Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐՔԵՐ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ

Մարտ 10,2010 00:00

\"\"Բանը հասել է Ազգային ժողովին

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Դրանք կամ կրում էին զուտ դեկլարատիվ- հայտարարությունների մակարդակի բնույթ, կամ սեփական գործընկերների հետ անհամաձայնություն հայտնաբերելու լավ առիթ: Ցավալի էր նաեւ այն, որ շատ դպրոցի տնօրեններ կամ ոլորտի մասնագետներ իրենց հարցերից ակամայից ցույց տվեցին այն, որ համակարգի մասին նույնիսկ տարրական պատկերացումներ չունեն: Օրինակ՝ հնչեց հարց՝ անհրաժե՞շտ է, որ, ենթադրենք, հումանիտար հոսք ընդունվող երեխան մաթեմատիկա կամ քիմիա սովորի, կամ՝ արդյո՞ք ուսուցումը ավագ դպրոցում պարտադիր է եւ այլն: ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ելույթն էլ պրովոկացիոն որակվեց շատերի կողմից: Փոխնախարարի մի շարք դիտարկումներից հետո դահլիճից հնչում էին խիստ դժգոհություններ: Ծանր տարան այն, որ պարոն Մկրտչյանը խորհրդային կրթական համակարգը անվանեց «այլանդակ»: Նա նաեւ նկատեց. «Այսօր ավագ դպրոցների ստեղծման իմաստն ու նշանակությունը շատ վատ է ընկալվում: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ավագ դպրոցում պիտի լինի մեկ կամ երկու հոսք, ոչ թե բոլոր տեսակի հոսքեր: Մենք հատուկ քաղաքականություն ենք վարում, որ ավագ դպրոցներում ընդհանուր հոսքեր չլինեն: Դրանք խոտանը ծածկելու համար են»: Իսկ ծնողների այն մտահոգությանը՝ եթե ավագ դպրոցը բնակավայրի տարածքում չէ, դժվարություն է առաջացնում երեխայի դպրոց հասնելու հետ կապված, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Դրա միակ պատճառն այն է, որ բոլոր դպրոցներն անորակ են եւ տարբերություն չկա, թե որտեղից է երեխան ատեստատ ստանում, ուստի ծնողը մտածում է՝ թող որ մեր բակի դպրոցը լինի, միեւնույն է, հետո պարապելու կտամ բուհի համար»: Բացասական ընդունվեց նաեւ Մ. Մկրտչյանի այն կարծիքը, որ կրթության որակը կախված չէ նրանից, թե ուսումնական խմբում քանի աշակերտ կա:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ պաշտպանելով այս կարծիքը, հետաքրքրվեց, թե ռազմավարական փոփոխություններ կլինե՞ն, քանի որ ավագ դպրոցի գաղափարը եւ ծրագիրը եղել է նախքան «Հանրակրթության մասին» օրենքի ստեղծումը: Փոխնախարարն ասաց, որ փոփոխություններ սպասվում են: Ավագ դպրոցների ընտրության չափանիշների մասին էլ պարոն Մկրտչյանն ասաց. «Մենք չունենք ընտրության հնարավորություն, այդ դպրոցները առանձնացվում են եւ տրվում են ԿԳՆ ենթակայությանը»: Տիկին Բախշյանն էլ արձագանքեց. «Վատ է, որ չունեք, քանի որ ընտրության ժամանակ լուրջ սկզբունքներ են խախտվել եւ կշարունակվեն խախտվել, եթե այս ռազմավարության չափորոշիչներով չընտրվեն ավագ դպրոցները»: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ անհարկի կրճատեցին ուսուցիչներ, առաջացավ կաշառքի ինստիտուտը, արդյունքում այսօր շուկայում գործում է 2000-3000 դոլար՝ ուսուցչի աշխատանքի ընդունվելու համար: Սա այլանդակություն է»:

Լսումների ժամանակ մի տեսակ «խռոված» էին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցի տնօրենները, քանի որ արդեն հայտնի է, որ Կենտրոնի խոշոր դպրոցներն էլ են փոխելու իրենց կարգավիճակը: Օրինակ՝ թիվ 114-ը կդառնա հիմնական: Զրուցեցինք վերջինիս տնօրեն Ռուզան Կոստանյանի հետ: Նա նշեց. «Դա ծրագիր է, որ պիտի իրականացվեր: Ինձ թվում էր, որ կային ավանդական դպրոցներ, որոնք կարելի էր պահպանել եւ չեմ կարծում, որ քաղաքում եթե 10-13 լավագույն դպրոցները պահպանվեին, ծրագիրը դրանից կտուժեր: Այժմ մենք հայտնվել ենք տխուր, անհասկանալի իրավիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել