Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չունեմ, որտեղի՞ց տամ»

Մարտ 10,2010 00:00

Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ապա յուրաքանչյուրիս անձնական գործն է եւ հրապարակման ենթակա չէ: Սակայն, եթե հասկանանք, որ ընտանեկան բռնությունը չի կարող բացասական հետեւանք չունենալ հասարակության վրա՝ խոչընդոտելով զարգացմանն ու առաջընթացին, ապա պարզ կդառնա, որ այս խնդրի մասին պետք է բարձրաձայնել, դատապարտել եւ պայքարել դրա դեմ: «Կանանց իրավունքների կենտրոն» հ/կ-ն իր գործունեության ընթացքում պարբերաբար շփվում է ընտանեկան բռնության դեպքերի հետ, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն է ցուցաբերում բռնության ենթարկվածներին:

2008թ.-ին ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձան բազմաթիվ դեպքեր, որոնք առնչվում էին ընտանիքում կանանց իրավունքների ոտնահարմանը, մասնավորապես՝ այնպիսի կանանց, ովքեր ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական եւ նույնիսկ սեռական բռնության՝ իրենց իսկ կողակցի կողմից:

Ուսումնասիրության արդյունքում այս անգամ մեր կողմից ուշադրության արժանացավ Աբովյան քաղաքի բնակչուհի Ս. Գ.-ն, ում նկատմամբ կատարվել է ընտանեկան բռնություն (ֆիզիկական, հոգեբանական): 4 անչափահաս երեխաների մայրը ամուսնության ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության: Ինչպես պարզվեց, Ս. Գ.-ի ամուսինը հարբեցող էր եւ պարբերաբար ծեծի էր ենթարկում նրան՝ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշում գործադրելով Ս. Գ.-ի եւ երեխաների նկատմամբ:

2008 թ.-ին Ս. Գ.-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ամուսնուց ապրուստի միջոց բռնագանձել՝ հօգուտ 4 անչափահաս երեխաների: Դատարանի վճռով յուրաքանչյուր երեխայի համար բռնագանձվեց ամսական 10 000-ական ՀՀ դրամ: Ալիմենտի բռնագանձումը սկսվել է 17.09.2008 թ.-ից, սակայն ամուսնու՝ բավարար նյութական միջոցներ չունենալու պատճառով մինչ օրս ալիմենտի վճարում չի կատարվել:

2009թ.-ին Ս. Գ.-ն, դիմելով դատարան, պահանջել է լուծել իր եւ ամուսնու միջեւ կնքված ամուսնությունը, քանի որ համատեղ ապրելն այլեւս անհնար էր: Դատարանը բավարարել է Ս. Գ.-ի պահանջը, եւ այժմ նա իր անչափահաս երեխաների հետ բնակվում է ծնողների մոտ:

Անդրադառնալով ալիմենտին՝ նշենք, որ չվճարված գումարի համար Ս. Գ.-ն դիմել է ԴԱՀԿ ծառայություն՝ պահանջելով լուծում տալ այս խնդրին: Վերջինս Ս. Գ.-ի նախկին ամուսնուն պատկանող հողատարածքի նկատմամբ սահմանել է կալանք՝ հետագայում դրա վաճառքից կնոջը գումար հատկացնելու վերաբերյալ: Ս. Գ.-ն բազմիցս դիմել է տարբեր ատյաններ՝ խնդրելով լուծում տալ իր եւ իր երեխաների գոյատեւման հարցին: Բայց ամեն ինչ ապարդյուն է. ոմանք ոչ միայն չեն օգնում, այլեւ խանգարում են նրա խախտված իրավունքների վերականգնմանը: Մինչ այսօր Ս. Գ.-ն պայքարելով՝ ոչնչի չհասավ, եւ նա ինչպես պետք է արդարացնի իր երեխաներին նրանց հոր անգործությունը՝ ապրուստի միջոց չտրամադրելը:

Պարտավորություններից խուսափելը դարձել է հարցի լուծում՝ «չունեմ, որտեղի՞ց տամ» արտահայտության կիրառմամբ: Արդյո՞ք երեխայի համար այս արտահայտությունը ընդունելի է եւ բավարար՝ «կշտանալու» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել