Ինչի համար էլ «Տաքսի 1»-ի բաժնետերերը կառավարության շենքի դիմաց երեկ ցույց էին կազմակերպել:
Նրանք կառավարությունից պահանջում էին, որ իրենց տնօրեն Դավիթ Ղազարյանին թույլ չտան իրենց հիմնարկը քանդել: Ընկերության 50 «վաուչերի» տեր Անդրանիկ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այս ընկերությունում է աշխատում դեռեւս 1963 թվականից. «Իսկ հիմա մեր ընկերության ղեկավարը, որն ընկերությանն ընդամենը 20%-ով է տիրապետում, առանց ժողովների, առանց հաշվի առնելու մյուս բաժնետերերի կարծիքը, մեր չուգունե կոնստրուկցիաները կտրել է ու վաճառել, սառնարան է գնել: Ժողով պետք է լինի, նոր միայն նման բաներ արվեն, սակայն նա ասում է, որ ինքը միապետ է եւ ինչ ուզի՝ կանի: Մոյկան էլ է քանդել: Աչքն էլ դրել է մեր տարածքի վրա, որ մեզ այնտեղից հանի, մեզ ասում է, որ մեր «վաուչերներն» անվարձահատույց տանք իրեն եւ այդպես շարունակենք աշխատել: Բայց հիմա փակել է ընկերության դարպասները եւ թույլ չի տալիս մեզ աշխատել»: Ընկերության տնօրենն իր աշխատակիցներից պահանջում է վարձավճարները մոտ 30%-ով բարձրացնել. «Մենք ամսական պլան ենք տալիս 78 հազար դրամ, իսկ դրանից ստանում ենք ընդամենը 29 100 դրամ: Հիմա ասում է, որ իրեն վճարենք 90 հազար դրամ: Ամեն անգամ խաբում է, որ տանիքը պետք է վերանորոգի, գազ պետք է քաշի, նոր միայն մեր գումարները կտա, երբ դիվիդենդներ ստանա, մեզ էլ բաժին կհասցնի, սակայն ամբողջը սուտ է, ինչու պետք է դիվիդենդներ տան մեր մասնավոր ընկերությանը: Հիմա մենք կառավարությունից պահանջում ենք, որ չքանդվի մեր հիմնարկը, որ կարողանանք աշխատել եւ մեր ընտանիքները պահել: Մենք մեր հարկերը ժամանակին վճարում ենք եւ պահանջում ենք, որ շարունակենք աշխատել»: Ընկերության բաժնետերերը դիմել են նաեւ իրենց տնօրենին, որպեսզի պարզեն, թե ինչու է նա այդպես վարվում, տնօրենը աշխատակիցներին պատասխանել է, որ ինքը գործում է օրենքի սահմաններում:
Ըստ աշխատակիցների՝ տնօրենի նպատակն է փակել ավտոտեխսպասարկում իրականացնող հիմնարկը եւ տեղը բացել մրգերի վերամշակման ձեռնարկություն: «Մենք նրան նշանակել ենք ընկերության տնօրեն, առանց մտավախության, քանի որ նա ընկերության ընդամենը 20%-ի բաժնետերն է»,- ներկայացնում էին ցույցի մասնակիցները:
Չնայած ակցիայի 45 մասնակիցները 5-6 ժամ մնացել էին կառավարության շենքի առջեւ, նրանց դժգոհությանը ոչ ոք չէր արձագանքել: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են այսօր եւս ներկայանալ՝ նույն դժգոհությունները բարձրաձայնելու: