Ուղղակի մշակույթի նախարարը հետաձգում է դրա պատասխանը
«Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ 30-ից ավելի թատերական գործիչներ նամակով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել ռեժիսոր Արմեն Էլբակյանին: Նշել էինք նաեւ, որ առայսօր նախարարը չի պատասխանել թատերական գործիչներին, որովհետեւ Մայր թատրոնի ղեկավարի իր նախընտրելի թեկնածուն Արմեն Մազմանյանն է:
Մեր թերթի մարտի 5-ի համարում տպագրված «Էլի խուսանավեց» լուրում էլ ներկայացրել էինք նախարարի պարզաբանումը այս առիթով: Տիկին Պողոսյանն «Առավոտին» ասել էր, թե ինքը նման բովանդակությամբ նամակ չի ստացել, ուղղակի թատերական գործիչները մի առիթով նախարարությունում բարձրացրել են այդ հարցը: «Առավոտի» տրամադրության տակ է չարչրկված նամակի պատճենը՝ այն էլ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) բլանկով, թվագրված 11.01.2010թ., որի մի օրինակն էլ ԱԺ-ում է:
ՀՀ մշակույթի նախարարին ուղղված նամակում նշված է, որ ՀԹԳՄ-ի 2009թ. դեկտեմբերի 29-ին կայացած վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Մայր թատրոնի ներկա վիճակի, մասնավորապես՝ գեղարվեստական ղեկավար չունենալու հետ կապված խնդիրներ: «Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը այլեւս հետաձգել չի կարելի»,- ասվում է ՀՀ մշակույթի նախարարին ուղղված նամակում: ՀԹԳՄ վարչությունը Հ. Պողոսյանին առաջարկում է բեմադրիչ եւ դերասան Արմեն Էլբակյանին նշանակել այդ պաշտոնում, որպես հիմնավորում էլ հավելում, թե «Արմեն Էլբակյանը որպես անհատականություն կայացել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ իրականացրել է բարձրարժեք ներկայացումներ ու դերակատարումներ, քաջատեղյակ է թատրոնի ավանդույթներին, հստակ պատկերացում ունի առաջնահերթ ստեղծագործական քայլերի մասին, որոնք հարկավոր են թատրոնին ներկա փուլում… Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծագործական կորիզը կազմող մեծ թվով անվանի դերասաններ պաշտպանում են Արմեն Էլբակյանին գեղարվեստական ղեկավար նշանակելու առաջարկը»:
Ինչպես արդեն նշել ենք, նամակի տակ ստորագրել է 30-ից ավելի թատերական գործիչ: Նրանց թվում են՝ Սոս Սարգսյանը, Հակոբ Ղազանչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Կամո Հովհաննիսյանը, Կարեն Դուրգարյանը, Երվանդ Մանարյանը, Ազատ Գասպարյանը, Վիգեն Ստեփանյանը, Նարինե Մալյանը, Մուրադ Ջանիբեկյանը եւ ուրիշներ: Չի ստորագրել միայն Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, որը, որպես կանոն, իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Հ. Պողոսյանի հետ: