Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ

Մարտ 10,2010 00:00

Երեկ քրեական վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Մարգո Սիմոնյան, Արշակ Խաչատրյան կազմով հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1-ի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի որոշումը: Որոշման հրապարակման ժամանակ դատարանում չէին մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը: Դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների հունվարի 19-ի դատավճիռը, կիրառելով ԱԺ «Համաներման կիրառման մասին» որոշումը, ինչը կիսով չափ կրճատեց Ն.Փաշինյանի պատժի չկրած մասը: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կմնա անազատության մեջ 3 տարի 1 ամիս: «Մենք իրենց համաներմանը չէինք սպասում, որովհետեւ Նիկոլը հանցագործություն չի կատարել: Մենք արդարացման դատավճիռ ենք ակնկալել, իսկ համաներումը պետք է աներ ընդհանուր իրավասության դատարանը: Ես դատարանի այս որոշումը համարում եմ խայտառակ եւ ապօրինի»,- ասաց Ն.Փաշինյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը: Վերջինս լրագրողներին նաեւ հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում կբողոքարկի քրեական վերաքննիչ դատարանի այս որոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել