Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԵՐԵՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿՄՆԱ

Մարտ 10,2010 00:00

Ուկրաիներենը Ուկրաինայում միակ պետական լեզուն կլինի, երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ հավելելով, որ երկրում «անպայմանորեն կգործի ռեգիոնալ լեզուների Եվրոպական խարտիան»: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Յանուկովիչի գլխավորած կուսակցությունն ավելի վաղ պատրաստել էր մի օրինագիծ, որով տարածաշրջանային մակարդակներում ռուսերենին տրվելու էր պետական լեզվի կարգավիճակ, սակայն, ինչպես խոստովանել է նորընտիր նախագահը, դրա համար անհրաժեշտ է փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը: Ավելի վաղ ռուսաց լեզվին իրենց տարածաշրջաններում պաշտոնական կարգավիճակ տալու մասին հայտարարել էին նաեւ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի մարզային մի քանի խորհուրդներ: «Առաջնորդվելով լեզվի մասին Եվրոպական խարտիայով, մենք պատրաստել ենք օրենքի մի բավականին լավ նախագիծ, որը նախագահը կներկայացնի առաջիկա 15-20 օրերին: Այդ օրենքում ամրագրված են այն իրավունքները, որոնք ունեն մարզային խորհուրդները: Եթե որոշ մարզերում չեն ցանկանա ընդունել այդ օրենքը՝ թող չընդունեն, պետք էլ չէ»,- հայտարարել է «Ռեգիոնների կուսակցության» նախագահի տեղակալ Բորիս Կոլեսնիկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեռ 2009թ. սեպտեմբերին, Յանուկովիչը խոստացել էր օրենք ընդունել ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին, ինչի վերաբերյալ նա նաեւ ասել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, «Reuters»-ի փոխանցմամբ, Յանուկովիչը խոստացել է նաեւ չեղյալ համարել նախկին նախագահ Յուշչենկոյի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում եւ դրանից հետո «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության» առաջնորդ Ստեպան Բանդերային «Ուկրաինայի հերոսի» կոչում տալու որոշումը: Այդ կազմակերպությունը պատերազմի տարիներին պայքարել էր գերմանացի զավթիչների, իսկ պատերազմից հետո՝ կարմիրբանակայինների դեմ: Յուշչենկոյի այդ որոշումը քննադատել էին թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրամիությունը, իսկ Եվրախորհրդարանը դեռ փետրվարին Ուկրաինայի նոր ղեկավարությանը կոչ էր արել վերանայել այդ որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել