Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քաղաքացու պատմություն

Մարտ 10,2010 00:00

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 70-ամյա Արեւհատ Կարապետյանի ճակատագիրը ոչ ոքի չի՞ հուզում

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի եւ նրա դստեր Գայանե Պողոսյանի մասին, սկսած 2006 թվականից, գրել են հայաստանյան մի շարք թերթեր՝ «Առավոտ», «Ազգ», «Գոլոս Արմենիի», «Չորրորդ ինքնիշխանություն» եւ այլն: «Առավոտը» ՀՀ այս քաղաքացիների խնդրին վերջին անգամ անդրադարձել է 2009թ. փետրվարի 14-ին՝ «Ուժայիններն ընդդեմ գյուղացու» եւ փետրվարի 20-ին՝ «Կասկածում են բանականությանը» հրապարակումներով: Հիշեցնենք, որ, ըստ Արեւհատ Կարապետյանի, ինքը դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի հալածանքների թիրախը. իրենից հող են խլում, փորձում են ոստիկանություն բերման ենթարկելու անվան տակ տնից դուրս հանել եւ սպանել: Ամեն ինչ անում են, որ 70-ամյա կնոջ կյանքը դառնա անտանելի:

Արեւհատ Կարապետյանը ավելի քան 150 բողոք է հղել տարբեր ատյաններ. սկսած Արարատի մարզպետարանից, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ կառավարություն: Փորձել է ՀՀ գլխավոր դատախազի ընդունելությանը արժանանալ՝ ապարդյուն: Այս բողոքներից հետո որոշ հովտաշատցիներ գյուղապետին նամակ են գրել, թե «մենք՝ որպես բարեկամներ, ամաչում ենք Ա. Կարապետյանի զրպարտություններից եւ հրաժարվում նրանից՝ որպես բարեկամ: Եթե նա շարունակի իր զրպարտությունները, ապա մենք կդիմենք համապատասխան մարմիններին՝ նրան գյուղից արտաքսելու համար»: Ի պատասխան՝ Արեւհատ Կարապետյանը նկատում է. «Թող ամբողջ գյուղից հարցուփորձ անեն, թե այսքան տարի Արեւհատն ում է վատություն արել, սա պարզապես գյուղապետի փրկության թուղթն է եւ մեզանից ազատվելու եւս մեկ փորձ»:

Այս փաստերը ուսումնասիրելու համար 2009-ի փետրվարին Հովտաշատ է այցելել ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, խոսել ե՛ւ բողոքավորի՝ Արեւհատ Կարապետյանի, ե՛ւ Մասիսի ոստիկանապետի հետ: Կառավարության ներկայացուցչի այցից հետո, սակայն, վիճակը առնվազն չի լավացել: Օրեր առաջ Արեւհատ Կարապետյանը այցելել էր խմբագրություն եւ պնդում էր, որ գյուղապետի թեթեւ ձեռամբ իր հողից նոր կտորներ են զավթվել ու տրվել այլոց: Ընդ որում, չափումներն արել են ոչ թե գյուղապետարանի, մարզպետարանի կամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետները, այլ… ոստիկանները:

Այս ամենից հետո Արեւհատ Կարապետյանը «Առավոտին» խնդրեց իր անունից բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արտգործնախարարին: Առաջին երկուսին Արեւհատ Կարապետյանը խնդրում է՝ «մեզ ազատել բռնություններից, դուք հարց չեք լուծում, եւ անմեղ մարդիկ ոչնչանում են»: Իսկ ՀՀ արտգործնախարարին Արեւհատ Կարապետյանը խնդրում է օգնել իրեն՝ դառնալ որեւէ երկրի քաղաքացի, մինչ Հայաստանում օրենքը կգործի եւ արդարություն կլինի:

Հ. Գ. Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանը հանրապետական է եւ այս պաշտոնին է արդեն 14 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել