/WBA չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել