Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանալ միմյանց ցավը»

Մարտ 10,2010 00:00

Բրիտանացի գրող եւ փորձագետ Թոմաս դե Վաալը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

«Հակամարտությունը կարգավորելու համար կողմերը պետք է հասկանան միմյանց ցավը»,- ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին այսպիսի կարծիք ունի բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ ղարաբաղյան հակամարտության փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ուսումնասիրությամբ հայտնի, այդ կապակցությամբ «Սեւ այգի» անվանումով գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ «Երեւան» հյուրանոցում կայացավ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականը եւ անիրականը» թեմայով քննարկում:

Քննարկման վարող, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը տեղեկացրեց, որ բրիտանացի լրագրողը վերջերս է վերադարձել Ադրբեջանից:

Թոմաս դե Վաալը ներկաներին փոխանցեց Ադրբեջանից ստացած իր հիացմունքը: Ըստ նրա, Ադրբեջանը Կասպից ծովի Դուբայն է՝ նոր շենքերով, հաճելի խանութներով…: Անդրադառնալով երկրի ներսում տիրող դրությանը, ղարաբաղյան հարցի նկատմամբ վերաբերմունքին, բանախոսը շեշտեց. «Այժմ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ ավելի դրական է խոսում, քան տարիներ առաջ… Շատ է արծածվում ժողովուրդների միջեւ շփումների, Ղարաբաղի հայերի հետ հարաբերությունների թեման»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին, Թ. դե Վաալը, ընդգծեց, որ նախկինում կարգավորման բոլոր փաստաթղթերը Ադրբեջանը մերժել է, Հայաստանը՝ ընդունել: Ըստ նրա, այժմ ամեն ինչ հակառակն է. «Ադրբեջանն ընդունում է, իսկ Հայաստանը կա՛մ լռում, կա՛մ մերժում է: Հնարավոր է, որ այդ թուղթը մի քիչ ավելի երկբա է, քան նախկինում, եւ միգուցե հենց դա է ադրբեջանցիներին դուր գալիս»:

Բանախոսը ներկայացնելով խաղաղության գործընթացի իր անձնական վերլուծությունը՝ ասաց. «Ղարաբաղի հարցում խաղաղությունը չի լինի միայն երկու նախագահների ստորագրությամբ՝ ընդհանուր սկզբունքների շուրջ: Հարմար տարբերակ է, երբ առաջարկվում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, ինչն ընդունելու պարագայում կողմերը կարող են հետագա բանակցության ընթացքում ամեն մեկն ինչ-որ չափով ստանալ իր ուզածը… պատկերավոր ասած՝ աթոռը, որպեսզի կանգուն լինի, պետք է չորս ոտք ունենա, մինչդեռ այժմ այն ունի ընդամենը երկուսը՝ բանակցային գործընթաց եւ պահպանվող հրադադար: Ընդ որում, երկրորդ ոտքն էլ երերուն է»: Մյուս երկու «ոտքերի» մասին ասաց. «Երրորդ ոտքը հետհակամարտային պլանավորումն է, որ ամբողջ Բալկանյան թերակղզում իրականացվեց՝ ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահություն, որը շատ կարեւոր է»: Ըստ նրա, ԵՄ-ն նույնը կարող է այս պարագայում էլ անել, ինչպես արել է Բալկաններում:

Ինչ վերաբերում է չորրորդ ոտքին՝ «դա ժողովուրդների միջեւ շփումներն են, որ նախկինում Բաքվում չէր ընկալվում, մերժվում էր, բայց այժմ այնտեղ սկսել են խոսել այդ մասին»:

Թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությանը, Թ. դե Վաալը հայտարարեց, իբր Հայաստանում էլ տարվում է հակաադրբեջանական քարոզչություն: Նա նաեւ գուժեց, որ առաջիկա 10 տարիներին Ադրբեջանը հանգիստ չի նստի, պատերազմ կսկսի՝ տարածքի խնդիր ունենալու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել