Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ժամանակակիցները՝ ավստրիական անթոլոգիայում

Մարտ 10,2010 00:00

Հերբերտ Մաուրերը թարգմանել է Հրանտ Մաթեւոսյանին, Վանո Սիրադեղյանին եւ այլոց

\"\"«Գրաբարը հիմք է հասկանալու համար այսօրվա հայերենը եւ հայ գրականությունը: Հայերենից գերմաներեն թարգմանելու համար էլ պետք է տեղեկություն ունենալ գրաբարից»,- կարծում է ավստրիացի ժամանակակից արձակագիր Հերբերտ Մաուրերը: Երեկ գրողը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողների հյուրն էր: Նա ներկայացրեց իր՝ 10 հայ ժամանակակից գրողների գործերից կազմված գերմաներեն թարգմանությամբ անթոլոգիան, որը 2000 օրինակով տպագրվել է Վիեննայում: Գրքում ներկայացված են Հրանտ Մաթեւոսյանի «Թափանցիկ օր», Արմեն Շեկոյանի «Մեռյալը» գործերը, Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» վիպակից մի հատված, Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան», Լեւոն Խեչոյանի «Երրորդ որդի» եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Ավստրիացի գրողը սկսել է գերմաներեն թարգմանել նաեւ Նարեկացուն, ասում է՝ 5-10 տարի կտեւի մինչեւ տպագրի: Գրքի եւ հայ գրականության մասին տեղեկացնելու համար նա համագործակցում է ավստրիական հեռուստատեսության հետ, հայ մշակույթի մասին նաեւ ֆիլմ է պատրաստել:

Պարոն Մաուրերը սովորել է Վենետիկում, Երուսաղեմում ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, փայլուն տիրապետում է հայերենին: «25 տարի առաջ մեծ մասամբ գրաբար եւ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն էի նվիրում ժամանակս»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է գրողը ու խոսելով Նարեկացու արվեստի մասին, հավելում. «Նա անհամեմատելի արժեք է միջազգային գրական ասպարեզում, համամարդկային նշանակություն ունի»:

Հարցրինք՝ ինչո՞վ է հայ ժամանակակից գրականությունը նրան հետաքրքրել. «Մի կողմից կա քննադատական վերաբերմունքը սովետական ժամանակների նկատմամբ, 70 տարին ազդեցություն, իհարկե, ունեցել է, բայց միեւնույն ժամանակ կա մոտիկությունն ազգային ավանդույթների հետ: Այստեղ ամենուրեք զգացվում է, որ տնտեսական վիճակը վատ է, գրականության վրա էլ է դա անդրադարձել»:

Հ. Մաուրերը հայերի մեջ հատկապես հումորն է գնահատում, իսկ հայերի համբերատարությանը որպես թերություն է վերաբերվում: Հայոց ցեղասպանությանը ծանոթ է, բայց գտնում է, որ հայոց պատմության մեջ կա ոչ միայն ցեղասպանություն. «Ցեղասպանությունը նույնիսկ պատմվածքներում կա: Բայց պետք է ավելի շատ ապագայի մասին մտածել, ձգտել առաջ նայել, անընդհատ ճակատագրի վրա լացելով՝ վիճակը չի փոխվելու»: Նա տեղյակ է նաեւ հայ-թուրքական արձանագրություններից եւ վերջին զարգացումներից, սակայն կարծում է, որ դրանք «անիմաստ, հիմար բաներ են, թյուրիմացություն: Այդ ստորագրությունները ոչ մի արժեք չունեն եւ ավելի շատ Թուրքիային են պետք, քան Հայաստանին: Եթե մինչեւ հիմա սահմանը չի բացվել, չի էլ բացվի, որովհետեւ այդ հարցը միշտ էլ Արցախի հետ է կապված եղել»: Պարոն Մաուրերը ասաց նաեւ, որ Ավստրիայի հայ համայնքը փոքր է ու կղզիացած: Իսկ նրան ուղեկցող գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ նշեց. «Երբ այս ժողովածուն նոյեմբերին ներկայացվում էր Վիեննայի գրքի միջազգային տոնավաճառում, ոչ մի հայ, հայկական դեսպանատան ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Եթե խաշի հրավիրված լինեին, երեւի կգային, եթե ռաբիս երգիչ գնար, հաստատ հայերը կգային նրան տեսնելու: Մեր մասին մեր պատկերացումը որպես մշակութային ազգի եւ այսօրվա իրողությունը չեն համապատասխանում: Ի դեպ, երբ Հերբերտի հետ հանդիպեցի Վիեննայի Մխիթարյան միաբանության առաջին հարկում, որը վարձով էր տրված, այնտեղ ռաբիս երաժշտություն էր հնչում, իսկ սեղանին էլ, ինչպես Երեւանում, բողկ էր դրված, բաստուրմա, «ստալիչնի» սալաթ… մենակ խորովածն էր ավելի վատը, քան այն, որ էստեղ է պատրաստվում… Ուզում եմ ասել, որ բոլոր «ավանդույթները» պահպանվում են, բացի մշակութայինից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել