Մեր երկրում կանայք եւ տղամարդիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, ինչը նաեւ միջազգային պարտավորություն է: Եվ որպեսզի Հայաստանում գենդերային հավասարություն լինի ու այն ամրագրվի օրենքով, «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը մոտ ապագայում ներկայացվելու է ԱԺ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ միայն օրենքի պահանջով կարելի է կանանց ներգրավել Ազգային ժողով: Այսօր խորհրդարանում աշխատող 131 պատգամավորից միայն 12-ն է կին: Իսկ ՀՀ կառավարության վիճակն ավելի վատ է. ընդամենը 2 կին նախարար ունենք:
«Կնոջ ներկայությունը օրենսդիր մարմնում թուլացնում է լարվածությունը եւ ներդաշնակություն բերում»,- նման կարծիք հայտնեց Ա. Բաղդասարյանը՝ Մարտի 8-ին կանանց հիմնախնդիրների թեմայով ՕԵԿ-ի գրասենյակում հրավիրված քննարկման ժամանակ: ՕԵԿ նախագահի համոզմամբ, կանանց խնդիրների նկատմամբ մեր երկրում անլուրջ եւ երկրորդական մոտեցում կա, ըստ նրա. «Հայ կինը, հատկապես գյուղական վայրերում, շատ վատ է ապրում: Գյուղաբնակ տղամարդկանց 22%-ը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ ընտանիքի ողջ հոգսն ընկնում է կանանց ուսերին: Հայաստանյան գյուղապետերի միայն 2%-ն է կին, իսկ դրան հակառակ՝ գյուղապետարաններում աշխատողների մեծ մասը կանայք են: Այսինքն՝ կանանց ներգրավվածությունը մեծ է այնտեղ, որտեղ պատասխանատու աշխատանքը քիչ է»:
Ա. Բաղդասարյանի խոսքերով, այսօր խնդիր է նաեւ 45-65 տարեկան կանանց՝ աշխատաշուկա ներգրավելու հարցը. «Այդ տարիքի կանայք նույնպես մատնված են անուշադրության, նրանք ամենաանպաշտպան խումբն են, եւ այդ տարիքի կանանց 70%-ը գործազուրկ է»: