Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞վ է Զավեն Վարդանյանը»

Մարտ 10,2010 00:00

\"\"Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը դիրիժորին խորհուրդ է տալիս մեկ-մեկ օպերային թատրոն հաճախել՝ մաղձ թափելուց առաջ:

Վերջին օրերին մամուլում «հարձակումներ» են կատարվում Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի վրա՝ հետապնդելով, հավանաբար, նեղ անձնական շահեր եւ ոչ երբեք ստեղծագործական լուրջ խնդիրներ: Այս համոզմանն է օպերային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը: Հանդիպեցինք թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ Կամո Հովհաննիսյանին:

Կ. Հովհաննիսյանը նախ ներկայացրեց 1999թ. իր տնօրեն նշանակվելուց հետո թատրոնի խաղացանկի վերականգնումն ու նոր ներկայացումների ցանկը (թվով 10 օպերային եւ 5 բալետային բեմադրություն): Նա հիշեցրեց, որ իր նշանակվելուց մինչ 2003թ.՝ թատրոնում ընթացել են վերանորոգման աշխատանքներ: Ըստ մեր զրուցակցի, ստեղծագործական հսկայական ներուժ ունեցող եւ ամենօրյա տքնաջան աշխատանքով թատրոնի նվիրյալների կատարած գործը հանրության աչքի առջեւ է: «Ո՞վ է Զավեն Վարդանյանը, որ համարձակվում է դասեր տալ ստեղծագործական աշխատանքով զբաղված արվեստագետներին, որոնք տարիներ շարունակ անտեսելով երկրում ստեղծված ծանրագույն տարիները, կարողացել են պահպանել ու առաջ մղել մեր արվեստի ամենախոշոր օջախը, եւ այսօր ստեղծագործական նոր հաջողություններ են արձանագրում: Ուղիղ ասած՝ դիրիժոր Վարդանյանը, որին երաժշտասեր հասարակությունը հիշում է որպես Երեւանի կամերային նվագախմբի երբեմնի ղեկավարի, ժամանակին չկարողանալով հաղթահարել դժվարությունները, դարձավ շուրջ երկու տասնյակ երաժիշտներից կազմված խմբի կազմալուծման պատճառ,- ասաց պարոն Հովհաննիսյանը,- բարձր արժեքների մասին խոսելուց զատ, ի՞նչ է արել այս մարդը: Նա համարձակվում է այնպիսի հարցեր բարձրացնել, որոնց մասին պատկերացում անգամ չունի, քանի որ ստեղծագործական կյանքում երբեւէ կապ չի ունեցել օպերային թատրոնի հետ, ուստի գաղափար չունի վերջինի կառուցվածքից, աշխատանքային հնարավոր դժվարություններից ու դրանց հաղթահարման ճանապարհներից»:

Գնալով շուրջ 20 տարի հետ, օպերային թատրոնի տնօրենը հիշեց, թե ով կամ ինչը կարող էր խանգարել դիրիժորին, երբ նա 90-ականներին ուժերը փորձեց թատրոնում եւ ընդամենը մեկ օպերայի համերգային կատարումից ավելի ոչինչ չկարողացավ անել, չնայած իրեն տրված բոլոր հնարավորություններին:

Ըստ Կ. Հովհաննիսյանի՝ «Զ. Վարդանյանն ընդամենը մի քանի տարի Էկվադորում դասավանդելուց հետո վերադարձել ու հրաշքներ է պատմում արտերկրյա իր գործունեության մասին: Իհարկե, հավատում ենք, որ դրանք հրաշքներ են, քանի որ գավառային Կուենկա քաղաքում, ուր աշխատել է Վարդանյանը, օպերային ոչ մի թատրոն չկա ու չի էլ եղել, իսկ գործող սիմֆոնիկ նվագախումբ կա երկրի մեկ այլ՝ Գուայակիլ քաղաքում, որը տարիներ շարունակ ղեկավարում է հայաստանցի դիրիժոր Դավիթ Հարությունյանը»: Փաստորեն, ինչպես հավաստում է մեր զրուցակիցը, սուտը սուտ է ծնում սկզբունքով էլ շարունակում է «արարել» հավակնոտ «մտավորականը»՝ փորձելով ցույց տալ իր ոչ երկրային «իմաստնությունը». «Ուր է թե ազնվություն ունենար հաճախեր թատրոն կամ իր մաղձը թափելու փոխարեն տեսներ, թե քանի երիտասարդ ինչ զրկանքների գնով աշխատում ու ստեղծագործում են՝ մոռանալով իրենց գոյությունը չապահովող աշխատավարձի մասին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել