Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Մարտ 10,2010 00:00

\"\"Հին Ագարակի հանքի ընդլայնման արդյունքում 17-րդ դարի հուշարձանը հայտնվել է կործանման եզրին

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները եւ պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է՝ վտանգում են 17-րդ դարի Ամենափրկիչ եկեղեցու հետագա գոյությունը: 400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքի՝ \"\"Հին Ագարակում է գտնվում, որտեղ ժամանակին ապրում էին ագարակցիները, նախքան ներկայիս Ագարակ քաղաքի կառուցումը: Բնակիչների նոր բնակավայր տեղափոխվելուց հետո Ամենափրկիչ եկեղեցին առայսօր շարունակում է կանգուն մնալ: Սակայն վերջին տարիներին, Ագարակի կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով, պատմամշակութային մեծ արժեք ունեցող եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում: «Հանքն ընդլայնվել է, եւ եկեղեցին հայտնվել է հանքի ամենաեզրին: Եկեղեցու հյուսիսային կողմից ուղղահայաց լանջը կտրել են եւ որեւէ պաշտպանական միջոց չի կառուցվել՝ հողի սողքը կանգնեցնելու համար: Պարբերաբար տեղի ունեցող սողքից խաթարվում է եկեղեցու կյանքը»,- ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: Այս մասին տիկին Աստղիկն արդեն 2 տարի ահազանգում-բարձրաձայնում է:

Եկեղեցուն սպառնացող վտանգից մտահոգված՝ տիկին Աստղիկը դեռեւս 2008 թվականին գրություն է ուղարկել կոմբինատի ղեկավարությանը: Կոմբինատի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Գեորգի Դեվաձեն պատասխան գրությամբ հայտնել էր, թե իրենք 2007 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Տարածքային կառավարման նախարարության հարավային սեյսմիկ ծառայության» ՊՈԱԿ-ին պատվիրել էին ուսումնասիրություններ անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ պայթեցումների ուժգնությունը կազմում է 2 բալ, իսկ դա շինություններում վնասներ եւ ավերածություններ չի առաջացնում: «Երբ ես զրուցեցի «Տարածքային կառավարման նախարարության հարավային սեյսմիկ ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, նա նշեց, որ ուսումնասիրությունների ժամանակ հիմնականում շեշտը դրված է եղել գյուղի բնակելի տների վրա, իսկ եկեղեցու ուղղությամբ մանրամասն աշխատանքներ չեն տարվել: Կուրիս գյուղը հանքից 1.5 կմ հեռու է, բացի այդ, գյուղի շինությունները 20-րդ դարում են կառուցվել, իսկ ահա եկեղեցին հանքի ուղիղ եզրին է եւ 17-րդ դարում կառուցված: ՊՈԱԿ-ի տնօրենն ինձ ասաց նաեւ, որ պարզելու համար, թե հանքում իրականացվող աշխատանքները բացասական ազդեցություն թողնո՞ւմ են եկեղեցու վրա, անհրաժեշտ է ուսումնասիրությունների իրականացման նոր պատվեր: Դա արդեն իմ ուժերից վեր է: Բայց որ եկեղեցու կյանքին վտանգ է սպառնում, դա փաստ է»,- նշում է Աստղիկ Հակոբյանը:

Խնդրի մասին Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետը տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Մարզ այցելած հանձնաժողովը կոմբինատի տնօրինության հետ եկեղեցի այցելելուց հետո, ձեռնարկությանը որոշակի պահանջներ է ներկայացրել: Ըստ զրուցակցիս՝ Գեորգի Դեվաձեն խոստացել էր հարցը քննարկել տնօրենների խորհրդում: «Այնուհետեւ սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, կոմբինատի ղեկավարությունը փոխվեց, իսկ եկեղեցին էլ այսպես մնաց անմխիթար վիճակում: Մեր պահանջն այն է, որ գոնե հենապատ կառուցեն՝ հողի դեմն առնելու համար»,- ասում է զրուցակիցս:

Հ. Գ. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի վերակառուցման համար նախատեսվում է ներդնել 18-22 միլիոն ԱՄՆ դոլար, «Արմինֆոյին» ասել է նախագծի գլխավոր ինժեներ Սերգեյ Ռոպեյկոն: Ըստ նրա, ծրագիրը կիրականացվի 2-3 տարում ու կբերի արտադրվող արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը եւ կատարված ծախսերի փոխհատուցմանը: Ներդրումներն ուղղվելու են հարստացման ֆաբրիկայի վերակառուցմանը եւ ֆաբրիկայի գլխավոր շենքի կառուցմանը: Փոշու քանակի իջեցման նպատակով կփոխարինվեն ասպիրացիոն համակարգերը, կտեղադրվեն ռեագենտների ժամանակակից ինդոզատորներ, որոնք կբացառեն թունավոր նյութերի արտահոսքը, նոր ֆլոտացիոն սարքավորումների վրա կտեղակայվեն առավել արդյունավետ օդափոխման համակարգեր, ինչը աշխատանքի առավել լավ պայմաններ կապահովի: Իսկ կործանվող եկեղեցու մասին՝ ոչ մի խոսք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել