Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԶՈԽԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՍԱԴԻԶՄ

Մարտ 10,2010 00:00

\"\"Երբ գրականագետները հաճույք են ստանում «մահվան տեսիլներից», դա մազոխիզմ է, երբ նույնն են պահանջում դպրոցականներից՝ սադիզմ:

Մեր հարեւանները՝ ադրբեջանցիները եւ վրացիները, մեզ՝ հայերիս, համարում են մազոխիստներ, իբր շատ ենք սիրում մենք մեզ տանջել ու լլկել, զոհի կերպարի մեջ մտնել, ողբերգականորեն տրամադրվել եւ ինքներս մեզ ոչնչացնել: Բնական է, որ մենք այդ կարծիքին չենք համաձայնում եւ վրդովվում ենք դրանից: Սակայն, որքան էլ զարմանալի եւ մանավանդ ցավալի է, հաճախ ենք առիթներ տալիս, որ կողքից նայողները մեզ իրավացիորեն իբրեւ մազոխիստ ընկալեն ու որակեն: Հերիք է, օրինակ, աչքի անցկացնենք մեր կրթության ծրագրերը, դասագրքերը, եւ ամեն ինչ պարզ կլինի:

Հայ գրականության մեջ, բնականաբար, մեծ տեղ է գրավում եղեռնի, հայոց ողբերգության եւ ընդհանրապես մարդու ողբերգության թեման: Բայց եթե մենք այդ թեմայով գրված ամեն ինչ լցնենք դասագրքերը, քրեստոմատիաները եւ երեխաներին ստիպենք կարդալ-ուսումնասիրել, ապա անվերապահորեն կարող ենք արձանագրել, որ հայոց եղեռնը շարունակվում է՝ այս անգամ ինքնաեղեռնի ձեւով:

Պարզ է՝ չի կարելի պատմությունը մոռանալ: Սերունդներին նաեւ վրեժի զգացումով պիտի դաստիարակել: Բայց չի կարելի մանկական զգայուն հոգիները խեղել ու ճզմել կոտորածների, բարբարոսական բռնարարքների ու դրանց հետեւանքների քստմնելի պատկերներով, որոնք ոչնչով չեն զիջում շատ երկրներում օրենքով արգելվող սարսափ ֆիլմերին: Այդպիսին է, օրինակ, Չարենցի «Դանթեական առասպելը»: Երեխաների համար անթույլատրելի չափի ողբերգականության շունչ ունեն նաեւ Պ. Սեւակի «Անլռելի զանգակատան» որոշ հատվածներ, Չարենցի «Մահվան տեսիլ» եւ «Անվերնագիր» («Իմ մահվան օրը») բանաստեղծությունները, «Պատմության քառուղիներով» պոեմը, Բակունցի «Մթնաձորը»: Դրանք իբր քիչ էին, հիմա էլ 12-ամյա կրթության նոր ծրագրերում տեղ են գտել նաեւ Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը (որ իր քստմնելի պատկերներով նույնիսկ գերազանցում է «Դանթեական առասպելին»), մյուս «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը (շնորհակալ լինենք Չարենցին, որ չորրորդ ու հինգերորդ «Մահվան տեսիլներ» էլ չի գրել), Սիամանթոյի «Հողին ձայնը», «Հոգիս», «Պարը», «Մահվան տեսիլքը» (բարեբախտաբար, սա Սիամանթոյի միակ «Մահվան տեսիլքն» է), Շիրազի «Հայոց դանթեականը», Համաստեղի «Զրույց շունի մը հետ»-ը:

Հետաքրքիր է՝ այսպիսի ծրագիր կազմողները, գրախոսողները եւ հաստատողները ուշադիր կարդացե՞լ են այս ամենը: Կամ իրենք երեխա ու թոռ չունե՞ն: Թե՞ նրանց հոգիներն այնքան են բթացել, որ այդօրինակ ընթերցանությունից միայն հիվանդագին հաճույք են զգում, ինչպես հարբեցողը՝ կոկորդն այրող օղուց, թմրամոլը՝ ասեղի ծակոցից եւ նյարդագարությունից:

Ինչպես տեսնում ենք, մեր գրականագետները կայֆ են բռնել «մահվան տեսիլների» եւ նման բաների վրա։ Սա մազոխիզմի բացահայտ ախտանիշ է։ Իսկ այն, որ դպրոցականներից են պահանջում նույն «հաճույքը» ստանալ դրանցից, արդեն սադիզմի ախտանիշ է։ Այստեղ արդեն գրականության ուսուցումը ազգային անվտանգության խնդրից վերածվում է առողջապահական խնդրի (մեր բժիշկ նախարարի աչքը լույս)…

Բայց, ինչպես երեւում է, այսքանն էլ ոմանց քիչ է թվացել: Եվ ահա 2009 թ. «Հայոց լեզվի եւ գրականության ուղեցույցում» դպրոցի ավարտական եւ միասնական քննության համար պահանջվող պարտադիր ընթերցանության նյութերի ցանկում Դ. Վարուժանի «Հարճը» չքնաղ պոեմի փոխարեն հայտնվել է նույն հեղինակի «Ջարդը» ծավալուն բանաստեղծությունը, որ եւս մի «սարսափ ֆիլմ» է:

Եկե՛ք մտածենք: Ցանկից հանվում է կենսասիրական ոգով տոգորված մի գեղեցիկ երկ եւ փոխարինվում է հոգեկան մթագնում առաջ բերող մի ողբերգական պատկերաշարով: Ո՞ւմ ճաշակն է սա, ո՞ւմ է սա ձեռնտու, ո՞վ է շահագրգռված, որ մեր մատաղ սերունդը միայն մղձավանջներով սնվի, ովքե՞ր են այն մտագարները, որ չեն ուզում վերջ տալ այս զառանցանքին: Սա հարցի գեղագիտական եւ հոգեբանամանկավարժական կողմն է:

Բայց կա նաեւ հարցի իրավական կողմը: «Հարճը» պոեմը՝ որպես Դ. Վարուժանի աշխարհայացքին եւ գեղագիտությանը բնորոշ երկ, իր արժանի եւ անհրաժեշտ տեղն ունի դպրոցական ծրագրում: Մինչդեռ «Ջարդը» չկա ծրագրում: Ո՞ր իրավունքով է ծրագրում տեղ չգտած երկը հայտնվել պարտադիր ընթերցանության ցանկում:

Մենք՝ հայերս, խելքներս թռցրե՞լ ենք՝ իսկապես վերածվելով մազոխիստների: Թե՞ մի ինչ-որ աներեւույթ ձեռք է գործում, որ սադիստաբար լլկում է մեր հոգիները: Իսկ մենք հլու-հնազանդ ենթարկվում ենք եւ կամավոր գնում դեպի սպանդանոց:

Ո՞վ կարող է պատասխան տալ այս հարցերին: Ո՞վ կարող է վերջ տալ այս կործանարար ընթացքին: Մենք ունե՞նք հասկացող եւ ազգասեր ղեկավարներ (օրինակ՝ ԿԳ նախարար), թե՞ նրանք նույնիսկ տեղյակ չեն այս ամենին: Թեեւ իրավականորեն, իհարկե, նրանք են այս ամենի պատվիրատուն…

Այն, որ Ժանսեմի՝ կոտորած պատկերող սահմռկեցուցիչ նկարները կախված են Ցեղասպանության թանգարանում, հասկանալի է եւ տեղին։ Բայց պատկերացնո՞ւմ եք, որ դրանք մշտական տեղ գտնեին մեր դպրոցների միջանցքների պատերին կամ ողողեին մեր կերպարվեստի դասագրքերը։ Արդյո՞ք հայ գրականության ծրագիր կազմողներն ու հաստատողներն իրենց տան պատերն այդպիսի նկարներով են զարդարում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել