Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

Մարտ 10,2010 00:00

Վանաձորաբնակ ընկերներ Արման Հախոյանին ու Աշոտ Պապիկյանին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նրանք մեղադրվում են թմրանյութ պատրաստելու մեջ՝ այն էլ խոշոր չափերով:

Ամբաստանյալները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում, մեղադրանքները շինծու են համարում եւ սուտ:

Այդ մասին նրանք պատմեցին դատաքննության ժամանակ:

2009թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանության աշխատակիցներն ամբաստանյալ Արման Հախոյանի հորեղբոր բնակարանից, ուր այդ պահին գտնվելիս են եղել ընկերները, առգրավել են լուծույթ, որի մեջ, համաձայն դատաբժշկական փորձաքննության, հայտնաբերվել է 0,641 գրամ կոդեին տեսակի թմրանյութ:

Դատարանին ամբաստանյալները բացատրեցին, որ առողջական խնդիրներից ելնելով՝ օգտագործում են ցավազրկող միջոցներ, մասնավորապես սեդալգին տեսակի դեղամիջոց: Սեդալգինը պարունակում է 0,10 գրամ կոդեին տեսակի թմրակտիվ բաղադրատարր:

Նախորդ տարվա ապրիլին Արման Հախոյանի ուսը վիրահատվել է: Ուժեղ ցավերին դիմանալու համար նա երկար ժամանակ օգտագործել է տարբեր ցավազրկող միջոցներ, այդ թվում՝ սեդալգին: Արման Հախոյանի լյարդն էլ է հիվանդ:

Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը նշեց, որ ամբաստանյալների արտաթորանքի մեջ կոդեին է հայտնաբերվել: Ընդ որում, առգրավված լուծույթի մեջ հայտնաբերված կոդեինի չափաբաժինը սահմանվածից շատ է:

Ըստ մեղադրական եզրակացության, ընկերները գնել են մեկ տուփ սեդալգին, որը պարունակում է 40 հաբ: Ստացվում է՝ լուծույթի մեջ ենթադրվող 0,400 գրամ կոդեինի փոխարեն հայտնաբերվել է 0,641 գրամ:

Ամբաստանյալների արտաթորանքի մեջ հայտնաբերված կոդեինի գոյությունը, սակայն, բացատրում են նրանով, որ երկար ժամանակ են ցավազրկող միջոցներ օգտագործում: Իսկ լուծույթի մեջ հայտնաբերված կոդեինի քանակի մեծությունը, ըստ նրանց, քիմիական ռեակցիայի արդյունք է:

Աշոտ Պապիկյանի լյարդն էլ է հիվանդ: Արման Հախոյանն ու Աշոտ Պապիկյանը պնդում են, որ իրենք երբեւէ թմրանյութ չեն պատրաստել ու չեն օգտագործել, ցուցմունքներն էլ, որ տվել են առգրավման պահին, ոստիկանության աշխատակիցների սպառնալիքների արդյունք են:

«Ծեծեցին, ջարդեցին, ստիպեցին, թե՝ դուք սեդալգինի լուծույթի մեջ սոդա լցրեք, ընդունեք, որ պատրաստել եք, բաց կթողնենք»,- պատմում էին ամբաստանյալները դատարանում:

«Վախից ընդունեցինք մեր չարածը,- շարունակում են բացատրել նրանք,- ո՞ւմ գլխին ատրճանակ պահեն, որ չխոստովանի: Լենինի մահն էլ մեր վրա կվերցնեինք»:

Խոստացածի համաձայն՝ ամբաստանյալներին այդ օրը հանգիստ են թողել:

Դեպքից 20 օր հետո, սակայն, ոստիկանները հիշեցրել են իրենց մասին:

«Այս անգամ էլ քննիչը մեզ խաբեց,- ասում են նրանք ու շարունակում պնդել,- մեզ դեղ խմելու համար կալանավորում են, բայց ոստիկանության աշխատակիցների անօրինականությունների առաջ աչք են փակում»:

Դատաքննությունը դեռ շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել